
Այս հարցին առաջին անգամ առնչվեցի, երբ ստեղծում էի մեր բլոգի ֆեյսբուք-էջը։ Սկզբում շփոթության մեջ էի. ո՞րն ընտրել՝ ֆեյսբուք էջ թե ֆեյսբուք խումբ։ Առաջին հայացքից թվում է, թե էական տարբերություն չկա։ Իրականում դրանք տարբեր ֆեյսբուքյան ծրագրեր են՝ ստեղծված տարբեր նպատակների համար եւ օժտված տարբեր հնարավորություններով։
Ինչպես տեսնում եք, ինքս կանգ առա ֆեյսբուք էջի վրա։ Ձեր դեպքում գուցե նախընտրելի տարբերակը լինի ֆեյսբուք խմբի ստեղծումը։ Եկեք նախ պարզենք ֆեյսբուքյան խմբերի եւ էջերի նմանություննները եւ տարբերությունները, ինչպես նաեւ առավելությունները եւ թերությունները։
Ֆեյսբուք էջեր եւ խմբեր. բնորոշում
Ֆեյսբուք էջը թույլ է տալիս տարբեր անհատներին, հանրահայտ մարդկանց, գործիչներին, բիզնես եւ այլ կազմակերպություններին ֆեյսբուքում ստեղծելու իրենց հեղինակային եւ հանրային ներկայությունը։ Ֆեյբուք էջերը ի սկզբանե տեսանելի են ինտերնետ հանրության համար։ Յուրաքանչյուրը կարող է հետեւել իր նախընտրած էջի «անցուդարձը»՝ դառնալով այդ էջի «ֆանը» (սեղմելով «Like» կոճակը) եւ ավտոմատ կերպով իր պրոֆիլում տեղեկանալով տվյալ էջում հրապարակված գրառումների եւ եւ թարմացումների մասին։
Ինչպես պրոֆիլները ներկայացնում են ռեալ մարդկանց, այնպես էլ էջերը ներկայացնում են ռեալ անհատներ կամ կազմակերպություններ, որոնք էջերի միջոցով ինքնաներկայանում են ինտերնետ հանրությանը կամ ներկայացնում են իրենց արտադրանքը կամ ծառայությունը (իմ դեպքում՝ այս բլոգը)։
Ֆեյսբուքյան խմբերը ոչ այլ ինչ են, քան մարդկանց փոքր կամ մեծ խմբերի հաղորդակցման միջավայր. մարդիկ, ովքեր ունեն ընդհանուր հետաքրքրություններ, նախասիրություններ կամ խնդիրներ։ Ֆեյսբուքյան խումբը թույլ է տալիս մարդկանց միավորվել մեկ հարցի շուրջ, կիսել իրենց կարծիքները, նախաձեռնել քննարկումներ, տեղադրել լուսանկարներ եւ բովանդակային այլ տարրեր։ Խումբ ստեղծող անձն ինքն է որոշում՝ դառնա՞ այդ խումբը ցանկացած ֆեյսբուք-անդամի միանալու համար բաց, թե՞ միայն իր կողմից հաստատվելուց հետո։ Ավելին, խմբի ադմինը ինքն է որոշում՝ խումբը եւ խմբի անցուդարձը թաքցնե՞լ «երրորդ անձանցից», թե՞ ոչ։
Թեեւ վերոնշյալ երկու պարբերություններում ակնհայտորեն երեւում է էջերի եւ խմբերի տարբերությունները, ներկայացնեմ նաեւ այս երկու ծրագրերի մի շարք կարեւոր առանձնահատկությունները՝ որպես առավելությունների եւ թերությունների համադրում։
Էջերի եւ խմբերի առավելությունները եւ թերությունները
Ֆեյսբուք էջի առավելությունները
- Էջը տեսանելի է ինչպես ֆեյսբուքի մյուս անդամներին, այնպես էլ ինտերնետ մուտք գործած յուրաքանչյուր անձին (թեեւ միայն ֆեյսբուք անդամները կարող են դառնալ տվյալ էջի «ֆանը»)։
- Էջում կարելի է ավելացնել ֆեյսբուքյան բազմահազար ծրագրեր (օրիանակ՝ ես իմ էջում ավելացրել եմ «Գրաֆիտի» ծրագիրը, որի շնորհիվ ինչպես այս, այնպես էլ բլոգի մյուս գրառումները ավտոմատ կերպով ավելացվում են էջում եւ ցուցադրվում «ֆաների» պրոֆիլներում)։
- Ֆեյսբուքը հնարավորություն է տալիս ծանոթանալու էջի վիճակագրությանը (Insight)` այցելուների թիվ եւ այլն։
- Էջը կարելի է գովազդել ֆեյսբուքի համապատասխան ծառայության միջոցով։
Ֆեյսբուք էջի թերությունները
- Ձեր էջի յուրաքանչյուր թարմացման դեպքում այդ էջի «ֆաների» պրոֆիլի տեղեկացումները կարող են օրերից մի օր ձանձրացնել նրանց (եւ նրանք «լքեն» էջը՝ սեղմելով «Unlike»-ը)։
- «Ֆաները» իրենց նախընտրած էջերի նկատմամբ դրսեւորում են ավելի թույլ կապվածություն եւ հետեւողականություն, քան խմբերի անդամներն այն խմբերի նկատմամբ, որոնց անդամակցում են։
- Էջի «ֆան» կարող են դառնալ, հետեւաբար, ֆորում եւ մյուս քննարկումներին կարող են մասնակցել միայն ֆեյսբուքում գրանցված անձինք։
- Էջի ստեղծումը եւ կարգավորումը պահանջում է սկզբնական որոշ ջանքեր։
Ֆեյսբուք խմբի առավելությունները
- Խմբի ադմինն ինքն է որոշում տվյալ խմբին անդամակցելու կարգը, ինչպես նաեւ խմբի մասնավոր կամ հանրային լինելը։
- Խմբի ադմինը կարող է հաղորդագրություններ ուղարկել խմբի անդամներին։ Նույն կերպ, խմբի անդամները կարող են հաղորդագրություններ եւ հրավերքներ տարածել այդ խմբի մյուս անդամների շրջանում։
- Խմբերի ստեղծումը եւ կարգավորումը հնարավորինս պարզեցված է։
Ֆեյսբուք խմբի թերությունները
- Խմբերի անցուդարձը հասանելի է միայն տվյալ խմբի անդամներին։
- Խմբերը չեն կարող հզորացվել ֆեյսբուքյան տարբեր կողմնակի ծրագրերով։
- Խմբում ակտիվ լինելը ժամանակատար է (հաճախակի այցելություններ տվյալ խումբ` հետեւելու անցուդարձին, հաղորդագրության տեղադրում)։
Եզրակացություն. ո՞րն ընտրել
Ճիշտ կլինի ընտրել էջը, եթե դուք ցանկանում եք ֆեյսբուքում ներկայացնել Ձեր ընկերությունը, Ձեր գործերը, ապրանքները եւ ծառայությունները։ Իսկ արագ կերպով ֆեյսբուքի անդամների միջեւ ակտիվ քննարկում նախաձեռնելու համար, կարծում եմ, որ խումբն ամենահարմար միջավայրն է։
Աղբյուրը. e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 583 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 309 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ







{ 0 մեկնաբանություն… ավելացրու նորը }