
Կայքի ձեւավորման վերաբերյալ հոդվածներում հաճախ խոսք է գնում այն մասին, թե ինչպես է կարելի այցելուի համար ստեղծել հարմարավետ եւ դուրեկան վեբկայք։
Նույն հարցի շուրջ քննարկումներում դարձյալ կարծիքներ եւ խորհուրդներ են հնչում հիմնականում այն մասին, թե ինչպես կայքը դարձնել «աչք շոյող» եւ գրավիչ։ Սակայն, որքան նման մոտեցումն է օգտակար, նույնքան էլ օգտակար է իմանալը, թե ինչն է կայքը դարձնում անդուր, տհաճ եւ վանող։
Խոսքն այն մասին է, կայքի կառուցվածքի, ձեւավորման եւ բովանդակության մեջ կան տարրեր, որոնք այցելուների մեծ մասի համար անդուր են եւ վատ իմաստով «աչք ծակող»։ Դրանցից զերծ չեն նաեւ հայալեզու կայքերը։ Տարբեր մարդկանց կարծիքներն ի մի բերելով, թույլ տվեք Ձեզ ներկայացնել կայքը տհաճ դարձնող տարրերից ամենանշանակալիցները։
- Կայքէջը բացվելիս ի հայտ եկող ձայները, երաժշտությունը, տեսահոլովակները եւ ամեն ինչը, որը ոչ այլ ինչ է, քան՝ անցանկալի աղմուկ։ Ձայնային «զարկերի», «չխկոց-թխկոցների» եւ այլ, իբր թե ուշադրություն գրավող աղմուկների մասին ավելորդ եմ համարում նույնիսկ նշել. դրանք ոչ միայն ինձ, այլ մեզնից շատերի համար վանող են։ Ինչ վերաբերում է էջի «ներքո» լսվող մեղեդիներին, ապա սա նույնպես ցանկալի չէ, ի վերջո, մի մեղեդի կարող է իմ ականջներին լինել հաճելի, մյուսի համար՝ տհաճ։ Էլ չեմ ասում էջը բացելիս «անկապ» խոսակցություն կամ երգ լսվելու մասին, որը պարզապես այդ էջում տեղադրված տեսահոլովակի ինքնուրույն փլեյ-էֆֆեկտն է։ Խոսքը վերաբերում է նաեւ մուլտիմեդիա-գովազդներին։ Բոլոր դեպքերում, այցելուին պետք է թույլ տալ, որ ինքն ընտրի՝ լսի՞ տվյալ մեղեդին կամ դիտի՞ տվյալ հոլովակը կամ ֆլեշը, թե՞ ոչ։
- Ֆլեշ-անիմացիաներ կամ անիմացված տեքստեր կամ գովազդներ, որոնք անհարկի շեղում են ուշադրությունդ, առավել եւս, երբ տեղադրվում են տեքստային բովանդակության ներսում կամ կիպ հարեւանությամբ։ Ցանկանում ես կարդալ տեքստը, սակայն աչքերդ «շաղվում են»՝ ե՛ւ հոգնեցուցիչ է, ե՛ւ կարդացածիցդ բան չես հասկանում։ Ի վերջո, ցանկացած էջի նպատակը բովանդակությունն է, եւ ոչ թե տեղադրված անիմացիոն գովազդները։
- «Պոպ-ափ»-ներ, հիմնական էջի վրա «դուրս ցատկող» գովազդային մինի-էջեր եւ այլ նման «տհաճ սյուրպրիզներ» (առավել եւս, եթե դրանք զուգակցվում են հնչյունային էֆֆեկտներով), որոնք տեսնելիս-լսելիս, ուրիշ բան չի մնում ասել, քան թե՝ «ո՜նց եմ ես ձեզնից զզվո՜ւմ»…
- Դանդաղ «բացվող» եւ «ծանր» էջեր, որոնք հյուծում են համբերությունդ եւ խլում ժամանակդ։ Նման դեպքերում ինքս (համոզված եմ՝ նաեւ Ձեզնից շատերը) չեմ էլ սպասում մինչեւ էջի վերջնական (երբեմն էլ՝ «կիսատ-պռատ») տեսքի ի հայտ գալուն։ Էլ չեմ ասում նույն կայքի մի էջից մյուսը տեղափոխվելիս ժամանակի անիմաստ կորստի մասին։
- Կայքի որոնման ֆունկցիայի խիստ դանդաղումը կամ հակասփամ-ծածկագրի լրացման անհրաժեշտությունը, իրոք, որ քիչ տհաճություն չի պատճառում (առավել եւս, երբ վերջում հայտնաբերում ես «գտնվել է 0 արդյունք» տեքստը կամ էլ ցուցադրվում են հղումներ եւ էջեր, որոնք որեւէ կապ չունեն փնտրված բառի հետ)։
- Կայքի անհասկանալի կամ բարդ կառուցվածքը, երբ «խճճվում ես» կայքի խորքերում եւ ամեն անգամ ստիպված լինում վերադառնալ գլխավոր էջը։
- Կայքի, մեղմ ասած, ոչ դուրեկան գունային երանգները եւ ֆոնային պատկերները, որոնք, հաճախ, թվում է, թե տեղադրվել են նրա համար, որ չկարողանաս տեքստն ընթերցել։
- Ի վերջո, կայքի ոչ գրավիչ բովանդակությունը՝ սկսած տառասխալներից, վերջացրած անհասկանալի եւ խրթին նախադասություններով եւ մտքային սխալ ձեւակերպումներով։ Խիստ փոքր ֆոնտը կամ ֆոնի հետ «խառնված» տառերն իրենց հերթին տեքստի ընթերցումը դարձնում են հոգնեցուցիչ եւ տհաճ։
Իմ կողմից՝ այսքանը։ Եթե ունեք Ձեր սեփական դիտարկումները, խնդրեմ, թողեք Ձեր կարծիքը։
Աղբյուրը. e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 583 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 309 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ







{ 0 մեկնաբանություն… ավելացրու նորը }