Արդյունավետ սոցիալական մեդիա

Հեղինակ՝ Artur  ·  14-07-2010 (Թարմացվել է՝ 29-11-11)

Բաժինը՝ Վեբկայքի առաջմղում

սոցիալական մեդիա

Սոցիալական մեդիան ժամանակակից գործարարության պարտադիր պայմաններից մեկն է։ Հմուտ սոցիալական մեդիա գործունեությունը կարող է շեշտակիորեն բարձրացնել կայքի հանրաճանաչությունը։ Անկախ այն հանգամանքից, թե Ձեր կայքն իրենից ներկայացում է անձնական բլոգ կամ որեւէ ապրանքի կամ ծառայության առցանց վաճառք, դուք կարիք ունեք Ձեր խոսքը, ապրանքը կամ ծառայությունը հասցնելու վերջնական օգտագործողին` Ձեր ընթերցողին կամ հաճախորդին։

Ահա այս խնդիրը լուծելու ճանապարհին սոցիալական մեդիան կարող է մեծապես նպաստել կայքի առաջխաղացմանը եւ վարկանիշի առաջմղմանը, իհարկե, որպես նախապայման, ենթադրելով, որ այդ կայքը եւ նրա առանձին էջերը SEO-«հղկված են», պարունակում են ճիշտ բանալի բառեր եւ տեքստային հղումներ, ինչպես նաեւ ունեն հետաքրքիր եւ օգտակար տեքստային բովանդակություն։

Այժմյան ինտերնետը լի է բազմատեսակ սոցիալական էջանշման կայքերով. մենք առանձին հոդվածով անդրադարձել ենք թվիթերին եւ դրանից օգտվելու հմտություններին, սակայն բոլորիդ է հայտնի դիգը, ֆլիկերը, յութուբը եւ այլն։

Ինչպես իրավմամբ նշել էր մեր բլոգերներից մեկը, յուրաքանչյուր միջոցառում պահանջում է նախագծում եւ հերթական քայլերի մանրակրկիտ պլանավորում՝ ըստ ժամանակացույցի եւ հնարավոր ներդրումների։

Նույն մոտեցումն էլ պետք է կյանքի կոչել այստեղ. սոցիալական ցանցերը բազմաթիվ են՝ տասնյակ-հարյուրավոր, եւ արժի խորհել եւ որոշել, թե դրանցից ո՞րը (կան որո՞նք) դարձնել Ձեր կայքի առաջխաղացման շարժիչ ուժերից մեկը։

Պետք է պատրաստվել նաեւ Ձեր մրցակիցների հնարավոր բացասական երանգ պարունակող կարծիքներին ու մեկնաբանություններին, իհարկե, մնալով քաղաքավարության շրջանակներում. դուք փորձում եք սոցիալական մեդիայի միջոցով բարձրացնել Ձեր կայքի վարկանիշը, հակառակ ուղղությամբ, Ձեր մրցակիցներն իրենց կամ ուրիշների անվան ներքո գուցե ձգտեն ստեղծել «բացասական աուրա», կամ, վատագույն դեպքում՝ նույնիսկ հատեն «փնովելու եզրագիծը»։ Սա պարտադիր չէ, բայց չի կարելի նաեւ բացառել։

Բլոգը որպես «սոցիալացման» ուրույն տեսակ

Իրոք, բլոգը թույլ է տալիս կատարել գրառումեր ու ակնկալել ընթերցողների ակտիվ մասնակցությունը՝ կարծիքների փոխանակման, քննարկումների ու բանավեճերի միջոցով։ Սակայն, որպես սոցիալական մեդիա, բլոգը պետք է շոշափի հետաքրքիր թեմաներ, տրամադրի օգտակար տեղեկատվություն, եւ, իհարկե, մշտապես թարմացվի։

Բլոգը կարող է հանդիսանալ նաեւ սոցիալական մեդիայի «հանգույց»՝ այցելուներին տալով տվյալ հոդվածը տարածելու հնարավորություն։ Տեսե՛ք մեր բլոգը, այն «հագեցած է» սոցիալական մեդիայի ամենակարեւոր «դերակատարներով»։ Ամբողջական հոդվածներ պարունակող մեր յուրաքանչյուր էջի ներքեւում տեղադրված են մի շարք հանրահայտ ցանցերի հղումները:

Այնուամենայնիվ, եկեք բլոգը չդիտարկենք միայն որպես Ձեր ստեղծագործական ակտիվությունը «պարպելու» միջոց. այն կարող է դառնալ Ձեր մատուցած ծառայությունը կամ վաճառվող ապրանքը ներկայացնելու «տաղավար»՝ հեռու պաշտոնական ձեւականություններից եւ ապահովելով ավելի ընկերական գործարար-միջավայր։

Բլոգն իր հերթին եւ բլոգի միջոցով՝ սոցիալական մեդիան մյուս կողմից կարող են հանդես գալ Ձեր ապրանքի կամ ծառայության աննկատ առցանց գովազդ։ Թույլ տվեք հիշեցնել, որ դուք չպետք է եւ ոչ մի պայմաններում թույլ տաք, որպեսզի Ձեր բլոգի էջերը դառնան «սփամ-կուտակիչներ» (մենք անդրադարձել ենք այս հարցին մեր նախորդ հոդվածներից մեկում

Շփումը եւ գործընկերությունը սոցիալական մեդիայի շրջանակներում

Սոցիալական մեդիան ոչ թե միակողմանի ճանապարհ է, այլ միջանձնային հարաբերություններ հաստատելու, շփվելու եւ գործընկերություն նախաձեռնելու գերազանց միջոց։

Հետեւեք, նշեք ու ակտիվորեն մասնակցեք Ձեր կայքի (եւ վերջինիս միջոցով տրամադրվող ապրանքների կամ ծառայության) հետ տրամաբանական կապ ունեցող մարդկանց ու գործարարների հետ։ Ձեր գրառումներին հետեւողների թիվը (Twitter Followers, Facebook Fans եւ այլն) ուղղակիորեն կարող է վկայել, թե որքանով է սոցիալական մեդիայի ոլորտում Ձեր ռազմավարությունը հաջողված (խոսքը «պատահական» մարդկանց մասին չէ, այլ՝ նպատակասլաց կերպով Ձեզ եւ Ձեր կայքն ընտրածներինը)։ Միեւնույն ժամանակ, պատրաստ եղեք Ձեր գործընկերների ու հավանական հաճախորդների կարիքները բավարարելուն։

Եկեք հիշենք նաեւ, որ այլ (այդ թվում՝ Ձեր գործընկերների) բլոգերին կամ ֆորումներին Ձեր ակտիվ մասնակցությունը նույնպես պետք է լինի նպատակասլաց եւ ոչ թե ձեւական։ Ձեր մեկնաբանությունները եւ կարծիքները պետք է դրդեն ընթերցողին՝ այցելելու Ձեր կայքը եւ հետաքրքրվելու բովանդակությամբ, առաջարկվող ծառայություններով կամ ապրանքներով։ Նման դեպքերում չարժե Ձեր խոսքը հնչեցնել որպես գովազդ. մարդիկ առանց այդ էլ հոգնել են եթերը եւ ինտերնետը հագեցրած գովազդներից։

Ահա եւ ամբողջ գաղտնիքը։ Իսկ Ձեզ մաղթում եմ հաջող ու արդյունավետ «սոցիալիզացիա»։

Աղբյուրը. e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին եւ ընթերցեք իմ էլ. գիրքը:
Մեր բլոգում -ը գրել է 536 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 218 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

{ 2 մեկնաբանություն… կարդա դրանք ներքեւում կամ ավելացրու քոնը }

blogger Հուլիս 15, 2010, 2:43 AM-ին

Ցանկանում եմ ստեղծել իմ անձնական բլոգը ու գրել… դեռ չեմ որոշել, թե ինչի մասին:
Ի՞նչ խորհուրդ կտաք
1) ո՞ր անվճար բլոգից օգտվել – wordpress թե մեկ այլ
2) ո՞ր սոցիալական մեդիայի վրա կենտրոնանալ – twitter թե ֆեյսբուկ
Նախապես շնորհակալ եմ:
Տիգրան

Պատասխանել

Արթուր Հուլիս 19, 2010, 2:45 AM-ին

Հարգելի Տիգրան, կարծում եմ, որ մեր բլոգն առաջին հերթին օգտակար կլինի Ձեր եւ Ձեր նման իրենց սեփական կայքը ստեղծող անձանց համար, այնպես որ ակնկալում եմ Ձեր ակտիվ մասնակցությունը եւ հարցերը: Կաջակցեմ այնքան, որքան ժամանակս կբավարարի:

Նախ, կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել ամենակարեւոր հարցի վրա՝ ի՞նչ նպատակ եք հետապնդելու Ձեր բլոգը ստեղծելիս: Նպատակը խիստ կարեւոր է, որից են ածանցվում մնացած հարցերը: Դա միայն Ձեր առօրյա օրագի՞րն է լինելու… եթե այո, ապա ինչո՞ւ որոշեցիք Ձեր մտքերը ներկայացնել հանրությանը… եթե ոչ, ապա ի՞նչ ուղղվածության կայքի մասին է խոսքը… միայն բլո՞գ, թե՞ ֆոտոբլոգ կամ վիդեոբլոգ… այս եւ նման հարցադրումներ ուղղիր ինքդ քեզ՝ վերջնականորեն կողմնորոշվելու: Անձամբ իմ փորձից ասեմ, որ կայքը ստեղծելուց հետո ինչ-որ բան փոխելը կարող է ավելի դժվար լինել, քան հենց սկզբից կողմնորոշվելը եւ ճիշտ ուղղությամբ առաջ շարժվելը: Սա՝ խորհրդի կարգով:

1) ո՞ր անվճար բլոգից օգտվել – wordpress թե մեկ այլ

Դարձյալ ստիպված եմ անդրադառնալ խոսքիս առաջին մասին՝ նայած, թե ինչ բլոգի մասին է խոսքը smile

Վորդպրեսսը ամենահանրաճանաչն է իմ իմացած ծրագրերից եւ դյուրին՝ օգտագործելու, նոր պլագիններով զինելու եւ կայքէջում նոր դաշտեր ավելացնելու համար: Այն ունի SEO-հնարավորություններ: Ցավոք (այս պարագայում) ինքս չեմ օգտվում այս ծրագրից եւ չեմ կարող պրոֆեսիոնալ ցուցում տալ: Միայն այնքանը գիտեմ, որ շատ խորը վեբ-գիտելիքներ պետք չեն Ձեր բլոգը ստեղծելու ու պահելու համար:

Ընկերներիցս մեկը մի լավ խոսք ունի՝ այն ծրագիրն է ամենալավը, որին դու ամենալավն ես տիրապետում: Այնպես որ սա նույնպես հաշվի առ:

2) ո՞ր սոցիալական մեդիայի վրա կենտրոնանալ – twitter թե ֆեյսբուկ

Քանի դեռ բլոգդ դեռ չես ստեղծել, իմ միակ խորհուրդը կլինի՝ կենտրոնանալը բովանդակության վրա: Այս փուլում սոցիալական մեդիայի տեսակը չէ, որ պետք է լինի քո համար առաջնայինը, այլ՝ օգտակար ու հետաքրքիր բովանդակություն ստեղծելը:

Առայժմ այսքանը, հարցեր լինեն՝ կիսվիր մեզ հետ կամ էլ օգտվիր անձնական նամակագրությունից:

Պատասխանել

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.