Ինչու ձևափոխեցի բլոգի արտաքինը և ինչ տվեց այն ինձ

Հեղինակ՝ Artur  ·  20-01-2012 (Թարմացվել է՝ 20-01-12)

Բաժին՝ Վեբ դիզայն

վեբ դիզայներ

Շուրջ երկու ամիս առաջ ես ամբողջապես փոխեցի այս բլոգի թեման ու ընտրեցի այն, ինչ տեսնում եք այս պահին: Ձեզնից ոմանք ներկայիս ձևավորումը հավանեցին, մի մասը՝ չհավանեց (մեկ անգամ ևս շնորհակալ եմ ձեր խորհուրդների համար): Չհավանողների մի մասն էլ, նոր տեսքին ընտելանալուց հետո (երևի) հավանեց:

Ահա, այս նոր ձևավորման երկու ամսյակի նախաշեմին, ցանկանում եմ ձեզ բացել մի մեծ գաղտնիք: Անկեղծ ասած, ինքս սպասում էի, որ այս մասին ինձ կհարցնեն, բայց նման հարցեր և ոչ մեկը չտվեց: Հիմա ես ձեռքիս տակ փաստեր ունեմ, ուստի կարելի է նաև «բացել խաղաթղթերը»:

Ինչո՞ւ նոր դիզայն

Հիշո՞ւմ եք. մի առիթով ասել եմ, որ կա մի հրաշք-հարց, որը տակնուվրա է անում մարդու մտքերը: Չհիշեցի՞ք. ոչինիչ, ես չեմ զլանա ու կկրկնեմ՝ ինչ-որ նոր գործ սկսելուց առաջ պատասխանեք «ինչո՞ւ» հարցին:

Ես ցանկանում եմ ձեզ պատմել այն մասին, թե ինչո՞ւ ինքս անցա կայքի այս նոր տեսքին: Ասել, թե՝ բան ու գործ չունեի, ընդհանրապես տեղին չի լինի (առավել ևս, որ իմ մոտ չի ստացվում պարապ մնալ):

Ես բլոգի ձևավորումը փոփոխել եմ՝ ելնելով հետևյալ երեք պատճառներից`

  • հնարավորինս թեթևացնել էջը և գրառումներն ընթերցելու համար ստեղծել առավելագույնս նպաստավոր պայմաններ.
  • բարձրացնել իմ գրքերը ստանալու համար բաժանորդագրվող, դրանք ներբեռնող ու ընթերցող մարդկանց թիվը.
  • բարձրացնել բլոգի RSS հոսքերին բաժանորդագրված մարդկանց թիվը:

Ես ինքս համոզված էի (և այժմ էլ մնում եմ իմ տեսակետին), որ նոր դիզայնն այլ դրական արդյունքներ էլ կտա, բայց, կրկնեմ, բլոգի նոր թեմային անցել եմ առաջին հերթին վերևի երեք խնդիրները լուծելու համար:

Ահա թե ինչու բլոգը դարձել է թեթև: Ես նկատի չունեմ ՄԻԱՅՆ էջը բեռնվելու արագությունը, որին հասել եմ բլոգն առավելագույնս «պլագինա-վիջեթազերծ» անելու, նաև՝ վորդպրեսի օպտիմալացման այլ քայլերի միջոցով: Եվ, ահա թե ինչու կայքի գլխավոր և առանձին գրառումների էջերում դուք տեսնում եք նոր գրառումների էլ. տեղեկացումներին գրանցվելու և գրքերը բեռնելու դաշտերը:

Թե ինչու են այս երեքն ինձ համար դարձել «գերխնդիր», դա այլ հարց է: Մեզանից յուրաքանչյուրն ունի իր նպատակները (որոնց մի մասը հաստատ կրկնվում է): Շատ այցելուներ, մեծաքանակ դիտումներ, բարձր դիրք գուգլում, հեղինակություն, վաճառք, մեծաթիվ լայքեր և այլն:

Ես ձգտում եմ ունենալ կայուն ընթերցողներ ու բաժանորդագրվածներ: Մարդիկ, ովքեր յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ կբացեն իմ բլոգը: Ովքեր կկարդան, կգոհանան ու ետ կվերադառնան: Ես ցանկանում եմ, որպեսզի իմ ընթերցողները կապվեն ինձ ու իմ բլոգի հետ: Նաև, որպեսզի «e-armenians» արտահայտությունը ձեզ միայն դրական լիցքեր հաղորդի: Մնացածն ամեն ինչն ինձ համար երկրորդային է:

Արդյունքներ (2 ամիս անց)

Նախ, եկեք ներկայացնեմ թվերը:

ՉափորոշիչԱրդյունք
1. Կայքի արագություն85-87 ըստ գուգլ լաբս-ի (մինչ այդ՝ 80-82, երբեմն՝ ավելի ցածր)
2. Էլ. գրքերՕրական 2-3 նոր բաժանորդագրվածներ (մինչ այդ՝ շաբաթը 2-3): Ըստ որում, լավագույն ցուցանիշը գրանցվել է ռեդիզայնի առաջին օրերին՝ մինչև 10/օր:
3. RSS հոսքերՕրական 1-2 նոր բաժանորդագրվածներ (մինչ այդ՝ շաբաթը 2-3):

Ավելացնեմ նաև, որ նոր դիզայնից հետո արձանագրել եմ էլ. գրքերին 165 նոր բաժանորդագրություններ, իսկ RSS հոսքերին գրանցվածների թիվը հասել է 309-ի:

Ինչի՞ մասին է վկայում նշանակում այս թվերի աճը: Ըստ իս, մեկ բան՝ ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես նախատեսել էի:

Այսքանը: Վերջում մի փոքրիկ ընկերական խորհուրդ:

Մի բան փոփոխելուց կամ նախաձեռնելուց առաջ սահմանեք հստակ ու իրատեսական խնդիրներ, և որոշ ժամանակ՝ 1 ամիս, 3 ամիս կամ 6 ամիս անց (կախված ձեր խնդրից) ստուգեք, թե ինչքանով լուծվեցին այդ խնդիրները:

Ցանկալի կլիներ տեղեկանալ ձեր փորձին, հատկապես, եթե դուք վերջերս կամ ավելի վաղ անցել եք նոր դիզայնի Ինչո՞ւ փոխեցիք դիզայնը և ի՞նչ արդյունք ստացաք:

Աղբյուրը՝ e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում -ը գրել է 583 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 309 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

{ 13 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }

Վահան Հունվար 20, 2012, 1:05 PM-ին

Գուցե նշված պատճառները արդարացնում են ստացված արդյունքները, այնուամենայնիվ ես չեմ հավանում այս նոր տարբերակը:

Ինչո՞ւ:

Որովհետև շատ անհարմար է դարձել կայքում շրջելը, իսկ դա շատ կարևոր է: Ստուգեք, գուցե էջերի դիտումների քանակը պակասել է:

Փնտրող համակարգը խիստ անտեսված է, իսկ արդյունքների դիտումը անհարմար: Ես երբեմն հին թեմաներ էի փնտրում, պետք էր լինում, իսկ այժմ չեմ ցանկանում այն օգտագործել:
Խորհուրդ չէի տա որևէ հին թեմա ջնջել: Մի անգամ գրել էիք, որ հակված եք որոշ բաներ ջնջել: Դրանք երբեմն կարդում ենք: Ամեն դեպքում պատմություն է:

Ավելացրեք հատկորոշիչները (tags), այցելուն միանգամից կտեսնի, թե Ձեր կայքը ինչի մասին է խոսում: Այդ բառակույտը կամ բառաքարտեզը Ձեր կայքի համառոտ բնութագիրն է: Ես կարևորում եմ այն:

Բաժինները` մենյուն ևս բնորոշում է կայքը: Մարդը մտնում է կայք, ցանկանում է ինչ որ տեղ գնալ, իսկ Դուք միանգամից բաժանորդագրություն եք առաջարկում: Նախ մենյուն մատուցեք:

Ես անձամբ արագագործության խնդիրը կամաց-կամաց մղում եմ 2-րդ պլան, որովհետև ինտերնետը ավելի արագ է զարգանում և դա արդեն խնդիր չէ: Մի անգամ ծանր, բայց գեղեցիկ նկարներ էին դրել ինձ մոտ, այդ շրջանում այցելությունները կայք բազմապատկվել էին:
Իհարկե այս հարցում չափը չպետք է անցնել, բայց խիստ մինիմալիստ լինել էլ շատ անգույն է ստացվում:

Մեծ, լավ, նույնիսկ միջին կարգի մոնիտորների վրա կայքի այս տարբերակը խիստ անշուք է:

Նոր ձևավորումը ավելի շատ կայքի շահերն է հետապնդում, այսինքն` բաժանորդագրություն և այլն, քան` այցելուի, մինչդեռ կայքի շահը այցելուի գոհունակությունն է:

Մի խոսքով, Արթուր ջան, փոխի՛ր:

Հ. գ.
Ինչպե՞ս եք հայերեն փոխարկիչն ավելացրել ներքևում:

Պատասխանել

Արթուր Հունվար 20, 2012, 2:48 PM-ին

Վահան ջան, շնորհակալություն բովանդակալից կարծիքիդ համար: Նշածդ թերությունների վրա կմտածեմ հաստատ, բայց թեման չեմ փոխի 100%:

Բայց մի քանի նկատառում, այնուամենայնիվ, ունեմ՝
- “Փնտրող համակարգը անտեսված է”՝ ի՞նչ նկատի ունես: Այն, որ որոնման դաշտը աչքի չընկնող տեղո՞ւմ է: Վորդպրեսը երբեք չի փայլել իր որոնման համակարգով, իսկ օժանդակ պլագիններ օգտագործել չեմ ցանկանում: Ամեն դեպքում, անձամբ ինձ ինչ պետք է եղել, աջ սայդբառի գուգլ-որոնմամբ գտել եմ:
- Պիտակները հեռացրել եմ, որովհետեւ դրանց ՕԳԳ-ն չնչին էր: Եթե ոչ մեկը չի սեղմելու այդ հղումները, ինչո՞ւ ցուցադրեմ: Առավել եւս, որ ամեն կերպ փորձում եմ վերնագրերը, ենթավերնագրերն ու առաջին տողերը խոսուն դարձնել:
- Ես որեւէ գրառում չեմ հեռացրել մինչ օրս:
- Մենյուի պահով ես ունեմ իմ պատկերացումները: Ու չեմ կարծում, որ դա շատ կարեւոր դաշտ է: Դրա համար տեղափոխել եմ աջ սայդբառ:
- Էջի դիտումների նվազեցում ինչ-որ չեմ նկատել: Եվ եթե նվազում էլ է, ապա պատճառը մենյուի մեջ չպետք է որոնել, այլ գուցե գրառումներն են դարձել անհետաքրքիր (ինչպես Ամզոնն էր նկատել օրեր առաջ)
- Էջի անշուքության մասին. էս չեմ էլ ցանկանում, որ այն շքեղ լինի: Սա ընթերցելու համար նախատեսված բլոգ է առաջին հերթին: Ու, եթե ինչ-որ մեկը ցանկանում է ինչ-որ նոր բան իմանալ կամ ինչ-որ նոր բանի մասին տեղեկացնել մեզ, դժվար թե էջի շքեղությանը նայի: Սա իմ անձնական կարծիքն է: Ընդհանրապես, ինչպես հասկացել ես, ես ինքս մինիմալիստական դիզային կողմնակից եմ:

Ամեն դեպքում, քո մտահոգություններն ինձ էլ մտահոգեցին: Այնպես որ շաբաթ-կիրակի օրերին ժամանակ կգտնեմ ու մի լավ կխորհեմ: Անչափ շնորհակալ եմ:

Պատասխանել

Artur Potosyan Հունվար 20, 2012, 9:26 PM-ին

Վահան ջան, ՀԳ-ի պահով, այս մեկնաբանության մեջ ամեն ինչ նկարագրված է:

Պատասխանել

Վահան Հունվար 20, 2012, 3:29 PM-ին

Ես քո այցելուներից մեկն եմ: Առաջ երբ բացում էի e-armenians.com-ը, մի հատ նայում էի, թե` էստեղ-էնտեղ ինչ կա-չկա: Հիմա չեմ բացում, որովհետև այնպիսի տպավորություն ունեմ, որ ամեն ինչ «գրողի ծոցն է անցել», չկա, վերջին նյութերն են ու վերջ: Հա, մեկ էլ մեծ «խփած» Բաժանորդագրությունը` նորից վերջին գրառումների/նյութերի առնչյալ:

Որոնման համակարգի տեղի լավագույն օրինակը Գուգլն է: Մենակ չասես, թե Գուգլը միայն որոնում է առաջարկում:

Կայքի այցելությունների վիճակագրության արդյունավետությունը պետք չէ սեղմումներով (clicks) հաջողված համարել: Կան բաներ էջում, որոնց չենք սեղմում, սակայն ազդում են մեզ վրա, ինչպես օրինակ կարդում ենք, բայց չենք մեկնաբանում: Այս առումով պիտակներն ինձ համար զուտ պիտակներ չեն, այլ` էջի հատկորոշիչներ: Փոխեք բառի կիրառությունը և կտեսնեք տվյալ գործիքի կարևորությունը:

Ամեն դեպքում, չեմ շարունակի համառել/վիճել, կարծիքները տարբեր են:

Երբ փոխես ձևավորումը, անպայման մի նյութ կգրես, հետո բաժանորդագրությամբ կիմանամ այդ մասին ու հաստատ կշնորհավորեմ քեզ :) ))) որ մեզ էս տանջանքից ազատեցիր :) )))))))))

Պատասխանել

Արթուր Հունվար 20, 2012, 3:52 PM-ին

Վահան ջան, ես ընդամենը ցանկանում եմ մինչեւ վերջ քեզ հասկանալ, եւ ոչ թե ընդդիմանալ:

Օրինակ՝

Առաջ երբ բացում էի e-armenians.com-ը, մի հատ նայում էի, թե` էստեղ-էնտեղ ինչ կա-չկա: Հիմա չեմ բացում, որովհետև այնպիսի տպավորություն ունեմ, որ ամեն ինչ «գրողի ծոցն է անցել», չկա, վերջին նյութերն են ու վերջ…

Հիմա ի՞նչն է քեզ խանգարում, որ “նայես, թե՝ էստեղ-էնդեղ ինչ կա չկա”:

Պատասխանել

Ազատ Հունվար 20, 2012, 7:27 PM-ին

Ողջույն

Հաշվի առնելով մինիմալիստական իմ մոտեցումը, ես նորից կպնդեմ, որ կայքի ձևավորումը լավն է: Էդ պիտակները, իմ կարծիքով, լրիվ անիմաստ բան են, համենայն դեպս, որքան մարդ այնքան կարծիք: Իմ խորը համոզմամբ, բլոգի նպատակը այցելուների մեծ բանակը չէ, այլ կայուն այցելուների մեծ թիվը (մի օր երևի սրա մասին կգրեմ), հետևաբար Արթուրի նպատակային ցուցանիշների աճը խոսում է նոր դիզայնի օգտին:

Ես չէի ուզում գրել, բայց ամեն դեպքում, քանի որ այդ խնդրին անդրադարձ է եղել, կասեմ նաև իմ կարծիքը, քանի որ վստահ եմ, որ դա կօգնի կատարելագործել բլոգը:

Կար մի պահ, ընդ որում ոչ շատ վաղ անցյալում, երբ հոդվածի վերնագիրը կարդալիս հասկանում էի, թե ինչ պետք է գրված լիներ, ու նույնիսկ դեպքեր էին լինում, որ չէի կարդում: Կուզեմ նորից գտնել ինձ համար միշտ շատ հետաքրքիր e-armenians-ը:

Վստահ եմ, որ մեզանից շատերը պարզապես այս բլոգը իրենց հոգեհարազատ ռեսուրս են համարում: Ուրեմն կոչ եմ անում բոլորին, գտնել մի քիչ ժամանակ, ու սեփական հոդվածը ներկայացնել այս բլոգում, քանի որ Արթուրը այս հնարավորությունը տալիս է, ու կարող ենք սովորել ոչ միայն Արթուրի փորձից, այլև մեկս մյուսից:

Մի առաջարկ էլ Վահանին. միգուցե դու իսկապես ճիշտ ես, ու պիտակները մեծ դեր ունեն բլոգի առաջշարժման գործում: Գրիր քո տեսակետը հոդվածի տեսքով ու հիմնավորիր: Չկան բացարձակ սխալ ու բացարձակ ճիշտ տեսակետներ և միգուցե մի բան էլ դու մեզ սովորեցնես:

Պատասխանել

Artur Potosyan Հունվար 20, 2012, 9:23 PM-ին

Ազատ ջան, քեզնից էլ եմ շնորհակալ: Իհարկե, ցանկալի կլիներ բլոգում լսել, կարդալ ու տեսնել տարբեր հեղինակների:

Բայց, ոնց որ թե լեզվիդ վրա բան կա, մինչեւ վերջ չես ասում: :)

Կար մի պահ, ընդ որում ոչ շատ վաղ անցյալում, երբ հոդվածի վերնագիրը կարդալիս հասկանում էի, թե ինչ պետք է գրված լիներ, ու նույնիսկ դեպքեր էին լինում, որ չէի կարդում: Կուզեմ նորից գտնել ինձ համար միշտ շատ հետաքրքիր e-armenians-ը:

Եթե “կորցրել ես” e-armenians-ը, ապա կխնդրեի իմանալ պատճառները:

Պատասխանել

Տիգրան Հունվար 20, 2012, 10:33 PM-ին

ասեմ շատ լավ ստացվեց դիզայնի փոփոխությունը, սկզբից այնքան էլ չէի հավանում, բայց հարմարվելու վրա է…
Ստեղ մի հանգամանք կա, կայքի կոնտենտն է, օրինակ վերցնենք ինչ-որ կազմակերպության կամ բնակավայրի կայք, որտեղ դիզայնի ոչ-մինիմալիստական լինելը այդքան էլ ճիշտ չէ՝ ներկայանալի լինելու և այլ պատճառներով: Իսկ e-armenians-ում ես կարդում եմ նյութը և ինձ պետք չի լրացուցիչ ճոխ դիզայն, որը «խոսքի պակասը» կասեր (ինչպես քիչ կոնտենտ ունեցող կայքերում օրինակ):
Ինչ գնում է ինդեկսացմանը և դիրքը գուգլում, ապա արդեն ինչքանով տեղյակ եմ գուգլը թույլատրում է Googlebot-ին տրամադրել այլ նյութ, իսկ այցելուին՝ այլ,որով կարելի է հաղթահարել կայքի արագության շեմը՝ որոնողական համակարգերի համար

Պատասխանել

HiMan Հունվար 20, 2012, 11:46 PM-ին

Ես առաջին օրերին ֆորումը լինկով էի մտնում հավաքում էի http://www.e-armenians.com/forum
փնտրել չի ստացվում, ու նաև իմ ուզած գրառումը..
բայց շատ հարմար է կարդալը, նավարկելը…

Պատասխանել

Artur Potosyan Հունվար 21, 2012, 12:01 AM-ին

HiMan ջան, աջ սյունկում կա “կայքի բաժինների” ներքո կա նաեւ վեբ ֆորումի հղումը, + կան նաեւ վերջին ֆորում-գրառումներն իրենց հղումներով: Անպայման պետք է էջի վերեւում լինե՞ր: :)

Փնտրել նույնիսկ գուգլում չի ստացվի, եթե չընտրես ճիշտ հարցում: Դու երեկ որոնում էիր այն գրառումը, որտեղ տեղեկացրել էի, թե ինչպես gmail-ում քո դոմենով էլ. փոստ ավելացնես: Չգտեմ, թե դու ոնց ես ման եկել, բայց ես բլոգի գուգլ-որոնման դաշտում գրեցի “gmail” ու ու երրորդ տողում հայտնվեց քո ուզած հոդվածը:

Պատասխանել

Artur Potosyan Հունվար 20, 2012, 11:53 PM-ին

Տիգրան ջան, մերսի կարծիքիդ համար:

Խոսքիդ երկրորդ մասի պահով (Cloaking), եթե գուգլը նման բան հայտնաբերեց, չեմ կարծում որ կգա մեր ճակատը կպաչի: Ահա այդ մասին օգտակար նյութ (ինգլիշ):

Պատասխանել

HiMan Հունվար 21, 2012, 8:35 AM-ին

Artur Potosyan հա արդեն ֆորումի տողն էլ ա սովորական դարձել մյուս ամեն ինչն էլ….

Պատասխանել

Vache Mkrtchyan Հունվար 23, 2012, 1:57 AM-ին

Կարող է չհավատաս, բայց նախորդ դիզայնը չեմ էլ հիշում :)

Պատասխանել

Չմոռանաք գրել ձեր կարծիքը

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.