
Դոմենները հեշտ ձեռք չեն բերվում: Խոսքս ոչ միայն դրանց գների, այլ՝ անվանումների մասին է:
Չեք բախվե՞լ նման իրավիճակի, երբ ցանկացել եք գնել կոնկրետ այս կամ այն դոմենը, եւ պարզվել է, որ այն այլեւս զբաղված է: Կամ չափազանց թանկ է: Ոչ հազվադեպ՝ բոլոր դոմենային տիրույթներում:
Եվ այս հարցն օր օրի ավելի է սրվում:
Նշածս խնդրին բախվում են բոլորը, այդ թվում՝ նորաստեղծ միջազգային ընկերությունները: Մի գեղեցիկ օր նրանք փորձում են դուրս գալ այլ երկրների շուկաներ եւ պարզում են, որ իրենց բրենդային դոմենային անունները տվյալ երկրի տիրույթում արդեն վաճառված են:
Այս խնդրին առնչվում են նաեւ հսկաները: Եվ նրանք «իրենցը վերադարձնելու» գործի մեջ ներդնում են ահռելի գումարներ եւ ջանքեր:
Ֆեյսբուքի «դոմենային արշավանքը»
Երբ 2004 թվականի ձմռանը Մարկ Ցուկերբերգը ստեղծեց իր Ֆեյսբուք սոցիալական ցանցը, նա չէր կարող պատկերացնել, որ տարիներ անց ստիպված է լինելու պայքարել իր ցանցի արդեն բրենդ դարձած անվան համար:
Ֆեյսբուքյան միլիոնավոր օգտատերերից երեւի քչերը գիտեն, որ Ցուկերբերգը սկսել Thefacebook.com դոմենից: Հետո, 2005թ. ցանցը հանգրվանեց ներկայիս Facebook.com: Եթե հավատանք ԶԼՄ-ներին, ապա Thefacebook.com-ից «the»-ի կրճատելը Մարկի վրա նստեց… 200 հազար դոլար:
Երկրորդ պատմությունը կապված է FB.com դոմենի հետ: Այն սկզբում պատկանում էր American Farm Bureau Federation ընկերությանը: 2010-ին Ցուկերբերգը ստիպված էր այս կազմակերպտությունից FB.com-ը գնել… 8.5 միլիոն դոլարով: Եվ այսքանից հետո FB.com-ն ունի զուտ «ներքին օգտագործման» նշանակություն (ֆեյսբուքյան անձնակազմի էլեկտրոնային փոստի հասցեներ):
FB.com-ի առք ու վաճառքի գործարքը sex.com-ից հետո 2010թ. իր արժեքով երկրորդն էր (sex.com-ը վաճառվել էր 13 միլիոն դոլարով, դառնալով պատմության մեջ ամենաթանկարժեք դոմենային գործարքը):
Նույն այդ ժամանակաշրջանում Ֆեյսբուքը գնեց նաեւ FB.biz դոմենը:
Նույն Զուկերբերգի Facemash.com-ը չերկարացնելու պատճառով գնվեց այսպես կոչված մի «կիբերսքվոտերի» կողմից:
Հիշենք, որ այսօրվա լեգենդար Ֆեյսբուքը ստեղծվել է հենց ֆեյսմեշի հաջող փորձից հետո: Facemash-ը Հարվարդի համալսարանի տարածքում գործող առցանց ծառայություն էր, որը թույլ էր տալիս համեմատել ուսանողուհիների նկարները:
Այս դոմենը վաճառվեց Սան-Ֆրանցիսկոյի աճուրդում: Պայքարում էին տաս հավանական գնորդներ: Հաղթողը, որը ցանկացավ մնալ անհայտ, այս դոմենի համար առաջարկել էր 30,201 դոլար: Ասում են, որ դոմենի նոր տերը որեւէ կապ չունի ոչ Ցուկերբերգի, ոչ էլ Sony Pictures ընկերության հետ (վերջինս նկարահանել է ֆեյսբուքի պատմությունը ներկայացնող «Սոցիալական ցանց» ֆիլնը):
Նման «անփութության» կողքին, Ֆեյսբուքը նաեւ շատ խանդոտ է վերաբերվում իր բրենդային անունը կրող դոմեններին:
2007-ին Ֆեյսբուքը վեճի մեջ մտավ YOLAPT ընկերության հետ, որին պատկանում էր face-book.com-ը: YOLAPT-ն այս դոմենը գրանցել էր thefacebook.com-ից մոտ մեկ տարի անց: Գրանցել եւ տեղադրել էր «ռուս հարսնացուների» գովազդ:
Ֆեյսբուքի փաստարկը face-book.com-ի ոչ նպատակասլաց օգտագործումն էր: Արդյունքում այս դոմենը վերադարձվեց Ֆեյսբուքին:
Նույն 2007-ին մեկ այլ վեճ էլ ծագեց՝ կապված Facebook.ie դոմենի շուրջ: Վերջինս 2007-ի փետրվարից պատկանում էր Talkbeans Media Limited իռլանդական ընկերությանը: Մարդիկ գրանցել էին Facebook.ie դոմենը եւ վերաուղղել այն դեպի մեկ այլ սոցիալական ցանց: Նախորդ դեպքի նման այս դոմենը հանձնվեց Ֆեյսբուքին:
Հաջորդը 2008-ին ավստրալիական Callverse Pty Ltd ընկերության կողմից գրանցված Facebook.com.au դոմենի պատմությունն է: Թեեւ ընկերությունը բերեց բազմաթիվ փաստարկներ, ամենուամենայնիվ, Ֆեսյբուքը հաղթեց նաեւ այս անգամ:
Նույն բախտին արժանացավ նաեւ Facebook.ir-ը, որը ստեղծվել էր որպես ինչ-որ հեղինակի գրքերի առցանց վաճառքի հանգույց:
Իսկ անցյալ տարի նշանավորվեց Facebook.me դոմենի շուրջ ծագած վեճով: 2008-ին, .me տիրույթի ծնունդի հետ այս դոմենը գրանցեց Միացյալ Արաբական Էմիրաթներից Amjad Abbas-ը: Մեծ դժվարությամբ, սակայն Ֆեյսբուքը իրեն «վերադարձրեց» նաեւ այս դոմենը:
Չերկարացնեմ: Նշեմ միայն, որ համանման ճակատագրին արժանացան նաեւ Facebook.nl, Facebook.es եւ այլ դոմեններ:
Еще не вечер
Բայց սա ավարտը չէ:
Ներկա օրերին քննարկվում է եւս երկու տասնյակ դոմենների հարցը, օրինակ` Facebookclub.com, Facebookfest.com: Դրանք բոլորն էլ պատկանում են Մայք Մաննին՝ վերեւում նշված sex.com լեգենդար դոմենի նախորդ տիրոջը: Վերջինիս Domain Asset Holdings ընկերությանը պատկանում են ավելի քան 16,000 դոմեններ:
Թե ինչպես կվերջանա այս վեճը, ցույց կտա ժամանակը:
Ռուսական եւ հայկական տիրույթների մասին մի քանի խոսք:
Facebook.ru և Фейсбук.рф դոմենները դեռ չեն պատկանում Ֆեյսբուքին: Տիրույթների ադմինիստրատորի խոսքով, ընկերությունը դեռ չի էլ փորձել ստանալ «իր» դոմենները:
Facebook.am դոմենը նույնպես դեռ չի պատկանում ֆեյսբուքին: Դրանում կարող եք համոզվել, ստուգելով դոմենի whois-ը:
Բայց Ֆեյսբուքյան «դոմենախեղդ» ակտիվությունը եւ նախկին հաջողությունները վկայում են, որ Ցուկերբերգը մի օր դրանց էլ կանդրադառնա:
Ամեն ինչ ժամանակի եւ առաջնահերթությունների հարց է: Ֆեյսբուքն այսօր աշխարհի ամենաթանկ կայքն է, որը ոչ մի միջոց չի խնայի՝ իր բրենդային անվանումն աշխարհով մեկ ապահովագրելու համար:
Աղբյուրը՝ e-armenians.com
Կարդացեք նաև հեղինակային այլ հոդվածներ իմ անձնական բլոգում:
Մեր բլոգում Սամվել-ը գրել է 13 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 309 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ







{ 3 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }
Դա… ուժեղի մոտ միշտ էլ թույլ է մեղավոր: Ֆեյսբուքը պարզապես առնում է դատավորներին ու վճիռը կայացնողներին: Ուր էլ ձեռքը չի հասնում, փողին մուննաթ…
Աչքիս ֆեյսբուքն ավելի շատ դատարաններում է անցկացնում, քան թե բուն իր ծրագրային ապահովման վրա: Ու մարդիկ էլ, մի տեղ յուղոտ թիքա տեսնելիս, լեզուները դուրս գցած մի համեղ պատառի են սպասում: Էլ չասեմ, թե որ կենդանուն է սա բնորոշ…
Դե ֆեյսբուքն ուրիշ է էլի