
Բլոգի որոշ հոդվածներում արդեն քննարկվել է որոնման արդյունքներում կայքէջի դիրքի եւ PageRank-ի կանխորոշիչ դերը կայքի հաջողության հասնելու գործում։
Այնուամենայնիվ, այս երկու հանրահայտ ցուցանիշների կողքին ոչ պակաս նշանակություն ունեն այլ գործոններ, եւ որեւէ կայքի «հաջողակ» լինելու կամ չլինելու մասին դատելիս, պետք է հիմնվել բոլոր (այդ թվում՝ քննարկումներում ոչ հաճախ շոշափվող) գնահատիչների հանրագումարի վրա։
Եվ իրոք, բիզնես ոլորտի ոչ մի կայքի սեփականատեր չի ցանկանա ունենալ PR7-անոց կայք, որը որեւէ վաճառք կամ եկամուտ չի ապահովում. հակառակը, նա երջանիկ կլիներ, եթե իր PR3-անոց կայքը լիներ կայուն եկամտաբեր։
Եկեք տեսնենք, թե ինչպիսի ցուցանիշներ պետք է ձեռքի տակ ունենալ՝ գնահատելու որեւէ կայքի հաջողությունը (որից ավելի ու ավելի հաճախ են օգտվում՝ այս կամ այն կայքը գնելիս)։ Դրանք կարելի է բաժանել 4 խմբի՝ գործարարության, օգտագործման (կամ կիրառելիության), SEO եւ սոցիալական մեդիայի չափորոշիչներ։
Բիզնես չափորոշիչներ
Այն մարդիկ, ում համար վեբ-կայքը գործարարության ոլորտ է, ցանկանում են տեսնել շոշափելի արդյունքներ՝ կայուն եւ աճող եկամուտներ։ Եվ սա բնական է. գործարարի համար ամենակարեւոր ցուցանիշը կայքի եկամտաբերությունն է։
Բիզնես հաջողությունը ոչ այլ ինչ է, քան կայուն եկամուտներ ապահովող ինտերնետային հանգույց պահելը։
Արդյունքները՝ ներդրումների դիմաց (ROI, Return on Investment). եթե որեւէ կայքի վրա կատարվում է 5.000 դոլարի ներդրում, եւ մեկ տարի անց նույն այդ կայքն ապահովում է 10.000-ի եկամուտ, ապա ROI=200%։ Այսպիսով, ROI-ն ցույց է տալիս եկամուտ-ծախս տոկոսային հարաբերակցությունը։
Սակայն, հանուն ճշմարտության պետք է ասել, որ ROI-ն բավականանին անորոշ գնահատիչ է, քանի որ մի կողմից դժվար է չափել ներդրումները, մյուս կողմից այն ժամանակը, որի ընթացքում կայքը բերում է եկամուտներ (ամի՞ս, տարի՞, 5-ամյա՞կ)։
Վաճառքը (sales) գործարարության ընթացքը գնահատող մեկ այլ ցուցանիշ է, որը լրացնում է ROI-ին։ Վաճառքներով ստացված եկամուտները (հատկապես, եթե գործ ունենք «ինտերնետ-խանութ» հանդիսացող կայքերի հետ) ավելի հեշտ է հաշվել եւ ժամանակի ընթացքում կատարել համեմատություններ։
Իհարկե, եկամուտն անմիջապես «չի մտնում գործարարի գրպանը» (դեռ պետք է եկամտից հանել ծախսերը՝ ստանալու մաքուր շահույթի չափը), սակայն փաստ է, որ բարձր վաճառքը ապահովում է բարձր եկամտաբերություն։
«Միջնորդությունները» եւ միջնորդավճարները (leads) բազմաթիվ կայքերի միակ եկամտի աղբյուրն է։ Սրանք այն դեպքերն են, երբ տվյալ կայքը վաճառում է երրորդ կողմի ապրանքներն ու ծառայությունները (կամ վերաուղղում վերջինիս էջը)՝ դրա դիմաց ստանալով միջնորդավճարներ։ Ըստ որում, առանձին վերցրած մեկ կայքը կարող է միաժամանակ վաճառել իր սեփական ապրանքները կամ ծառայությունները եւ զբաղվել եկամտաբեր միջնորդ-գործընկերությամբ։
Նման դեպքերում միջնորդավճարների հաշվարկումը եւ գնահատումը կարեւոր է. չէ՞ որ մի կայք կարող է ունենալ բազմահազար այցելուներ եւ չկարողանալ վաճառել իր սեփական ապրանքը, իսկ մյուսը միայն միջնորդությունների հաշվին ստանալ ամսեկան կայուն եկամուտներ։
«Այցելուից՝ օգտագործողի փոխակերպումներ» (conversions). խոսքն այն մասին է, թե կայքն այցելուների ո՞ր մասն է դառնում այդ կայքի մշտական օգտագործողը եւ գնորդը։ Ավելի լավ է ունենալ Ձեր կայքից պարբերաբար օգտվող օրական 100 մարդ, քան թե պատահաբար այցելած 1000-ը։
Սա նաեւ կայքի վստահելիության եւ հեղինակության ցուցանիշ է. որքան մեծ է նման փոխակերպման տոկոսը, այդքան կայքը կարելի է համարել հաջողված։ Եվ, բնական է, որ ունենալով կայքի մեծաքանակ օգտագործողներ, կարելի է ապահովել բարձր վաճառք։
Բաժանորդագրություններ (subscribers). կայքի նորություններին (RSS-ով կամ այլ միջոցով) բաժանորդագրվածները թերեւս այդ կայքի ամենահուսալի եւ ցանկալի այցելուներն են, քանի որ նրանք ցանկանում են մշտական կապի մեջ մնալ տվյալ կայքի հետ ու տեղեկանալ դրա անցուդարձին։ Այս իմաստով, բաժանորդագրությունների ընդհանուր թիվը կարելի է համարել կայքի հաջողության ուղղակի ցուցանիշ։
Եթե այցելուն վստահում է տվյալ կայքին, ուրեմն հավանականությունը մեծ է, որ օրերից մի օր նա կօգտվի նաեւ այդ կայքի վճարովի առաջարկություններից։ Ավելին, բաժանորդագրությունը հնարավոր է դարձնում կայքից օգտվող անձանց հետ պահել մշտական հետադարձ կապը եւ նրանց տեղեկացնել նոր առաջարկությունների (կամ գնային փոփոխությունների) հետ։
Կայքի օգտագործման եւ կիրառելիության չափորոշիչներ
Ոչ բոլոր կայքերն են զբաղվում վաճառքով, եւ նման կայքերի համար, բնական է, որ բիզնես չափորոշիչները դառնում են մասամբ անիմաստ (թերեւս, բացառությամբ բաժանորդագրությանը)։
Շահույթ հետապնդող, առավել եւս՝ շահույթ չհետապնդող կայքերի հաջողության ելակետային ցուցանիշ կարող է հանդիսանալ այն, թե դրանք ինչ մակարդակի եւ որակի կիառելիություն են ապահովում։
Վերադարձած այցելուների ցուցանիշը (returning visitors) ինքնին պատկերացում է տալիս այն մասին, թե ինչ չափով է հաջողվում այցելուին «դարձնել» կայքից պարբերաբար օգտվող մարդու։
Եթե «պատահական» այցելուն երկրորդ, երրորդ եւ հաջորդ անգամները բացում է Ձեր կայքէջերը, նշանակում է, որ նա հավանում է Ձեր կայքը (այստեղ կարող ենք ավելացնել նաեւ այլ ցանկալի արտահայտություններ՝ համարում է, որ կայքն ինֆորմատիվ է, օգտակար է, դիզայնը հաճելի է, «նավարկումը» պարզ է, բովանդակությունը մատչելի լեզվով է շարադրված եւ այլն)։
Այսպիսով, որքան «վերադարձող» անձանց թիվը (կամ՝ ընդհանուր այցելությունների մեջ դրա տոկոսային չափը) մեծ է, այդքան տվյալ կայքը կարելի է համարել հաջողված։
Կայքի հաջողությունը պայմանավորված է ոչ թե պատահաբար դրա էջերում հայտնված (գովազդային եւ այլ հղումների միջոցով, որոնման արդյունքներից) այցելուների ընդհանուր, այլ՝ պարբերաբար օգտվողների թվով։
Սովորաբար, վերադարձած այցելուները օրերից մի օր նաեւ բաժանորդագրվում են տվյալ կայքի նորություններին։
Յուրաքանչյուր այցելության ընթացքում դիտված էջերի թիվը (pageviews per visit) կայքի օգտագործման ինտենսիվության մեկ այլ ցուցանիշ է։ Մի բան է, որ այս գործակիցը հավասար է 1-ի (որը նշանակում է, որ կայքի յուրաքանչյուր այցելու միջինը դիտում է 1 էջ, եւ սա միայն տխրեցնող ցուցանիշ է), եւ մեկ այլ բան է, երբ այս թիվը հասնում է 10-ի։
Եթե ցանկանում ենք, որ մեր կայքի այցելուն (առավել եւս՝ կայքից օգտվողը) իր յուրաքանչյուր այցելության ընթացքում բացի մեկից ավելի էջեր, ապա պետք է հոգ տանենք, որպեսզի կայքը հաճախակի թարմացվի նոր էջ-հոդվածներով (կամ, առցանց խանութի դեպքում՝ նոր առաջարկություններով)։
Մեկ էջի վրա ծախսված ժամանակը (time on page) դարձյալ արտացոլում է կայքի կիրառելիության մակարդակը։ Մեկ էջի վրա ծախսված բավարար ժամանակը ուղղակիորեն «հուշում է», որ այդ էջը բացող այցելունների մեծ մասը բավականաչափ ծանոթացել է տվյալ էջի բովանդակությանը (եւ ոչ թե բացել եւ անմիջապես կամ մի քանի վայրկյան անց լքել այդ էջը)։
Կայքի վրա ծախսված ժամանակը (time on site) ի տարբերության նախորդի, կայքի կիրառելիության ավելի ագրեգացված ցուցանիշ է, որը վերաբերում է ոչ թե առանձին վերցրած մեկ էջին, այն՝ ամբողջ կայքին։
«Հրաժարման» ցուցանիշը (Bounce Rate) թերեւս կայքի կիրառելիության լավագույն գնահատիչներից մեկն է, որը մատչելի է յուրաքանչյուրին շնորհիվ Google Analytics-ի։
1000 այցելու ապահովող կայքի համար 95%-ոց Bounce Rate-ը նշանակում է, որ միայն 50-ն են իրականում օգտվել տվյալ կայքից, իսկ մնացածը պարզապես կայքին բերել են «անիմաստ տրաֆիկ»։
Հակառակը, 10 անգամ պակաս՝ 100 այցելու, սակայն 10%-ոց Bounce Rate ունեցող կայքի համար «արդյունավետ» այցելուների թիվը կհավասարվի 90-ի։
Առաջին դեպքում ունեցանք 50 «թիրախ»-այցելուն, իսկ երկրորդ դեպքում՝ 90. եզրահանգումը թողնում եմ Ձեզ։
Հնարավորինս ցածր Bounce Rate ապահովելու համար կայքը պետք է լինի ճիշտ-թիրախավորված եւ ունենա այցելուների իր առանձնահատուկ միջակայքը։
Հետադարձ կապից օգտվողների թիվը (form, abandonment rate) դարձյալ պատկերացում է տալիս կայքի կիրառելի լինելու եւ այցելուների կողմից մշտական կապը պահպանելու մասին։
Հետեւած հղումների թիվը (links clicked) խոսում է այն մասին, թե ինչպիսի հաճախականությամբ է կայքի այցելուն հետեւում կայքի այս կամ այն էջում առկա ներքին հղումներին։ Սա կարտացոլի կայքի ներքին հղումներից օգտվելու արդյունավետությունը եւ պատկերացում կտա այն մասին, թե որքանով են այդ հղումները համապատասխանում այցելուի կարիքներին։
«Ներքին» որոնումների թիվը (internal searches) կամ տվյալ կայքի սկրիպտի (եւ ոչ թե գուգլի) միջոցով կատարված որոնումների թիվը կրկին անգամ արտացոլում է այցելուների կողմից կայքից օգտվելու ինտենսիվության չափը։
SEO չափորոշիչներ
Թերեւս, սրանք ամենահաճախ քննարկվող եւ ամենամեծ ուշադրության արժանացող գործոններն են, քանի որ, լինելով «թաքնված», իրականում երաշխավորում են նախորդ երկու խմբերի ցուցանիշների ցանկալի մակարդակը։
Հետադարձ (բերող) հղումների թիվը (number of backlinks) պայմանավորում է տվյալ կայքի «տեսանելիությունը» անծայրածիր համաշխարհային ոստայնում։
Դարձյալ, ինչպես այցելությունների թվի դեպքում էր, 10 եւ 100 հետադարձ հղումներ ունեցող երկու կայքերից երկրորդը կունենա տասնապատիկ առավելություն առաջինի նկատմամբ (պայմանով, որ երկու դեպքում էլ խոսքը նույն որակի հղումների մասին է)։ Հետադարձ հղումների մեծ թիվը երաշխավորում է կայքի բարձր հանրաճանաչությունը։
Հետադարձ (բերող) հղումների որակը (quality of backlinks) նախորդից ոչ պակաս կարեւոր ցուցանիշ է։ Ինչպիսի՞ կայքերում են տեղադրված բերող հղումները (դրանց վարկանիշը, հեղինակությունը, PageRank-ը, դոմեյն-տարիքը եւ այլն) եւ ինչպիսի հղումների մասին է խոսքը (բանալի բառեր պարունակող տեքստային հղումներ եւ այլն)։ Վերջապես, կարեւոր է, թե ինչպիսի՞ լրացուցիչ տրաֆիկ է ապահովում բերող հղումը։
Գուգլ-քեշավորման ամսաթիվը (Google cache date) կարող է ցույց տալ, թե ի՞նչ հաճախականությամբ է գուգլը թարմացնում տվյալ կայքի վերաբերյալ իր բազան։ Սովորաբար, եթե գուգլի կողմից կայքի վերջին պահպանումը կամ քեշավորումը տեղի է ունեցել ավելի քան 1 ամիս առաջ, ապա սա մտահոգիչ է՝ կամ տվյալ կայքը չի թարմացվել վերջին ամսվա ընթացքում, կամ էլ գուգլը այդ կայքը չի համարում որպես հուսալի կամ հեղինակավոր աղբյուր։
Գուգլ-բոտի «այցելության» հաճախականությունը (Googlebot visit frequency) դարձյալ գուգլի կողմից «ուշադրության արժանանալու» ցուցանիշ է։ Օրական մեկ անգամ գուգլ-բոտի կողմից Ձեր կայքն «այցելելը» դեպքերի մեծ մասի համար համարվում է նորմալ, իսկ խիստ ինտենսիվորեն թարմացվող կայքերը գուգլ-բոտը կարող է «անհանգստացնել» նույնիսկ օրը մի քանի անգամ։ Այս ցուցանիշը կարող է լրացվել մեկ այլ գնահատիչով՝ գուգլ-բոտի վերջին «այցելության» ամսաթվով (Last time Googlebot visited)։
Ինդեքսավորված էջերի թիվը (Pages indexed) կարելի է իմանալ՝ գուգլի որոնման դաշտում մուտքագրելով site:yoursite.com (որտեղ yoursite.com-ը Ձեր դոմեյնն է)։ Բնական է, որ լավագույն դեպքում պետք է ինդեքսավորված լինեն կայքի բոլոր էջերը։ Իսկ եթե 100 էջից բաղկացած կայքի միայն 20-30 էջն է ինդեքսավորված, սա արդեն կարող է դառնալ մտահոգության առարկա եւ պահանջել որոշ միջոցառումների նախաձեռնում (օրինակ՝ google sitemap-ի ստեղծում եւ գրանցում Webmaster Тооls-ում)։
Որպես կանոն, հաճախակի թարմացվող եւ ներքին հղումների խելամիտ կառուցված ունեցող կայքերի բոլոր էջերը գուգլում ինդեքսավորվում են առանց զգալի ուշացման։
PageRank-ի «տարածման» չափը դարձյալ բնութագրում է կայքի բերող եւ ներքին հղումների որակը։ Եթե կայքի գլխավոր էջն ունի PR5, իսկ 2-րդ մակարդակի էջը՝ PR0, ապա պետք է ենթադրել, որ տվյալ կայքի բոլոր բերող հղումներն ուղղված են միայն գլխավոր էջին եւ (կամ) ներքին հղումներն ունեն ոչ ճիշտ կառուցվածք։
Լավագույն դեպքում (սակայն ոչ միշտ) ավելի խորն ընկած յուրաքանչյուր մակարդակում պետք է գրանցվի դրանից անմիջապես մեկ մակարդակ վերեւ ընկած էջից PR1-ով փոքր PageRank։
Ալեքսա-ցուցանիշը (Alexa Rank) վերջին տարիներին կորցրել է իր գրավչությունը, եւ միայն քիչ թվով վեբվարպետներ են նախաձեռնում այս գործոնի բարելավմանն ուղղված հատուկ միջոցառումներ։ Ամեն դեպքում, եթե տվյալ կայքի վարկանիշը եւ հեղինակությունը աճում է գուգլում, ապա, դրան զուգահեռ ավտոմատ կերպով բարելավվում է նաեւ Ալեքսան։
Սոցիալական մեդիայի չափորոշիչներ
Մեր օրերում սոցիալական մեդիան դարձել է վեբ-աշխարհի անքակտելի մասը։ Սոցիալական ցանցերը դարձել են կայքի առաջմղման եւ հանրաճանաչության բարձրացման կարեւոր շարժիչ գործոնը։
Այս իմաստով, հաջողված կայքերը ունեն բավարար ակտիվություն սոցիալական կայքերում կամ դրանցից առավել հանրաճանաչներում՝ թվիտեր, ֆեյսբուք, Delicious եւ այլն։ Հուսով եմ, որ Հայաստանում սոցիալական մեդիան մի օր կստանա իր ուրույն նշանակությունը։
Էջանշումների եւ բաժանորդությունները թիվը (bookmarks, social news submissions) ուղղակիորեն վկայում է կայքի հաջող «պոպուլյարիզացիայի» մասին։ Նույն կերպ, ռե-թվիտերի թիվը (re-twits) վկայում է, թե քանի մարդկանց թվիտեր-կայքերում է տվյալ կայքը կամ դրա առանձին մի էջը նշվել. եկեք չմոռանանք, որ re-twit-ի արժանացած էջը կարող է հայտնվել ցանցի մեկ այլ այնպիսի անդամի էջում, որին հետեւում են հազարավոր այլ մարդիկ։ Նույնը վերաբերում է Facebook Like-ին, vote-երին եւ սոցիալական էջանշման մյուս միջոցներին։
Ամփոփում
Կայքի հաջողության «չափման» համար օգտագործվող գնահատիչները կարելի է բաժանել 4 հիմնական դասի, որոնք են՝ բիզնես, օգտագործման, SEO եւ սոցիալական մեդիայի չափորոշիչներ։
Ձեր կայքի համար, դուք ինքներդ կարող եք ժամանակ առ ժամանակ հսկել ներկայացված գործոններից յուրաքանչյուրի հնարավոր փոփոխությունները՝ հասկանալու առաջնահերթ խնդիրները եւ նախաձեռնելու դրանց հաղթահարման միջոցառումները։
Աղբյուրը. e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին եւ ընթերցեք իմ էլ. գիրքը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 536 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 218 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ








