
Վեբ-ոլորտը զարգանում է օր-օրի, եւ զարմանալի չէ, որ մեր օրերում գերիշխող է դարձել վեբկայքի եւ վեբկայքից օգտվողների միջեւ արդյունավետ շփման եւ հաղորդակցման նոր ուղիներ գտնելու գաղափարը։
Սոցիալական մեդիայի ներդրմամբ Վեբ-ը փոխարինվեց Վեբ 2.0-ով, իսկ SEO-ն «քիչ ուշացմամբ» աստիճանաբար վերափոխվում է SEO 2.0-ի։ Այս զարգացումներին հետեւողն, անկասկած, կշահի եւ կստանա առաջատարի առավելությունները։
Մինչեւ SEO 2.0-ը
SEO-ն (search engine optimisation), կամ, հայերենով՝ որոնող համակարգի նկատմամբ կայքէջի օպտիմալացումը, արդեն դարձել է վեբ-ոլորտի ամենահաճախ գործածվող արտահայտությունը։ Իհարկե, շատերը միայն լսել են այդ մասին, ավելի քիչ թվով մարդիկ՝ հասկանում են SEO-ի իմաստը եւ նշանակությունը, եւ ավելի քիչ թվով վեբ-կայքեր (հատկապես Հայաստանում) կիրառում են կայքի օպտիմալացումն իրենց վեբ-նախագծերում։ Այնուամենայնիվ, կյանքը ստիպեց, որ SEO-ն դառնա կայքի ստեղծման եւ առաջխաղացման անկյունաքարը։
Մեր բլոգը կայքի օպտիմալացման վերաբերյալ ունի առանձին SEO-բաժին, որտեղ մինչ օրս տեղադրվել է 24 հոդված։ Այս հոդվածներից որոշները ժամանակին լինելով թեժ եւ արդիական, այժմ կորցրել են իրենց նշանակությունը, եւ պատճառը դարձյալ վեբ-լուծումների եւ առցանց գործարարության մոտեցումների զարգացումներն են։
Օրինակ, ընդամենը 2-3 տարի առաջ PageRank-ը համարվում էր կայքի հաջողության եւ առաջխաղացման թիվ մեկ երաշխիքը, իսկ այսօր այն գրեթե մատնվել է մոռացության։ Տարիներ առաջ ոչ ոք չէր կարծում, որ այսօր թվիտերը, ֆեյսբուքը եւ մյուս սոցիալական ցանցերը կարող են դառնալ կայքի քարոզչության առաջնային գործիքներ։
2010-ին գուգլը իրականացրեց իր որոնող համակարգի երկու նշանակալից փոփոխություն։ Առաջինը արդյունքների ցուցադրման մեթոդի թարմացումն էր (Caffeine եւ Instant), երկրորդը՝ որոնման որակապես նոր ալգորիթմի ներդրումը (Link SPAM)։
Այս եւ նման փոփոխությունների ֆոնին, վեբ-զարգացման մերօրյա փուլում SEO 2.0-ն եկել է փոխարինելու SEO-ին։
Իրականում, «SEO 2.0» տերմինը ներմուծվել է դեռեւս 2006-ին, Քլինտոն Քիմրինգի կողմից (ով հանդիսանում է Search Engine Partner-ի հիմնադիրներից մեկը), որպես կայքի օպտիմալացման մեթոդոլոգիական նոր մոտեցում՝ ի պատասխան գուգլի կողմից նոր՝ այսպես կոչված Universal ալգորիթմի եւ վեբ 2.0 տիպի սոցիալական ցանցերի (Digg, del.icio.us, Technorati, StumbleUpon) ներդրմանը։
Մինչ օրս SEO 2.0 մոտեցումն ակտիվորեն քննարկվում է ոլորտի առաջատար մասնագետների ու փորձագետների շրջանում։
Մինչեւ SEO 2.0-ը
SEO 2.0-ն իրենից ներկայացնում է Web 2.0 ժամանակաշրջանին հարմարեցված, նորացված եւ վերանայված SEO-ռազմավարությունները։ Եթե ավանդական SEO-ի առաջնային նպատակն էր տվյալ դոմեյնի կամ առանձին էջերի առավելագույնս բարձր դիրք ապահովելը որոնող համակարգի արդյունքների էջում (SERP), ապա SEO 2.0-ի նպատակն ավելի լայն է եւ SERP-ից բացի ընդգրկում է նաեւ տարբեր Web 2.0 կայքերից նույն կայքի հարակից թիրախավորված բովանդակության առաջմղումը։
Նման բնորոշումն ինքին բարդ եւ առաջին հայացքից անհասկանալի է։ Փորձեմ պարզաբանել։
Նախկինում մեր առաջնային խնդիրն այն էր, որ գուգլի, բինգի եւ յահուի որոնման արդյունքների էջում ըստ մեզ անհրաժեշտ բանալի բառերի մեր կայքը (կամ առանձին էջերը) հնարավորինս բարձր դիրք զբաղեցնեին։ Սա համարվում էր որոնող համակարգերի կողմից այցելություններ (տրաֆիկ) ապահովելու ամենաարդյունավետ ուղին։
Օրինակ, ներկա պահին, ըստ Google Analytics-ի տվյալների, մեր բլոգի ընդհանուր տրաֆիկի շուրջ 78%-ն ապահովում են որոնող համակարգերը, 12%-ը՝ գործընկեր կայքերը եւ 10%-ը՝ ուղիղ տրաֆիկը (երբ որեւէ մեկը բրաուզերում ուղղակի տպում է e-armenians.com)։ Սա նշանակում է, որ այս բլոգի յուրաքանչյուր 5 այցելուից 4-ը մեզ այցելում է գուգլում, բինգում կամ յահուում որոնում կատարելուց հետո՝ արդյունքների էջում (ամենահավանականը՝ առաջին էջում) մեր կայքի հղումը հայտնաբերելիս։ Այսինքն, մեր բլոգի այցելուներով ապահովելու («մատակարարելու») առյուծի բաժինը հասնում է որոնող համակարգերին։
SEO 2.0-ը, ի տարբերություն «ավանդական» SEO-ի, «ասում է», որ մեր օրերում, երբ վեբ-ոլորտում գերիշխող են դարձել Վեբ 2.0 լուծումները, պետք չէ բավարարվել SERP-ով, այլ փորձել ստանալ լրացուցիչ տրաֆիկ սոցիալական մեդիայի կայքերից, ինչպիսիք են տեսահոլովակների շտեմարանները (օրինակ՝ YouTube), սոցիալական ցանցերը (օրինակ՝ Facebook եւ Twitter), նորությունների հանգույցները (օրինակ՝ Google News), առցանց նկարների պահուստները (օրինակ՝ Flickr եւ Google Images) եւ այլն։ Ըստ որում, խոսքն առաջին հերթին կայքը հանրաճանաչացնելու, եւ ոչ թե միայն հետադարձ հղումներ ձեռք բերելու մասին է։
Պատկերացնո՞ւմ եք, թե կայքի հեղինակությունը բարձրացնելու եւ մեծածավալ այցլություններ ապահովելու ինչքան տարբեր ուղիների հնարավորություն է տալիս Վեբ 2.0-ը։ SEO 2.0-ն այն մասին է, թե ինչպես արդյունավետ կերպով բացել դեպի Ձեր կայքն ուղղված բոլոր այս «խողովակները»։
Ինչո՞վ է SEO 2.0-ը տարբերվում ավանդական SEO-ից
Տարբերություններն ավելի պատկերավոր դարձնելու համար դրանք կներկայացնեմ աղյուսակի տեսքով։
SEO | SEO 2.0 |
| Հղումների ձեռք բերում «արհեստական» ճանապարհով՝ հղումների ավելացում, գրանցում ուղեցույցներում, հղումների փոխանակում, հղումների գնում | Հղումների ձեռք բերում «բնական» ճանապարհով՝ բլոգրառման, սոցիալական ցանցերի, այլոց բլոգներում գրառումներ եւ մեկնաբանություններ թողնելու միջոցով |
| Կայքի օպտիմալացում վեբ-սփայդերների համար | Կայքի օպտիմալացում այցելուների համար |
| Մրցակցություն ըստ ընտրված բանալի բառերով գուգլում բարձր դիրք գրավելու համար | Գործընկերություն եւ սոցիալական ցանցերի միջոցով Ձեր եւ Ձեր գործընկերների էջերի տարածում |
| «Բարտերային» մոտեցում. դուք Ձեր կայքում տեղադրեք իմ կայքի հղումը, որից հետո միայն ես կտեղադրեմ Ձեր հղումն իմ կայքում | «Լայնախոհ» մոտեցում. ես կտեղադրեմ Ձեր հղումն իմ կայքում՝ անկախ այն հանգամանքից, դուք կվարվեք նույն կերպ, թե ոչ, սակայն մեծ հավանականությամբ, դուք կվարվեք նույն կերպ |
| Գաղտնապահություն. մենք SEO-ով չենք զբաղվում եւ չենք կարող տրամադրել մեր հաճախորդների ցանկը | Թափանցիկություն. մենք հպարտ ենք Ձեզ ներկայացնելու մեր նոր հաճախորդներին |
| Բանալի բառեր | Թեգեր |
| Օպտիմալացում՝ ուղղված հղումներին եւ վարկանիշին | Օպտիմալացում՝ ուղղված տրաֆիկին եւ այցելուների ներգրավվածությանը |
| Այցելությունների թիվ, էջերի դիտման թիվ, այցելուների թիվ | Ակտիվ եւ ներգրավված այցելուների թիվ, վաճառք, բրենդավորում |
| DMOZ | Թվիտեր, ֆեյսբուք եւ այլ սոցիալական ցանցեր |
| Տրաֆիկի հիմնական աղբյուրները՝ գուգլ, յահու, բինգ | Տրաֆիկի հիմնական աղբյուրները՝ թվիտեր, ֆեյսբուք եւ այլ ցանցեր ու բլոգեր |
| Միակողմանի (կայք – այցելու) հաղորդակցում | Երկխոսություն, «զրույց» եւ քննարկում |
| Ոչ արդար, ով շատ է վճարում, նա էլ «վերին տողերում» է | Բավականաչափ արդար, ով բավարարում է պահանջարկը, նա էլ հայտնվում է «վերեւում» |
| 50%-ոց ավտոմատացված SEO, քանի որ գործի կեսն արդեն իսկ կատարվում է վեբ-ծրագրի կամ SEO-ծրագրի միջոցով | 10%-ոց ավտոմատացված SEO, քանի որ SEO 2.0-ի հիմնսկան խնդիրներն ուղղակիորեն կապված են ստեղծագործական աշխատանք պահանջող բովանդակության ստեղծման եւ փոխհարաբերություններ ու գործընկերություն հաստատելու հետ |
| Տեխնոկրատ | Հուզական (էմոցիոնալ) |
Աղբյուրը. e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին եւ ընթերցեք իմ էլ. գիրքը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 535 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 216 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ








