
Ժամանակակից շուկան պահանջում է, որ յուրաքանչյուր առանձին վերցրած գործարարություն դառնա բրենդ ու տարբերակվի մրցակիցներից իր հեղինակությամբ, առաջարկվող ապրանքների կամ ծառայության գնով, որակով եւ, իհարկե, հաճախորդների գոհունակությամբ։
Այս ամենը հաճախորդների հիշողության մեջ ամրապնդելու լավագույն տարբերակը կազմակերպության կամ ապրանքի բրենդավորումն է, երբ անվանումը դառնում է «ամեն ինչ ասող»՝ Կոկա-կոլա, Մերսեդես-բենց, Ադիդաս…:
Նույն տրամաբանությունը գործում է առցանց բիզնեսում՝ Գուգլ, Վորդպրես, Վիկիպեդիա…:
Որքան հաջող ստացվի բրենդավորումը (branding) եւ տվյալ բրենդի հեղինակության (reputation) բարձրացումը, այդքան այդ բիզնեսը առաջ կպոկվի առկա եւ ապագա մրցակիցներից եւ, վերջին հաշվով, կդառնա կայուն եկամուտներ ապահովող:
Նախորդ հոդվածներից մեկի նախաբանում մի փոքր նկարագրել եմ, թե ինչպես գուգլը, 1997-ին մուտք գործելով որոնման համակարգերի շուկա, տաս տարվա ընթացքում կարողացավ որոնման համակարգերի շուկայում դառնալ միանձյա առաջատարը:
Թողենք ներդրումների պահը. ինքներդ գիտեք բազմաթիվ անհաջող գործարարության օրինակներ նույնիսկ ահռելի ներդրումների պայմաններում։
Չմանրամասնենք նաեւ գուգլի տրամադրած ծառայությունների որակի ու բազմազանության հիմնահարցերը. առանց դրանց նույնիսկ բրենդն է անկարող:
Սույն հոդվածի շրջանակներում կցանկանայի միայն շեշտել, որ այս կազմակերպության հաջողությունը պայմանավորված էր նաեւ այն հանգամանքով, որ «գուգլ» բրենդային անվանումը հնարավոր եղավ դարձնել համաշխարհորեն ճանաչված եւ հեղինակավոր:
Ի՞նչ է հարկավոր՝ դառնալու հեղինակավոր բրենդ
1. ժամանակ
Բնական է, որ, համբերել է պետք, մինչեւ կայքը կվերածվի բրենդի: Սակայն այս ինտերվալը պետք է լինի ստեղծագործական եւ եռանդուն աշխատանքի ժամանակահատված:
Ֆինանսական ներդրումն ինքին բավարար չէ. այն պետք է ուղեկցվի իրական աշխատանքով, հաճախ՝ նաեւ ժամանակատար միջոցառումներով:
Ժամանակը հարկավոր է որակյալ բովանդակություն ստեղծելու եւ ընթացքում այն մշտապես թարմացնելու համար։ Ժամանակ է պահանջում նաեւ կայքի առաջմղմանն ուղղված գործողությունները նախագծելը, կյանքի կոչելն ու արդյունքներ ստանալը:
2. Ճիշտ ընտրված բրենդային անվանում եւ այդ անվանումը որպես բանալի բառ խելամիտ օգտագործում
Ձեր բրենդային անվանումը պետք է ներկայացված լինի կայքի դոմեյն անվանման, գլխավոր էջի եւ առանձին էջերի բանալի բառերում։
Ինչ վերաբերում է դոմեյնին, ապա որեւէ տարբերակով երեք w-ներից հետո բրենդ-անվանման ներկայությունը հիրավի հաջողության կեսն է։
Իսկ բանալի բառերի առումով, խոսքը կայքէջի բովանդակությունը բրենդ անվանումով «սփամելու» մասին չէ բնավ, այլ՝ այդ անունը խելամիտ կերպով այցելուի հիշողության մեջ «ֆիքսելու»:
3. Նկարագրողական «Մեր մասին» էջ
Անպայման ստեղծեք «Մեր մասին» (about us) էջը, որտեղից այցելուն օգտակար եւ հիշարժան տեղեկություն կստանա Ձեր կազմակերպության առաքելության, նպատակների, անձնակազմի, ինչպես նաեւ առաջարկվող ապրանքների եւ (կամ) ծառայությունների մասին:
4. Բրենդային անվանման հանրաճանաչացում
Ձեր բրենդային անվանումը հնարավորինս ներառեք դեպի Ձեր կայքն ուղղված «բերող» հղումներում՝ որպես տեքստային հղումներ: Սա թույլ կտա, որ գործընկեր կայքերի միջոցով Ձեր բրենդը հնարավորինս ներկայացված լինի ինչպես այցելուների լայն շրջանակներում, այնպես էլ որոնող համակարգերում։
Օգտվեք նաեւ սոցիալական ցանցերից՝ տարածելու Ձեր բրենդային անվանումը ինտերնետային հանրության լայն շրջանակներում, իհարկե, որպես ծածկանուն ընտրելով Ձեր բրենդային անվանումը։
Այս իմաստով ինքս կարող եմ առաջարկել ֆեյսբուքը, լինքդինը, թվիթերը, ֆլիկրը, յութուբը, վիկին եւ այլն։
Հաջող գաղափար է նաեւ վորդպրեսում կամ մեկ այլ անվճար բլոգ-համակարգում դարձյալ Ձեր բրենդային անվանումով հաշիվ բացելը եւ Ձեր կազմակերպության ու առաջարկվող ապրանքների ու ծառայությունների մասին մի քանի էջ ստեղծելը։
Օգտագործեք (առանց սփամելու) բրենդային անվանումը որպես ստորագրություն՝ վարկանիշային ֆորումներում եւ բլոգերում մեկնաբանություններ թողնելիս կամ գրառումներ կատարելիս:
Իհարկե, հիշեք, որ Ձեր գրառման որակից կախված կլինի, թե ինչպես կվերաբերվեն այդ կայքերի այցելուները Ձեր բրենդին:
Աղբյուրը. e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին եւ ընթերցեք իմ էլ. գիրքը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 533 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 212 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ








