Վեբ դիզայնի ամենատարածված 3 սխալները կամ… հայկական ռեստորաններից մեկում

Հեղինակ՝ Artur  ·  21-07-2011 (Թարմացվել է՝ 21-07-11)

Բաժին՝ Վեբ դիզայն

գրավիչ

Կայքին հաջողության բերողը կամ անհայտության մատնողը բովանդակությունն է: Մարդիկ Ձեր կայք գալիս են, որպեսզի յուրացնեն բովանդակությունը, եւ ոչ թե գնահատեն դիզայնը: Որքան էլ ռեստորանի պատերն ամենաթանկ մարմարից լինեն, մենք այդ շենքը մտնում ենք ճաշելու համար:

Մի վայրկյան, փլիզ: Մի շտապեք միանգամից համաձայնվել: Հենց հիմա մի բան կասեմ, եւ դուք կսկսեք երկմտել իմ առաջին մտքի վրա:

Մարդիկ, բացելով Ձեր կայքէջը, առաջինը տեսնում են կայքի դիզայնը, իսկ բովանդակությանը ծանոթանում են ավելի ուշ: Եվ եթե դիզայնն անհաջող եղավ, բովանդակությունն այսպես թե այնպես կհայտնվի վատ դիզայնի ստվերի ներքո: Ու եթե մտար ռեստորան, տեսար մատուցողի սեւ վերնաշապիկն ու հարցրեցիր, թե՝ ինչո՞ւ է սեւ, ու նա էլ պատասխանեց, թե՝ որ վրայի կեղտը շուտ չերեւա, ապա չեմ կարծում, որ քո պատվերները նման պատասխան լսելուց հետո կշատացնես:

Այսօրվա վեբ ծրագրերը, առավել եւս՝ բլոգ հարթակներն առաջարկում են կայքէջի իրենց սեփական ձեւավորումները: Քիչ չեն նաեւ այս կամ այն հարթակի անվճար կամ «պրեմիում» դիզայներական լուծումներ առաջարկող անհատները եւ կազմակերպությունները:

Սակայն, մենք միշտ էլ ցանկանում ենք կայքէջի արտաքին տեսքում ինչ-որ բան փոխել, յուրահատուկ տարրեր ներմուծել: Մի խոսքով՝ «բզբզել», որի արդյունքում էջը կամ ավելի գրավիչ ու արդյունավետ է դառնում, կամ էլ՝ հակառակը:

Ես կներկայացնեմ կայքէջի դիզայնի ամենատարածված սխալները, իսկ դուք ստուգեք եւ համոզվեք, թե Ձեր կայքի համար իմ նշած կետերը ճի՞շտ են, թե՞ սխալ են:

Վեբ դիզայներական սխալ կամ ռեստորանային լուծումներ

1. Դիզայնը չի համապատասխանում բովանդակությանը

Իդեալական պայմաններում, կայքէջի կառուցվածքը, գույները, հավելյալ դաշտերը, նկարները եւ պատկերները պետք է այցելուին հուշեն, թե ինչի մասին է տվյալ կայքը: Հակառակ դեպքում, գոնե չպետք է շփոթություն առաջացնեն:

Երբեմն համացանցում տեսնում ես անձնական կայք՝ կորպորատիվ ոճի դիզայնով կամ որեւէ կազմակերպության պաշտոնական կայք՝ ստանդարտ ու տվյալ բրենդի մասին ոչ մի կերպ կապ չունեցող ձեւավորմամբ: Արդյունքում, ստացվում է ձվածեղ՝ խորը կաթսայում կամ էլ տեքիլա՝ լայնաշուրթ բոհեմյան ճենապակյա գավաթում:

2. Դիզայնը թույլ չի տալիս առանց ավելորդ ժամանակ կորցնելու անցնել բովանդակությանը

Դիզայնը բովանդակությունը մատուցելու միջոց է եւ պետք է ծառայի այդ բովանդակությունը լավագույնս մատուցելուն, եւ ոչ ավելին:

Բայց ինքներդ հանդիպել եք հաստատ խրթին կառուցվածքով կայքեր, որտեղ նավարկելու ուղիներն անհասկանալի են եւ ստիպված ես տարբեր միջանկյալ էջեր շրջանցել՝ ուշադրությունդ շեղելով ոչ պետքական մանրուքների վրա: Խոսքն այն մասին է, երբ մատուցողից գինի ես խնդրում, իսկ նա տխուր դեմքով բերում եւ սեղանիդ է դնում գինու չբացած շիշը եւ խցանահանը:

3. Դիզայնը խանգարում է բովանդակության յուրացմանը

Սա, թերեւս, ամենատարածված սխալն է, երբ անսովոր տառատեսակները, տառերի «մանրադիտակային» չափսերը կամ էլ աչքդ հոգնեցնող «բոլդացումները», տառի եւ ֆոնի «լղոզված» գույները, տեքստի մեջ «մխրճված» նկարները, միմյանց միաձուլված պարբերությունները, ընթերցելուն խանգարող անիմացիաները չեն թողնում, որպեսզի նորմալ կարդաս:

Երբ ականջներդ մի քանի տասնյակ դեցիբալանոց հայկական մուղամ է սղոցում եւ դու հարբում ես ոչ թե օղուց, այլ՝ աղմուկից, եւ երբ վնգստացող «երգիչը» չի թողնում, որ դիմացինիդ կենացը մինչեւ վերջ ասես, իսկ արենայում էլ մի գեր կին իր նիհար ամուսնու հետ տռճիկ են տալիս, ապա ինչ պատվիրել էիր, կթողնես սեղանին ու ժամ առաջ դուրս կգաս դեպի հաճելի լռություն:

Վերջաբանի փոխարեն

դեմքի հարդարումՄի քանի օր առաջ մի գողտրիկ սրճարանում էի: Երեկո էր, եւ այդ սրճարանի հաճելի լուսային էքստերիերը եւ մեղմիկ «Say no more» երգը ստիպեցին, որպեսզի հենց այդ սրճարանը մտնենք: Մեզ համեստ, բայց գրավիչ ժպիտով դիմավորեց մի չքնաղ հայուհի: Հրավիրեց, ուղեկցեց մինչեւ մեր սեղանը, գրանցեց եւ մի քանի րոպե անց բերեց մեր պատվերը, «խնդրեմ»-ով ու «շնորհակալություն»-ով համեմված խոսքով հյուրասիրեց եւ հեռացավ… Եվ թեկուզ այն, որ գարեջուրը ոչ շատ սառն էր, միեւնույն է, մենք հեռացանք տպավորված, հանգստացած եւ հաջորդ անգամ նույն սրճարանը վերադառնալու նախատրամադրվածությամբ:

Աղբյուրը՝ e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում -ը գրել է 583 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 309 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

{ 0 մեկնաբանություն… ավելացրու նորը }

Չմոռանաք գրել ձեր կարծիքը

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.