
Բոլորս էլ ձգտում ենք ունենալ մեծաթիվ ընթերցողներ. դա փաստ է: Այցելուների բազմաքանակ լինելը և հաճելի է, և տրամադրող ու մոտիվացնող:
Մեզնից ավելի խելոքները ձգտում են մեծացնել իրենց գրառումների ակտիվ ընթերցողների թիվը: Խոսքը մեկնաբանությունների, այցելուների ակտիվ ներգրավման և նրանց միջոցով տվյալ գրառումը սոցիալական ցանցերում տարածելու մասին է:
Բայց մենք ուրվագծե՞լ ենք այն ճանապարհը, որով գրառումը շարժվելու է առաջ՝ մինչև «հաղթական բարձունքներ»:
«Գրառման ճամփան դժվար է, երկար՝ շատերի համար»
Երբևէ մտածե՞լ ենք այն հարցի շուրջ, թե ինչպես է մեր գրառումը հասնում մարդկանց:
Եկեք մի պահ «մոռանանք» նրանց, ովքեր գիտեն մեր բլոգի հասցեն և հաճախակի այցելում են մեր էջերը:
Իսկ ինչպե՞ս է այս գրառումը գտնելու որևէ կանադահայ, ով գաղափար անգամ չունի մեր բլոգի մասին:
Տեսնո՞ւմ եք, որ գրառման ուղին այնքան էլ ուղիղ ու հարթ չէ:
Լավ, եկեք մի կողմ դնենք փիլիսոփայական դեգերումները և տեսնենք, թե իրականում ինչպիսի ճանապարհ է կտրում-անցնում մեր գրառումը՝ մինչև որևէ մեկին հասնելը: Եվ, ինչպես է այդ գրառումը, և, ընդհանուր առմամբ՝ կայքը, հայտնվում բազմաթիվ մարդկանց ուշադրության կենտրոնում:
Մեր գրառման «ուղևորությունը»
Ավելի պատկերավոր լինելու համար, եկեք դիտարկենք այս նկարը:

Իրականում, հրապարակման պահին գրառման կամ հոդվածի «կյանքը» ոչ թե ավարտվում, այլ՝ սկսվում է (1): Մեր գրառումը «ծնվում է» ու սկսում իր երկար ճամփորդությունը:
1. «Ուղիղ տրաֆիկ»
Ինչպես արդեն նշեցի, Ձեզնից ոմանք ուղղակիորեն բացում են մեր բլոգը և ընթեցում այդ գրառումը (2): Ավելի փոքր մասը նախընտրում է ստանալ էլեկտրոնային ծանուցումներ (3): Իսկ ավելի սակավաթիվ մարդիկ իրենց կամ այլ կայքերում տեղադրում են հոդվածի հղումը: Ձեզնից ոմանք էլ ձեռնամուխ են լինում այդ էջը սոցիալական կայքերում տարածելով (5) (Անկեղծորեն շնորհակալ եմ բոլորիցդ):
Սա «ուղիղ» ճանապարհն է, կամ, ինչպես ընդունված է ասել՝ «ուղիղ տրաֆիկը» (direct traffic):
Կարևոր է հասկանալ, որ գրառումը հրապարակվելու առաջին օրերի կամ շաբաթների համար դեռ վաղ է խոսել որոնող համակարգերի մասին: Կախված կայքի հեղինակությունից, դեռ ժամանակ է պետք՝ մինչև տվյալ գրառման էջը կինդեքսավորվի և կհայնտվի մարդկանց ուշադրությունը գրավող որոնման բարձր տողերում:
2. Սոցիալական ցանցեր
Իմ գրառումը RSS-հոսքերի շնորհիվ (3) ավտոմատ կերպով հայնտվում է նաև ֆեյսբուքում և թվիտերում (5):
Սա նշանակում է, որ ֆեյսբուքի իմ ընկերները և թվիտերի հետևորդները, առանց այցելելու մեր բլոգը, տեղեկացվում են նոր գրառումների մասին:
Հրաշալի է, չէ՞: Առավել ևս, որ Ձեր կողմից յուրաքանչյուր «like/send»-ը կամ «retwitt»-ն նույն այդ գրառումը տարածում է նաև Ձեր ֆեյսբուքյան ընկերների և Ձեր թվիտեր-հետևորդների շրջանում (6): Նաև՝ մեր բլոգին պարգևում լրացուցիչ հետադարձ հղումներ (7): (Շնորհակալ եմ կրկին անգամ):
Ավելացնեմ նաև, որ վերջերս ընկերներիցս մեկը հոգ է տանում, որ մեր գրառումները տարածվեն նաև Արմենիքսում, իսկ անձամբ ես՝ Ակումբ ֆորումում:
Ահա այսպես աճում և առաջ է գալիս «սոցիալական մեդիա-բումը»:
Ֆեյսբուքի, թվիտերի, արմենիքսի, ակումբի միջոցով նոր մարդիկ են ուղղորդվում դեպի մեր կայք (7): Մարդիկ, ովքեր առաջին անգամ են այցելում մեր էջերը: Մարդիկ, ում դեռ պետք է համոզել և վստահեցնել, որ նրանք ճիշտ ընտրություն են կատարել՝ սեղմելով մեր գրառման հղումը: (Ձեր դեպքում ցանցերի ցուցակը կարող է լինել ավելի երկար կամ ավելի կարճ, բայց էությունը մնում է նույնը):
Սոցիալական մեդիայի միջոցով բլոգի մասին տեղեկացած մարդկանց մի մասը դարձյալ «բնական ճանապարհով» ցիտում կամ տեղադրում է գրառման հղումներն իրենց կամ մյուսների կայքերում (7): Մի մասն էլ բաժանորդագրվում է մեր RSS հոսքերին (4):
Արդեն աշխուժություն եք զգում, չէ՞: Հենց այս աշխուժացումն է սոցիալական մեդիայի հիմնական առաքելությունը:
3. Գուգլ… նաև բինգ, յանդեքս…
Ահա և հասանք որոնող համակարգերին (8) (իսկ դուք անհանգստանում էիք):
Մեր գրառումը մինչև ճանապարհի այս կետն արդեն հասցրել է ինդեքսավորվել:
Ավելին, գուգլը «հասկացել է», որ եթե գրառման և բլոգի հետադարձ հղումները սկսել են հայտնվել այլ կայքերում (7), որ եթե այն ակիվորեն քննարկվում, «լայքվում» և «ռեթվիտվում» է սոցիալական ցանցում (5), ուրեմն խոսքը ոչ թե հերթական, այլ՝ արժեքավոր նյութի մասին է:
Եվ սկսվում է ըստ համապատասխան բանալի բառերի որոնողական վերելքը՝ դեպի արդյունքների բարձր տողեր:
Իսկ սա իր հետ բերում է գուգլում որոնում կատարող մարդկանց շրջանակներից լրացուցիչ այցելուներ և լրացուցիչ տրաֆիկ:
Ու եթե մեր նշած կանադահայը 2-րդ կետում դեռ չէր տեղեկացվել գրառման ու բլոգի մասին, ապա այս փուլում կտեղեկանա: Իհարկե, եթե որևէ առնչություն ունի վեբ ոլորտի, կայքի առաջխաղացման, որոնողական առաջմղման և հարակից թեմաների հետ:
Երկա՞ր ճանապարհ էր: Անկասկած:
Մեր կողմից վերհսկելի՞ էր այս ուղին: Մեծ մասամբ՝ այո:
Ամփոփում
Մենք երկու տարբերակ ունենք:
Մենք ստեղծում ենք որևէ էջ, նյութ կամ գրառում, ու հանձնում «բախտի քմահաճույքին»:
Կամ էլ՝ ակտիվորեն օգնում և նպաստում ենք, որպեսզի մեր իսկ ստեղծած նյութը արագ և արդյունավետ կերպով հասնի ավելի մեծ թվով ընթերցողներին:
Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի վերաբերմունք ենք մենք ինքներս դրսևորում մեր իսկ ստեղծածի նկատմամբ: Եթե հոգատար ու խնամող ենք, ապա մեր գրառումների ուղին կդառնա կարճ ու հեշտ անցանելի:
Աղբյուրը. e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին եւ ընթերցեք իմ էլ. գիրքը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 544 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 235 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ







{ 4 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }
Օգտակար սխեմատիկ հիշվող հոդված էր: Thank you!!!
Not at all.
օգտակար գործ եք անում..իմ կողմից շնորհակալություն
Շնորհակալ եմ մեկնաբանության ու կարծիքիդ համար: