
Դուք փորձում եք Ձեր կայքը հարստացնել օգտակար եւ որակյալ նյութերով, որպեսզի վաստակեք այցելուների վստահությունը եւ հնարավորինս հաճախ եւ երկար պահեք նրանց Ձեր էջերում: Բայց ոչ հազվադեպ, մինչեւ դուք կհասցնեիք մարդուն բարեւել եւ հրավիրել Ձեր կայք, նա փակում է Ձեր էջը:
Իրականում, որեւէ անծանոթ կայքէջ բացելուց հետո այնտեղ մնալ-չմնալը որոշվում է հաշված վայրկյանների ընթացքում: Եվ, որպես կանոն, այս հարցում ամենավճռորոշ գործոնը լինում է էջի ձեւավորումը, քանի որ մարդիկ միշտ էլ առաջինը գնահատում են արտաքինը, եւ հետո նոր խորանում բովանդակության մեջ: Առաջին տպավորությունն է որոշում՝ մարդիկ կմնա՞ն Ձեր էջերում, թե՞ կտեղափոխվեն այլ կայքեր:
Ես բնավ նկատի չունեմ գայթակղիչ վերնագրերը: Նույն վերնագիրը մի դեպքում կարող է լինել գրավիչ, իսկ մյուս դեպքում՝ մնալ աննկատ: Ես նկատի ունեմ բուն դիզայնը կամ կայքի «արտաքին հագուստը», որը մի դեպքում կարող է լինել յուրահատուկ, կոկիկ եւ աչք շոյող, իսկ մեկ այլ դեպքում՝ շաբլոն, փնթի եւ վանող:
Ի՞նչն է կանխորոշում կայքի դիզայնի գրավչությունը
1. Կայքի դիզայնի յուրահատուկ (օրիգինալ) լինելը
Ուզենք թե չուզենք, շաբլոն կամ կրկնվող դիզայն տեսնելով, մեզնից անկախ ենթադրում ենք, որ բովանդակությունն էլ պետք է շաբլոն լինի, թեեւ դա այդպես չէ: Հակառակը, յուրահատուկ դիզայնով կայքէջ բացելիս, ակնկալվում է, որ պետք է հանդիպես միայն տվյալ կայքին բնորոշ նյութեր:
Զարմանալ պետք չէ, սա մեր ենթագիտակցության մեջ նստած պարզ մարդկային հոգեբանություն է:
Իհարկե, բազմաթիվ բլոգերներ ստիպված են օգտվել այն անվճար թեմաներից, որոնք ընձեռում են WordPress-ը, Blogger-ը, Tumblr-ը կամ էլ մեկ այլ անվճար բլոգ-հարթակ: Մյուս կողմից, դիզայներական աշխատանք պատվիրելը էժան հաճույք չէ: Ամեն դեպքում, փորձեք ընտրել Ձեր կայքի բովանդակությանը լավագույնս համապատասխանող եւ այլ կայքերում հազվադեպ օգտագործվող թեմաներ:
2. Կայքի հասկանալի ու պարզ արտաքին
Հանճարեղությունը պարզության մեջ է, նաեւ՝ մարդկանց ժամանակը եւ նյարդերը խնայելու մեջ: Որքան կայքն ունեցավ բարդ կառուցվածք, այնքան այն կդառնա վանող: Գլխավոր էջը կայքի այցեքարտն է եւ շքամուտքը: Այն ուղեցույց է, թե ինչպես տվյալ կայքում առաջ շարժվել՝ դեպի ավելի խորն ընկած բաժիններ եւ էջեր: Այն պետք է մարդկանց օգնի, եւ ոչ թե շփոթեցնի: Այն պետք է հյուրընկալ լինի, եւ ոչ թե վանող:
Վերջ: Մնացածն ավելորդություն է, այն էլ՝ հոգնեցնող:
Մեծ ցանկություն ունեմ առանձին նշել գովազդների կամ հղումների փոխանակման դաշտերի մասին:
Պատկերացնո՞ւմ եք, ինչ-որ մի հյուր թակում եւ բացում է Ձեր տան դուռը, իսկ դուք հորանջելով սկսում եք այսպիսի մի մենախոսություն՝
«Ողջույն… Հա, չմոռանամ ասել, այս դուռը տանում է դեպի կողքի բնակարան… Ապա տես, թե ինչ լավ գովազդներ եմ փակցրել մեր դռանը՝ սրանք կայքեր են, սրանք էլ՝ այլ կայքերի նյութեր…»:
Եղբայր (կամ՝ քույր), մարդը եկել է Ձեր տուն, իսկ դու ընկել ուրիշներին ես գովաբանում, այն էլ՝ չճանաչելով, թե ում…
3. Տառատեսակներ եւ տառաչափս (Font Family, Font Size)
Հավատաք թե ոչ, սակայն ֆոնտերը կարող են կայքին լրացուցիչ հմայք եւ արժեք հաղորդել կամ էլ կարող են… այդ կայքը ապականել:
Իհարկե, ես չեմ կարող Ձեզ ներկայացնել, թե որն է սակավաթիվ հայերեն յունիկոդ տառատեսակներից «ամենահաջողը»: Ամենալավն այն է, որն առավելագույնս է համապատասխանում Ձեր կայքի ուղղվածությանը եւ բովանդակությանը: Մի դեպքում ամենահարմարը կարող է լինել Arial-ը, մեկ այլ դեպքում՝ Arian-ը, Tahoma-ն, Grapalat-ը կամ էլ Sylfaen-ը:
Հաջորդ պահը տառաչափսն է, որը, լավագույն դեպքում, պետք է ե՛ւ համապատասխանի ընդհանուր դիզայնին, ե՛ւ տեքստը դարձնի հեշտ ընթեռնելի: Հոդվածներից մեկում նշել եմ, որ, ընթեռնելի լինելու տեսանկյունից, լավագույն տառաչափսը 13-14 պիքսելն է (իհարկե, սա կախված է նաեւ տառատեսակից):
Տեքստն ընթեռնելի դարձնելու այլ նրբություններին կարող եք տեղեկանալ՝ բացելով եւ 3-4 րոպե տրամադրելով «Ընթեռնելի էջեր» հոդվածին:
4. Ճիշտ ընտրված գույներ եւ երանգներ

Ոչ ներդաշնակ զույգ
Ես նախատեսել եմ իմ ապագա գրառումներից մեկում ավելի մանրամասնել այս դրույթը եւ ներկայացնել յուրաքանչյուր առանձին գույնի կամ երանգի իմաստը, ուստի այստեղ կբավարարվեմ միայն հորդորելով, որ Ձեր կայքերը ձեւավորելիս զերծ մնաք «աչք ծակող» գույներից եւ գունախաղերից: Կրկին, ինչպես տառատեսակների դեպքում էր, չկա «իդեալական գույն», այլ կան բարձրաճաշակ գունային համադրություններ:
5. Իմաստալից եւ ուշադրություն գրավող նկարներ, պատկերներ
Ես չեմ պատրաստվում զրուցել հոդվածներում ներդրված նկարների մասին, քանի որ այս հարցի վերաբերյալ ունեմ առանձին մի հոդված: Պարզապես հիշեք, որ նկարները եւ պատկերները պետք է լինեն ե՛ւ որակյալ, ե՛ւ պատշաճ ընտրված:
Մեկ անգամ էլ զննեք ու գնահատեք Ձեր կայքում առկա բոլոր պատկերային տարրերը՝ սկսած սոցիալական ցանցերի հղումներից եւ վերջացրած բաններներից: Արդյոք ընտրե՞լ եք այնչափ ներդաշնակ նկարներ, որոնք «լուծվում են» կայքի ամբողջական տեսքի մեջ եւ դառնում վերջինիս անբաժանելի տարրերը, թե՞ նույնիսկ «անփորձ աչքը» կնկատի, որ դրանք պարզապես արհեստական ավելացված «հավելումներ» են:
Թերեւս այսքանը: Համբերատար կսպասեմ Ձեր կարծիքներին: Խնդրում եմ չչարաշահել իմ համբերությունը:
Աղբյուրը՝ e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 583 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 309 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ







{ 21 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }
Արթուր ջան հերթական շատ օգտակար ու հրաշալի գրառումը: Սակայն ցավով պետք է նշեմ՝ հայ ինտերնետային իրականությանը չհամապատասխանող գրառում:
Արամ ջան, ինչ-որ տեղ ճիշտ ես, եւ իմ ցանկությունն էլ այն է, որ գրածներս մի օր համապատասխանեն հայկական ինտերնետին: Հենց սա էլ այս բլոգի առաքելությունն է: Դա կլինի վաղը թե 3-րդ համաշխարհայինից հետո, կախված է բոլորիցս:
Ինչ վերաբերվում է առաջատար բլոգներին, ապա… թեթեւ տար եւ կենտրոնացիր քո, այլ ոչ թե այլոց աշխատանքների վրա: Պարտադիր չէ, որ մարդիկ ասեն՝ տե՛ս, փոխվում եմ: Կարեւորն այն է, որ փոխվեն, թեկուզ՝ լուռ: Եվ ինքս համոզված եմ, որ կաթիլ-կաթիլ այս պրոցեսը շարժվում է առաջ: Ուրիշ ելք չկա
չէ թեթև տանելու խնդիր չունեմ Արթուր ջան, որովհետև իրականում այդ ամենը իմ համար միևնույնն է, ես միայն իմ բլոգի մասին եմ մտածում
ուղակի երբ կարդում էի գրառումդ ակամայից մտքումս այդ բլոգները եկան ու հասկացա, որ նրանք չեն համապատասխանում գրածներիդ: Բայց դե ինչպես դու ես ասում հուսանք 
Ես մի փոքր մեկնաբանություն ունեմ խառը դիզայնով կայքերի մասին, թե ինչու դրանք շատ այցելություններ ունեն: Կարծում եմ դա նորմալ է. քանի որ այսօր հայ օգտագործողների մի մասը խառնափնթոր պատկերացում ունեն ինտերնետի մասին, ու էդ պատկերացումից էլ բխում է նրանց գործողությունները: Միգուցե իմ կայքն (varord.am) էլ չի փայլում դիզայնով, ավելին` հնարավոր է, որ մռայլ է, բայց մի բան հաստատ է, այնտեղ ավելորդ բաներ չկան: Եթե ակնեղծ լինեմ, չեմ հավանում իմ կայքի դիզայնը, թեկուզ և այն պատճառով, որ մռայլ է. միգուցե աչքս է սովորել:
Մի խոսքով թեթև տարեք, որովհետև այդ խառնափնթոր կայքի այցելուները, Ձեր այլցելուները չեն, եթե դուք որակյալ կայք եք ստեղծել: Ես ինձ էլ եմ հույս տալիս, որ ժամանակը ամեն ինչ իր տեղը կգցի:
Ազատ ջան, ես քո կայքում մռայլություն չտեսա, այլ ընդհակառակը՝ բավականին լուսավոր կայք էր և ամենակարևորը օգտակար ռեսուրս:
Ազատ ջան, շնորհակալ եմ կարծիքդ հայտնելու համար, որին մասամբ համաձայն եմ:
Լրատվական կայքերից զատ, հիմնականում ժամանցային, սերիալներով ու կարգին հաղորդումներով լի եւ օդնոկլասնիկային տիպի կայքերն են ունենում բարձր հաճախելիություն, ըստ որում, դրանց մեծ մասն ապահովվում է դպրոցականների կամ անչափասների կողմից: Ես չեմ ասում, որ այս կայքը միայն չափահասների համար է, սակայն այն դպրոցականը, ով իմ ընթերցողն է, չեմ կարծում, որ շատ հրապուրվի այլ, քո ասած խառնափնթոր կայքերով (մի բան ասեմ, շատ չխնդաս, մինչեւ հիմա չէի լսել «խառնափնթոր» բառը, դրա համար էլ եմ շնորհակալ):
Այնպես որ, ժամանակի հետ ամեն ինչ կընկնի իր տեղը: Ես ինքս ձգտում եմ, որ այդ ժամանակը կրճատվի, ու ձեւավորվի վեբ կայքերի պատրաստման, վարելու եւ բովանդակության կուլտուրա:
Ինչ վերաբերվում է վարորդ դառնալու կայքի դիզայնին, ապա այն տեղ ունի կատարելագործելու, բայց չէի ասի, որ մռայլ է: Կառաջարկեի վերին հորիզոնական մենյուի հիպերլինկերիդ կուրսորի ձեւը փոխես ու hover-ի ժամանակ տեքստային բլոգը մի քիչ փախնում է ձախ, դա վերացնես: Մեկ էլ առաջնորդող «Չգիտե՞ք ինչից սկսել» տեքստը մի քիչ կրճատես ու մի քանի կարեւոր հղումներ տեղադրես:
Հ.Գ. Բա էն ԱՊՊԱ-մենք-ի կայքն ի՞նչ արեցիր:
Արթուր ջան կարծում եմ այս նյութը ավելի շատ այն մարդկանց մասին էր, ովքեր վառ երևակայություն ունեն և կարողանում են գեղեցիկ դիզայն ստեղծել, իսկ այն մարդիկ, ովքեր չեն կարող, նրանց ի՞նչ խորհուրդ կտաս:
Արամ ջան, ինքս ucoz-ից երբեւէ չեմ օգտվել ու տեղյակ չեմ, թե ինչ քանակության եւ որակի անվճար թեմաներ են տրամադրվում: Օրինակ, wordpress.org-ից կարելի է ներբեռնել 1,447 անվճար թեմաներ (էլ չեմ ասում վաճառվող premium թեմաների մասին):
Ամեն դեպքում, եթե ցանկանում ես պատրաստի թեման ձեւափոխել (թեկուզ՝ Ձեր կայքի համար առանձնահատուկ դիզայն ստանալու համար), ապա անհրաժեշտ է իմանալ որոշակի գիտելիքներ առնվազն 2 ոլորտում՝ PHP/HTML լեզու եւ CSS:
Հակառակ դեպքում ստիպված եք լինելու դիմելու դիզայներներին, որպեսզի նրանք անեն մի բան, որը այդպես էլ մինչեւ վերջ Ձեզ չի բավարարելու
Իսկ քո կարծիքով բլոգի գլխավոր էջում արժե դնել անիմացիաներ և քո կարծիքով (միայն մաքսիմալ անկեղծ) ինչ արժի փոփոխել իմ բլոգում (sheroblog.com):
Արամ ջան, փորձեմ պատասխանել
1) Ըստ իս, գլխավոր էջում կարելի է անիմացիա դնել, եթե
- այն չի խանգարի եւ այցելուներիդ ուշադրությունը չի շեղի բուն կայքից դեպի այդ անիմացիան
- այն համապատասխանում է կայքի ընդհանուր դիզայնին
- այն բավանականաչափ փող է բերելու քեզ
Անցնեմ կայքիդ, եւ փորձեմ լինել հնարավորինս անկեղծ: Ու պատասխանեմ,”եթե ես լինեի” տարբերակով:
Եթե ես լինեի, ապա՝
- կպարզեցնեի վերին հորիզոնական նավիագացիոն մենյուն եւ կթողնեի միայն ամենակարեւոր հղումները (օրինակ, ի՞նչ իմաստ ունի 3-րդ տեղում դնել Կայքեր-ը՝ իր երկու ենթամենյուով (հետաքրքիր եւ տեղեկատվական))
- Ծանուցումներ-ը կդարձնեի ավելի տեսանելի եւ գրավիչ
- Աջ կողմնային սյունակից (siderbar) կհեռացնեի՝ ԳՈՎԱԶԴ, ԱՐԽԻՎ, ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ՀԵՏԱՔՐՔԻՐ…, իսկ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ-ը կդարձնեի ավելի տեսանելի ու գրավիչ
- Ֆութերում կթողնեի միայն 1 հաշվիչ
- ընդհանրապես, ստորակետներից ու վերջակետներից հետո բացատ (space) կթողնեի (օրինակ, քո մասին պատմող էջում)
- ու տենց… իսկ եթե քո առանձին դոմենն ունես, ուրեմն ucoz-ից կանցնեի wordpress-ի (ներբեռնիր wordpress.org-ից), իսկ եթե հոսթինգի խնդիր ունես, ապա դիմիր HayHost.ru-ին, անվճար տրամադրում են (ինքս Հայկական լրահոսը տեղափոխել եմ իրենց մոտ, ու նորմալ աշխատում է):
Առաջին հայացքից՝ այսքանը:
Հ.Գ. Ես քո բլոգը SEO Certification-ի պահով զննել եմ, նույն սխալները կրկնվում են (որը ucoz-ինն է, եւ ոչ թե քոնը)
Շատ շնորհակալություն, միայն մի բան չհասկացա ինչպես թե անցնեմ wordpress-ի,իսկ բլոգիս արունակությունը ի՞նչ կլինի:
Դա արդեն պիտի հետաքրքրվես-տեսնես, թե արդյոք կա Ucoz-to-WP ինչ որ փոխարկիչներ: Ծայրահեղ դեպքում, պետք է մեկ-մեկ տեղափոխես գրառումներդ, եւ մեկ-մեկ 301 redirect-ներ դնես՝ հին հղումից դեպի նորը: Կարծում եմ, որ այս հոդվածը օգտակար կլինի:
Ճիշտն ասած ինձ միշտ էլ դուր է եկել WP-ն իր լայն հնարավորություններով, սակայն վախենում եմ տեղափոխելուց հետո բլոգս ոտքի չկանգնի, առանց այդ էլ նոր դոմեյն գրանցելուց հետո շատ է հետ ընկել (որոնողական համակարգերում դեռ ամբողջությամբ չկա, Xnet.am-ի ակաունթս եմ փոխել և այլն) ու վախենում եմ այդ ամենից հետո ոտքի չկանգնի: Իսկ ի՞նչ ես կարծում, հնարավոր կլինի՞ ucoz-ով “կարգին” բլոգ պատրաստել:
Մեկ էլ,որ գրել էիր՝
չհասկացա այս տողը՝ օրինակ, ի՞նչ իմաստ ունի 3-րդ տեղում դնել Կայքեր-ը՝ իր երկու ենթամենյուով (հետաքրքիր եւ տեղեկատվական))
Շնորհակալություն
Արամ ջան, ճիշտ 301 ռեդիրեկտներ դնելու եւ sitemap.xml-դ wembaster tool-ում գրանցելու դեպքում 1-2 ամիսը հերիք է, որ հին հղումներդ գուգլից անհետանան, եւ նորերը ինդեքսավորվեն:
Արամ ջան, քո կայքի հորիզոնական մենյուի 3-րդ տեղում ի՞նչն է,
1. Home
2. ԲԼՈԳ
3. ԿԱՅՔԵՐ
….
Վերջում էլ՝ ՖՈՐՈՒՄ
Ի՞նչ կա չհասկանալու:
Բլոգը կարգին է առաջին հերթին բովանդակությամբ: Այնպես որ կարգին բլոգ կարելի է ունենալ Ucoz-ով էլ, WP.com-ով էլ ու Blogger-ով էլ:
Ucoz-ը, որքան հասկացել եմ, բավականին թեթեւ է, բայց թե, ինչքան ucoz-ային կայք եմ տեսել, ոչ մեկը չունեն նորմալ meta title tags, meta description tags, URLs… իսկ սրանք որոնողական օպտիմալացման կարեւոր տարրերն են:
Չէ ուզում եմ հասկանալ, թե ինչ տարբերություն որ տեղում, ասենք 3-րդում չէ, բա ո՞րտեղ:
Լավ, անցած… ես որպես օրինակ էի բերել: Նկատի ունեի, որ գլխավոր մենյուդ շատ ծանրաբեռնված է:
Բայց ինչո՞ւ կայքդ բացելիս սենց մեսիջ է հայտնվում:
Нарушены условия использования шаблона!
По всем вопросам обращайтесь по адресу:
[email protected]
Հեչ, նոր դիայն էի ուրիշ կայքից դրել, ու իրանք էտ դիզայնները վաճառում են, ես էլ անվճարը վերձրեցի ու էն ինչ-որ վճարումից հետո է հանվում,դրանցից երկու հատը հանեցի (շատ էր խանգարում) դրա համար էլ տենց էր գրում, բայց էլ չի գրի:
Մեկ էլ, Արթուր ջան, կասեիր, թե ինչպես բլոգս որոնողական համակարգերում գրանցեմ (անվճար):
Անկեղծ ասած, առաջին անգամ եմ նման հարցի հանդիպում
Քո բլոգը վաղուց ինդեքսավորվել է գուգլի կողմից (About 675 results):
Ասեմ ավելին, վճարովի չկա էլ, որ նշել էիր՝ անվճար:
Նման հարցեր բարձրացնում ես, քանի որ չես կարդացել գուգլ-օպտիմալացման վերաբերյալ խիստ օգտակար հոդվածների շարքը: Բացիր այս էջը եւ ուշադիր ընթերցիր բոլոր գլուխները /հղումները:
Շատ լավ դիտարկումներ եք արել, եւ անդրադարձել եք այնպիսի կետերի որոնք շատերի կողմից արհամարհված են, ինչպես նշվեց վերեւում: Ինչ խոսք, որ բոլոր կետերն էլ կարեւոր էն, բայց ինձ հատկապես հետաքրքրեց պատշաճ գույների ընտրության պահը: Ինքս ինտերնետային կայքերով չեմ զբաղվում, բայց գործիս բերումով հաճախ եմ շփվում գույների հետ, այնպես որ անհամբերությամբ կսպասեմ Ձեր այդ հոդվածին:
Հարգանքով՝ Աստղիկ
Հարգելի Աստղիկ, շնորհակալ եմ խոսքերիդ համար: Շատ երկար չեք սպասի, քանի որ հոդվածն արդեն իսկ պատրաստ է եւ նախատեսված է նոյեմբերի 2-ին, ժամը 0:05-ին (այսօր, կեսգիշերից 5 րոպե անց): Եվ կխնդրեի մի կողմ դնել պաշտոնական ելեւէջներն ու շփվել ավելի ազատորեն: