Վերջին մեկ-երկու տարվա ընթացքում էապես փոփոխվել են հետադարձ հղումներ կառուցելու մոտեցումները։
Այսօր արդեն հղումների փոխանակումը կորցրել է իր երբեմնի «մոգական ուժը», բաններներն այլեւս չեն հանդիսանում տրաֆիկի աղբյուր եւ նույնիսկ ամենագրավիչ բանների հազարավոր ցուցադրումները կարող են միայն բերել մատների վրա հաշված լրացուցիչ այցելումներ, իսկ «հղում գնելը» օրեցօր դառնում է ավելի ու ավելի վտանգավոր՝ գուգլի կողմից «պատժվելու» իմաստով։
Խոսքս բնավ այն մասին չէ, որ որոնող համակարգերն այլեւս «հետաքրքրված չեն» հղումներով. հակառակը, նույն գուգլը դարձել է հղումների վերաբերյալ ավելի «խստապահանջ» եւ ավելի «խելոք»։ Պարզապես մեր օրերում զգալիորեն փոփոխվել են հղումների նկատմամբ գուգլի եւ բինգի գնահատման չափորոշիչները, իսկ այսպիսի, որակական նոր իրավիճակը պահանջում է նոր լուծումներ։
Սկսեմ նրանից, որ վաղուց արդեն անհրաժեշտություն է դարձել մշակել հղումների կառուցման օգտակար ու արդյունավետ ռազմավարություն։ Այլ կայքերում Ձեր կայքին ուղղված տեքստային հղումներ տեղադրելը ոչ թե պետք է լինի ինքնանպատակ եւ քաոսային, այլ՝ նպատակաուղղված եւ պլանավորված, որպես ամենօրյա վեբ-աշխատանքի մի մասը։
Յուրաքանչյուր անգամ, երբ հնարավորություն կա գործընկեր կայքում թողնել Ձեր կայքին ուղղված բերող հղում, պետք է խորհել եւ գտնել հետեւյալ հարցերի պատասխանները՝
- Հետադարձ հղում ունենալուց բացի, ի՞նչ կտա տվյալ կայքում Ձեր կայքի հղումը տեղադրելը՝ տրաֆի՞կ, հեղինակության բարձրացո՞ւմ… Պատասխանելիս եղեք առավելագույնս իրատես.
- Ի՞նչ տիպի հղում է պետք տեղադրել՝ nofollow, տեքստային, բաններ եւ այլն.
- Ի՞նչ տեքստ է «կցվելու» տվյալ հղումին եւ դեպի Ձեր կայքի ո՞ր էջն է ուղղվելու այն։
Որակյալ հետադարձ հղումների չափորոշիչները
Հղումի տեղադրությունը
Վերջերս գուգլը սկսել է այս հանգամանքին տալ որոշ նշանակություն։
Օրինակ, ավելի մեծ կարեւորություն են ստանում կայքէջի բուն տեքստային բովանդակությունում «տարալուծված» հղումները, իսկ բովանդակությունից առանձնացված եւ հատկապես էջի ներքեւի շրջաններում (footer) հայտնված հղումները դառնում են որոնող համակարգի համար ոչ այնքան կարեւոր։
Զարմանալի թող չթվա, սակայն այցելուների համար գործում է նույն այս սկզբունքը. մենք գուցե սեղմենք եւ հետեւենք էջի տեքստում առկա հղումը, սակայն ավելի քիչ հավանական է, որ էջը «կիջեցնենք» մինչեւ ստորին եզրը եւ կսկսենք հետաքրքրվել այնտեղ «շարված» հղումներով։
Nofollow կամ Dofollow հղումներ
nofollow հղումները գուգլին հուշում են «չհետեւելու» ատրիբուտ ստացած տվյալ հղումի՝ կայքի PageRank-ի իմաստով «ոչ կարեւոր» լինելը։
Սակայն, հետադարձ հղումի իմաստը ոչ միայն վերջինիս SEO-նշանակությունն է, այլ նաեւ՝ լրացուցիչ այցելումներ եւ հեղինակություն ապահովելը։ Ավելի լավ է ունենալ մի քանի nofollow-հղում վիկիպեդիայի՝ Ձեր կայքի բովանդակության հետ կապ ունեցող էջերում, քան dofollow-հղումներ որեւէ անորակ կայքում։
Նաեւ պետք է հիշել, որ գուգլը կարող է «կասկածանքով լցվել» այնպիսի կայքերի նկատմամբ, որոնց էջերը լի են nofollow-հղումներով, առավել եւս՝ բազմաթիվ dofollow-հղումներով (ինչպիսիք հանդիսանում են «հղումներ ֆերմաները»)։
Հետադարձ հղում պարունակող կայքի տարիքը եւ հեղինակությունը
Վեբ կայքի տարիքը եւ վարկանիշը (որոնք որոշ չափով փոխկապված են միմյանց հետ) կարեւոր են ինչպես գուգլի եւ մյուս որոնման համակարգերի, այնպես էլ մարդկանց համար։
Իրենից բրենդ ներկայացնող կայքում «բերող» հղում ունենալը ոչ միայն ցանկալի SEO-վիճակ է, այլ նաեւ լրացուցիչ տրաֆիկի աղբյուր։ Բրենդային կայքի այցելուն վստահում է ինչպես այդ կայքը (եւ այդ կայքը ներկայացնող ընկերությանը), այնպես էլ վերջինիս տրամադրած հղումները։
Տեքստային հղումը եւ «ուղղորդող» էջը
Լավագույն դեպքում պետք է մշակել տարբեր տեքստային հղումներ՝ տարբեր էջերի համար։
Գուգլը «լուրջ չի ընդունի» տարբեր կայքերում տեղադրված նույն խարսխված տեքստով «կրկնվող» հղումները։ Նույն կերպ, միայն գլխավոր էջին ուղղված հղումների նշանակությունն ավելի փոքր է, քան նույն քանակի, սակայն կայքի տարբեր էջերին ուղղվածներինը։
Սա կարեւոր է նաեւ այցելուների համար. ի՞նչ կարիք կա նրանց ուղղել Ձեր կայքի գլխավոր էջը եւ խլել նրանց ժամանակը՝ մինչեւ վերջիններս կգտնեն իրենց ցանկալի հոդվածը (կամ էջը)։ Կարծո՞ւմ եք, որ երրորդ կայքի որեւէ էջից կարելի է այցելու «հրավիրել» Ձեր կայք, ուրեմն նրան ուղղորդեք դեպի Ձեր կայքի այն էջը, որը հանդիսանում է մինչ այդ բացած էջի տրամաբանական շարունակությունը կամ լրացումը։
Հղումի տեքստը պետք է լինի ավելի շուտ նկարագրողական, եւ ոչ թե՝ Ձեզ համար գուցե կարեւոր, սակայն այցելուի համար որեւէ իմաստ չունեցող բանալի բառ (առավել եւս՝ դրանց անիմաստ շարան)։ Լավագույն դեպքում, թող այն լինի եւ նկարագրողական, եւ բանալի բառ պարունակող։ Հիշեք նաեւ, որ հղումի «տեքստային» ատրիբուտը պետք է տրամաբանորեն կապված լինի այն էջի հետ (վերնագիր, բանալի բառեր եւ այլն), որին ուղղված է։
Հղումների կատալոգներ (link directories)
Ուրախությամբ պետք է նշեմ, որ իրենից ժամանակատար ու հոգենցուցիչ գործ ներկայացնող ուղեցույցներում կայքը գրանցելու դերը տարիների ընթացքում նվազում է։
Ցանկության դեպքում, կարող եք օգտվել այս հնարավորությունից, սակայն աշխատեք, որպեսզի տվյալ կայք-ուղեցույցը լինի բարձր-վարկանիշային, իսկ այն էջը, որտեղ հայտնվելու է Ձեր կայքի հղումը՝ ինդեքսավորված եւ գլխավոր էջից շատ չհեռացած։
Որոշակի իմաստ ունի նաեւ տարբեր կատալոգներում Ձեր կայքը գրանցելիս տարբեր վերնագրերից, իսկ նկարագրողական մասում՝ բանալի բառերից օգտվելը։ Ինչ խոսք, որ «խորը-հղումներ» (deep-linking) ընդունող ուղեցույցները կարող են դառնալ ավելի օգտակար, քան միայն Ձեր գլխավոր էջի հղումն ընդունողները։
Հղում պարունակող մեկնաբանություններ բլոգերում եւ ֆորումներում
Սրանք մի դեպքում կարող են լինել օգտակար, իսկ մեկ այլ դեպքում դիտվել որպես «սփամ»։
Առավելագույն արդյունք ապահովելու համար փորձեք մեկնաբանել ոչ թե միայն Ձեր կայքի հղումը թողնելու, այլ՝ որեւէ գրագետ ու արժեքավոր միտք, կարծիք արտահայտելու կամ խորհուրդ տալու համար։
Ձեր մեկնաբանությունը ձեւակերպելիս տվյալ բլոգի կամ ֆորումի այցելուներին ներկայացրեք Ձեր կայքի այն էջի հղումը, որը կդառնա տվյալ մեկնաբանության կամ թեմայի տրամաբանական շարունակությունը կամ լրացումը։
Իհարկե, արժի գործել «թիրախավորված» եւ գրառում կատարել միայն Ձեր կայքի հետ որեւէ կապ ունեցող բլոգերում ու ֆորումներում։ Փորձեք Ձեր մեկնաբանությամբ դեպի Ձեր կայք ուղղորդել «ճիշտ» այցելուներ։
«Մեր հղումը» (link to us)
Սա կարող է դառնալ «արագ» այլընտրանք այն անձանց համար, ովքեր չեն տիրապետում SEO-հմտություններին, սակայն ցանկանում են իրենց այցելուներին ուղղորդել դեպի Ձեր կայքը։
Ամփոփում
Բերող հղումներ «կառուցելը» ինքնին ժամանակատար եւ ստեղծագործական աշխատանք է։ Չի բացառվում, որ այս հոդվածում կարեւոր կետեր եմ բաց թողել (կամ էլ շատ եմ «խորացել» մի կետի վրա)։ Այնուամենայնիվ, համոզված եմ, որ վերոնշյալ հմտությունները Ձեր աշխատանքը կդարձնեն ավելի արդյունավետ։
Ձեր կայքին մաղթում եմ բարձր վարկանիշ։
Աղբյուրը. e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին եւ ընթերցեք իմ էլ. գիրքը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 533 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 212 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ









{ 2 մեկնաբանություն… կարդա դրանք ներքեւում կամ ավելացրու քոնը }
GerForum.com ekeq npastenq haialezu kaiqeri zargacmany
Հարգելի jerry,
հայալեզու կայքերի զարգացմանը նպաստենք, խնդիր չկա, սակայն եկեք հայալեզու բլոգում գրենք հայերեն, ու եկեք մեկնաբանելու դաշտը չդարձնենք սփամի զոնա:
Հիշեցնում եմ, որ ոչ տեղին մեկնաբանությունը նույնպես սփամ է: