Վորդպրեսի օպտիմալացման ուղեցույց

WordPress.org-ից ներբեռնված, մեր սերվերում տեղադրված և կենդանի կայքի վերածված Վորդպրեսը հիրավի նման է տաղանդաշատ մի երիտասարդի, որը, սակայն, կատարելագործվելու տեղ ունի:
Վորդպրեսը հրաշալի բլոգ ծրագիր է. այն պրակտիկ է և հզոր: Բայց որ ամենակարևորն է՝ վորդպրեսը բավականին ճկուն է, որպեսզի լիարժեք հարմարեցվի մեր կարիքներին:
Այս վեբ ծրագիրը նախատեսված է ստեղծագործելու համար, սակայն մենք կարող ենք ոչ միայն գրել, այլ նաև օգնել ինքներս մեզ, որպեսզի շատերին հասնի մեր գրառումները:
Ինքս բավականին երկար ժամանակ երկմտում էի՝ անցնե՞լ վորդպրեսին, թե՞ ոչ: Անկեղծ ասած, ավելի շատ ինձ հուզում էր ոչ թե վորդպրեսի հնարավորությունները, այլ այն, որ ստիպված եմ լինելու ընտելանալ, սովորել և ժամեր հատկացնել նոր ծրագրին լիարժեք տիրապետելու համար:
Հետաքրքիր մի խոսք կա. ամենալավ ծրագիրն այն է, որին ամենալավն ես տիրապետում: Այս իմաստով, վորդպրեսը հեշտ ընկալելի է, նաև՝ խիստ ճկուն: Եվ վորդպրես սովորելն էլ մեծ դժվարություն չի ներկայացնում, եթե ունես հարցեր տալու և այդ հարցերի պատասխանները գտնելու ձգում:
Սակայն, դժվարությունը միայն վորդպրեսը քեզ հարմարացնելու մեջ չէ: Մեզ ավելի դժվար գործեր են սպասում. իսկ ինչպե՞ս քո միտքը, ստեղծագործությունները, հոդվածները, ապրանքներն ու ծառայությունները հասցնել վերջնական սպառողին՝ ընթերցողին, այցելուներին, հաճախորդներին ու գնորդներին:
Ի վերջո, ինչպե՞ս հասնել քո լսարանին:
Այս ուղեցույցում ես մի կողմ կթողնեմ մեր բլոգի առանձին բաժնում խմբավորված կայքի առաջմղման և քարոչության տարբեր հնարքները: Ոչ էլ խոսք կգնա սոցիալական ցանցերի միջոցով կայքի առաջխաղացման մոտեցումների մասին:
Ես կանդրադառնամ միայն վորդպրեսի՝ որպես բլոգ-համակարգի օպտիմալացման հարցերին և միասին կդիտարկենք այն տեխնիկական լուծումները, որոնց միջոցով Ձեր բլոգը կստանա գուգլում (և ոչ միայն գուգլում) բարձր դիրք գրավելու ելակետային շահավետ վիճակ:
Այս իմաստով, մենք կօգնենք ինքներս մեզ, որպեսզի մեր գրառումները, առցանց աշխատանքները և, ընդհանուր առմամբ, ինտերնետին նվիրած ջանքերը դառնան արդյունավետ: Որպեսզի գուգլը «սիրի» մեր բլոգը և ներկայացնի մեր իսկ աշխատանքները հարյուրավոր ու հազարավոր անծանոթ մարդկանց:
Վորդպրեսը մեզ հարմարեցնելու համար, նախ եկեք տեսնենք, թե ինչպիսի կառուցվածք ունի այս վեբ ծրագիրը:
Վորդպրեսի երկու՝ «թաքնված» և «տեսանելի» կողմերը
Վորդպրեսի այսպիսի «տրամաբանական» բաժանումը թույլ կտա հասկանալ ծրագրի աշխատանքը և կայացնել մեր բլոգի օպտիմալացման ճիշտ որոշումներ:
Վորդպրեսը վեբ ծրագիր է, որն ամեն վայրկյան «պատրաստ է դիմավորելու» մեր այցելուներին և ներկայացնելու նրանց մեր կայքը: Սակայն մարդիկ տեսնում են վորդպրեսի միայն վերջնական արդյունքը՝ այն, ինչ պատկերվում է նրանց բրաուզերում:
Այս տեսանկյունից դիտելիս, վորդպրեսը սխեմատիկորեն կարելի է բաժանել երկու մասի՝ «թաքնված» (back end) և «տեսանելի» (front end): Թաքնված՝ այցելուներից և գուգլից, և տեսանելի՝ դարձյալ նրանց համար:
Ի՞նչ ՉԵՆ տեսնում այցելուները՝ իրենց բրաուզերով մեր բլոգը դիտելիս: Նրանք չեն տեսնում՝
- վորդպրեսի բուն ծրագրային հիմքը՝ տարբեր գործառույթներին լծված «ֆայլային արսենալը».
- մեր բլոգի տվյալների բազան:
Վորդպրեսի ծրագրային ֆայլերը (wp-admin, wp-content և wp-includes ֆոլդերներում և դրանցից դուրս տեղակայված php, js, css և մյուս ֆայլերը) ապահովում են միայն, որպեսզի տվյալների բազայից «դուրս բերվի» և այցելուներին ներկայացվի համապատասխան տեղեկատվություն:
Եվ, արդյունքում, ի՞նչ ԵՆ տեսնում մեր կայքի այցելուները և գուգլը`
- մեր կողմից ընտրված կայքէջի «թեման» (theme), որը պարունակում է համապատասխան բովանդակություն.
- մեր կողմից ընտրված «պլագինները» (plugins) և «վիջեթները» (widgets):
Չեմ կարծում, որ վորդպրեսի այսպիսի տեխնիկական բաժանում կատարելով մեծ հայտնագործություն արեցի: Սակայն, ինչպես շուտով ինքներդ կհամոզվեք, ներքևում ներկայացված «սխեման» մեզ թույլ կտա հասկանալու, թե ինչպես ճիշտ օպտիմալացնել վորդպրեսը:

Թե ինչ տեխնիկական պահանջներ է ներկայացնում գուգլը, կարող եք ծանոթանալ, ընթերցելով «Գուգլի խորհուրդները» հոդվածը:
Կարծես թե հասունացել է պահը ճշտելու, թե կոնկրետ ինչին է վերաբերվում վորդպրեսի օպտիմալացումը:
Ի՞նչ է իր մեջ ներառում վորդպրեսի առաջնային օպտիմալացումը
Շատ մեծ ցուցակ չեմ ներկայացնելու, ընդամենը 5 կետ:
Սակայն՝ մեկը-մյուսից կարևոր կետեր, որոնց պահպանումը զգալիորեն կբարելավի, եթե ոչ իդեալականի կհասցնի Ձեր բլոգի որոնողական առաջխաղացման ելակետային կարգավիճակը:
- Կայքէջի խելամիտ, ստանդարտներին համապատասխանող HTML կառուցվածք
- Ջավասկրիպտային և CSS ֆայլերի օպտիմալացում
- Պլագինների խելամիտ օգտագործում
- Կայքէջի «թեմայի» և դիզայնի օպտիմալացում
- Քեշավորում
- Տվյալների բազային ուղղված հարցումների օպտիմալացում
1. Վորդպրեսային թեմաներ (themes) և օպտիմալացված HTML կայքէջ
Գաղտնիք չէ, որ վորդպրեսից օգտվող բազմաթիվ մարդկանց մոտ «WordPress themes» արտահայտությունն ուղղակիրորեն ասոցիացվում է կայքէջի դիզային հետ:
Վորդպրեսային «թեման», իրոք, ապահովում է կայքէջի դիզայնը: Սակայն այն ՄԻԱՅՆ դիզայնը չէ:
Գուցե արտասովոր հնչի, սակայն գուգլի համար դիզայնը եթե ոչ երրորդային, ապա երկրորդային նշանակություն ունի: Գուգլն ավելի շուտ պահանջում է արագ բացվող և գուգլբոտի կողմից «հեշտ զննվող էջեր», և ոչ թե գեղագիտական հաճույք պատճառող երանգներ կամ ձևավորումներ:
Սա նշանակում է, որ Ձեր բլոգի համար վորդպրեսային «թեմա» ընտրելիս դուք պետք է առաջնորդվեք ոչ թե վերջինիս «հմայիչ» կամ էլ «սպանող» լինելով, այլ՝ առաջին հերթին, այն հարցադրումով, թե արդյոք տվյալ «թեման» համապատասխանո՞ւմ է ստանդարտ HTML կառուցվածքին և բավարարո՞ւմ է արդյոք որոնող համակարգերի տեխնիկական պահանջները:
Խնդրում եմ նկատի ունենալ, որ գուգլ-օպտիմալացված թեման բնավ չի նշանակում, որ այն կարող է լինել այցելուների համար տհաճ և անթույլատրելի պարզունակ:
Ոչ, ոչ, և կրկին անգամ՝ ոչ:
«Գուգլ-օպտիմալացված»՝ նշանակում է ՆԱԵՎ «այցելու-օպտիմալացված»: Այն, ինչ նախընտրելի է այցելուի համար, բարձր կգնահատվի նաև գուգլի կողմից:
Իսկ կայքի ինչպիսի՞ կառուցվածք և ոճ են ցանկանում տեսնել այցելուները:
- հեշտ և արագ բացվող էջեր.
- հասկանալի և պարզ նավիգացիա./li>
- ընթերցելուն նպաստող, այլ ոչ թե խանգարող դիզայն…/li>
Է՞լ ինչ: Հիշեք, մտքում թվարկեք և գրի առեք ինքներդ:
Եվ դրանից հետո միայն ընտրեք Ձեր վորդպրեսային «թեման»՝ հաշվի առնելով և Ձեր այցելուների կարիքներն ու նախասիրությունները, և գուգլի պահանջները:
Կրկին անգամ. հիշեք, որ Ձեր բլոգի «թեման» Ձեր հաջողության կամ անհաջողության մեջ ունենալու է հսկայական նշանակություն:
2. Ջավասկրիպտների և CSS-ների օպտիմալացում
Պարզվում է, որ բլոգ ունեցողների, և անգամ վեբ վարպետների մեծ մասի համար ջավասկրիպտների լավագույն տեղադրությունը էջի HEAD-ն է: Անցյալում, երբ HEAD-ը կարող էր պարունակել ընդամենը 1-2 ջավասկրիպտ, գուցե այն կարելի էր համարել JS հղումների կամ կոդերի լավագույն տեղամաս: Սակայն, երբ HEAD-ը պարունակում է տասնյակ ջավա-հարցումներ, նոր մոտեցում է պահանջվում:
Բացեք ապա Ձեր կայքէջի HTML կառուցվածքը և տեսեք, թե քանի՞ JS հղումներ կան Ձեր էջի վերնամասում՝ HEAD-ում: Հարցս ուղղում եմ հատկապես վորդպրեսից օգտվող գործընկերներիս:
Հաշվե՞լ եք երբևէ դրանց քանակը: Հաշվարկե՞լ եք երբևէ դրանց ընդհանուր չափսը, թե քանի կԲ-ով են այդ բոլոր ջավասկրիպտները միասին վերցրած ծանրացնում Ձեր կայքէջը: Գումարեք իրար և զարմացեք:
Հիշեք, որ վեբ բրաուզերները ՆԱԽ «կարդում են» Ձեր HTML էջի HEAD-ում ներկայացված ԲՈԼՈՐ տողերը և հղումները, և ՆՈՐ ՄԻԱՅՆ բեռնում/բացում այդ էջը:
Ըստ որում՝ «կարդալ տողերը և հղումները» ասելով նկատի չունեմ ՄԻԱՅՆ այդ տողերը և հղումները, այլ ԲՈԼՈՐ ԱՅՆ ՖԱՅԼԵՐԸ, որոնց ուղղված են HEAD-ում թվարկված հղումները և link-երը:
Սա նշանակում է, որ եթե կայքէջում առկա ջավասկրիպտը չի մասնակցում էջի «ձևավորմանը», այն պետք է տեղափոխվի դեպի BODY, իսկ լավագույն պայմաններում՝ վերջին փակող </body>-ից առաջ:
Այսպիսի մոտեցումը մանրամասնել եմ նախորդ հոդվածում, որտեղ ներկայացրել եմ նաև իմ սեփական փորձը: Կառաջարկեի վերադառնալ և ընթերցել էջը ջավասկրիպտից թեթևացման վերաբերյալ իմ այդ գրառումը:
Հիշեք նաև, որ վորդպրեսի պլագինները սովորաբար ներկայացվում են իրենց սեփական ջավասկրիպտներով: Եվ յուրաքանչյուր նոր պլագին իր հերթին կարող է ծանրացնել Ձեր կայքէջի HEAD-ը:
Մի քանի բառ CSS-ների մասին:
CSS-ներում գրառված յուրաքանչյուր տող պետք է լինի նպատակային: Մենք հաճախ փոփոխում ենք օրիգինալ CSS-ը, ավելացնում նոր տողեր և մոռանում ենք հեռացնել հները:
Եթե ուշադիր զննեք Ձեր CSS-ները, ապա չի բացառվում, որ գտնեք բազմաթիվ տողեր, որոնք այլևս Ձեր կայքէջի դիզայնի համար դարձել են հնացած: Հեռացրեք բոլոր ժամկետանց տողերը և թեթևացրեք Ձեր CSS-ները: Ի վերջո, որքան CSS-ը թեթևանա, այդքան բրաուզերն ավելի հեշտ ու արագ կկարդա այնտեղ գրառված «ոճային հրահանգները»:
3. Պլագինների օպտիմալացում
Վորդպրեսի պլագինները հարստացնում են բլոգի հնարավորությունները, սակայն, միևնույն ժամանակ, ծանրացնում նույն այդ բլոգը:
Երբևէ հարց տվե՞լ եք ինքներդ Ձեզ, թե որքանո՞վ են Ձեր էջերը և վորդպրեսի աշխատանքները ծանրացնող պլագինները օգնում Ձեր բլոգի առաջխաղացմանը: Եվ արդյոք այցելուներն օգտվո՞ւմ են դրանցից:
Տեսեք, թե հարցն ինչումն է:
Հիշեք, որ Ձեր բլոգի ցանկացած էջ բացելիս, վորդպրեսն «աշխատացնում է» Ձեր կողմից ակտիվացրած ԲՈԼՈՐ պլագինները՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ էջում այդ պլագինը ինչ դերակատարություն ունի:
Ահա, թե ինչի մասին եմ զգուշացնում: Եթե դուք ունեք 10 ակտիվ պլագին, և օրական 300 այցելու, և Ձեր էջերն էլ չեն քեշավորվում, ապա վորդպրեսն օրական առնվազն 3000 հարցում կամ հրահանգ է ավելացնելու իր ստանդարտ գործունեությանը՝ միայն այդ պլագիններն աշխատացնելու համար:
Պարզ է, որ վորդպրեսը «չի հոգնում», սակայն ծանրաբեռնում է սերվերը և շատ դեպքերում՝ «հոգնեցնում է» Ձեր այցելուներին իր դանդաղագործությամբ:
Նկատի ունեցեք նաև, որոշ պլագիններ Ձեր տվյալների բազայում ստեղծում են լրացուցիչ աղյուսակներ (db tables), և ամեն անգամ նոր էջ բացելիս՝ այդ բազայից կատարում անորոշ քանակի հարցումներ (db queries):
Այս իմաստով, «պլագինների օպտիմալացումը» ոչ այլ ինչ է, քան Ձեր բլոգի համար ակտիվ պլագինների հնարավորինս նվազագույն քանակով բավարարվելը:
Մեծ քանակով պլագիններ ունենալով դուք ակամա մեծացնում եք Ձեր կայքի խոցելիությունը: Էլ չեմ ասում, որ վորդպրեսը և պլագինները թարմացվում են իրարից անկախ, և մեկ հնացած պլագինը կարող է խաթարել Ձեր ամբողջ բլոգի հարթ գործունեությունը:
4. Ինչ է իրենից ներկայացնում և ինչու է կարևորվում մինիմալիստիկ դիզայնը
«Մինիմալիստիկը» կամ «մինիմալը» նույնն է, ինչ՝ «նվազագույնին հասցրածը»:
Ինչ-որ մեկն ինչ-որ ժամանակ ասել է, թե՝ «ազատվե՛ք այն ամենից, ինչը Ձեզ անհրաժեշտ չէ»: Կամ էլ ասել է՝ «ազատվե՛ք բոլոր ոչ անհրաժեշտ բաներից, մինչև կմնան միայն անհրաժեշտ բաները»: Դե պարզ է՝ հորինում եմ: Կամ էլ ինչ-որ մեկն ինչ-որ ժամանակ նման խելոք միտք, այնուամենայնիվ, արտահայտել է:
Վերադառնալով վորդպրեսին, կարելի է վերևի միտքը ձևակերպել այսպես:
Ամենայն լրջությամբ քննության վերցրեք Ձեր էջի յուրաքանչյուր տարրի նպատակարմարությունը: Եթե այն ուղղակիորեն կապված չէ Ձեր և Ձեր ընթերցողների նպատակների հետ, ապա, առանց երկմտելու կամ ափսոսալու, հեռացրեք այդ տարրը:
«Տարր» կոչվածը կարող է լինել Ձեր կայքէջի ցանկացած բնույթի կառուցվածքային և բովանդակային բաղադրիչ՝ պատկեր, նկար, անիմացիաներ, էֆֆեկտներ, երանգներ, հղումներ և այլն:
Բլոգում թողեք միայն այն, առանց որի Ձեր կայքն ուղղակի կկորցնի որևէ արժեք, այն էլ՝ այնպիսի արժեք, որն անպայմանորեն չի վրիպի Ձեր ընթերցողների աչքերից:
«Ոչ մի ավելորդություն» սկզբունքն իրականում ավելի խորիմաստ է, քան կարելի է ենթադրել: Այն նշանակում է՝ մի կողմից մարդկանց կողմից Ձեր գրառումներն ընթերցելու հարմարվետ պայմանների ստեղծում, իսկ մյուս կողմից՝ էջի «թեթևացում»: Այն նաև նշանակում է՝ դառնալ «գուգլահաճո»:
Մենք (մասնավորապես՝ ես) դեռ չենք այն աստիճան հասունացել, որպեսզի գնանք մինիմալիստական ուղղությամբ, սակայն համոզված եմ, որ օրերից մի օր մեր ընթերցողը մեզ կստիպտի ազատվել ավելորդ «ճոխություններից»:
5. Բլոգի քեշավորում
Քեշավորումը (caching) կայքի արագագործությունը բարձրացնելու արդյունավետ մեթոդ է: Այսօր հնարավոր է դարձել ինչպես քեշավորել ֆայլերը և ամբողջական կայքէջերը, այնպես էլ տվյալների բազան:
Վորդպրեսն ինքն օժտված է քեշավորելու հնարավորությամբ: Վորդպերսի կողմից քեշավորված էջերը «սեղմված չեն», և սա բրաուզերների համար դառնում է քիչ արդյունավետ:
Գոյություն ունեն տարբեր պլագիններ, որոնք արդյունավետ կերպով լուծում են կայքէջերի պարունակությունը «սեղմելու» (compression) և արխիվացված քեշեր ստեղծելու հարցը:
Նշեմ դրանցից միայն ամենահայտնիները:
Ինքս օգտվում եմ առաջին պլագինից՝ W3 Total Cache-ից, որն արդյունավետ է և օժտված է քեշավորման դրույթների մանրակրկիտ ձևափոխման հնարավորությամբ: Այս պլագինը նաև հաջող կերպով իրականացնում է բրաուզերի քեշավորում, JS և CSS ֆայլերի մինիֆիկացիա:
6. Տվյալների բազային ուղղված հարցումների օպտիմալացում
Այս կետն ավելի շուտ վերաբերվում է վեբ ծրագրավորման PHP լեզվին տիրապետող անձանց, ովքեր կարող են «քչփորել» վորդպրեսի ծրագրային ֆայլերը:
Մյուսների համար ստիպված եմ կրկնել նախորդ կետերում ներկայացված մտքերը՝
- թեթևացրեք Ձեր բլոգն ավելորդ «պլագիններից».
- թեթևացրեք Ձեր բլոգն ավելորդ «վիջեթներից».
- թեթևացրեք Ձեր բլոգն ավելորդ db-հարցումներից կամ էլ, ծայրահեղ դեպքում քչացրեք այդ հարցումների թիվը:
Հիշեք, որ ցանկացած տեղեկատվություն, որը հայտնվում է Ձեր բլոգի կայքէջերում, «հարցումների» արդյունք է՝ սկսած էջի վերնագրից և վերջացրած տարբեր թվարկումներից:
Մեկ օրինակ բերեմ:
Մեր բլոգի վերին մասում տեսնում եք «մենյուն», իսկ աջ կողմում՝ «Բլոգի բաժինները»: Մատնանշածս տեղամասերի հղումները կարող էի «թողնել» վորդպրեսի վրա, պարզապես օգտվելով Custom Menu-ից, ավելացնելով համապատասխան պլագիններ կամ վիջեթներ: Սակայն ինքս «ձեռքով եմ ավելացրել» այս հղումները՝ «դինամիկից» դրանք վերածելով «ստատիկ» թվարկումների:
Հետո՞ ինչ, որ նոր բաժին կամ էջ ավելացնելիս այն ավտոմատ կերպով չի ավելացվի առկա թվարկմանը (ինչը կաներ վորդպրեսը): Ե՛ս կավելացնեմ: Սակայն մի բան հաստատ գիտեմ, որ բլոգի էջը բեռնվելիս նշված տեղամասերի ցուցադրման համար լրացուցիչ հարցումներ չեն ուղարկվի դեպի տվյալների բազա:
Ահա Ձեզ օպտիմալացման ակնառու օրինակ:
Շնորհակալ եմ, որ հասաք մինչև այս տողը:
Կարծում եմ, որ Ձեր հաջորդ քայլը պետք է լինի այս հոդվածը թվիթերով տարածելը:
Աղբյուրը՝ 2011 @e-armenians.com։
