Ճիշտ վերնագիր` բարձր վարկանիշ

Հեղինակ՝ Artur  ·  17-07-2010 (Թարմացվել է՝ 29-11-11)

Բաժին՝ Որոնողական օպտիմալացում

վերնագիր

Կայքի յուրաքանչյուր առանձին էջ պետք է ունենա իր վերնագիրը, եւ սա բնական է։ Սակայն, եկեք համաձայնվենք, որ էջի վերնագրի ձեւակերպումն այնքան էլ դյուրին գործ չէ. այն պետք է լավագույնս բնութագրի տվյալ էջը, միեւնույն ժամանակ, վերնագիրը պետք է գրավի այցելուի ուշադրությունը, իսկ SEO տեսանկյունից՝ պարունակի տվյալ էջի համար ամենաբնորոշ բանալի բառերը։ Եվ սա՝ ընդամենը մի քանի բառի միջոցով։
Ինքս հոդվածի վերնագիրը (որը հաճախ, սակայն ոչ իմ դեպքում ավտոմատ կերպով դառնում է տվյալ էջի վերնագիրը) ընտրում եմ հոդվածը գրելուց-ավարտելուց հետո միայն` մեկ անգամ եւս ընթերցելով իմ իսկ գրառումը եւ գնահատելով բանալի բառերի «կշիռը», եւ, եթե անկեղծ լինեմ, մի քանի րոպե տրամադրում եմ վերնագրի ընտրության գործին, քանի որ գիտեմ՝ հոդվածս ընթերցողին հասնելու ժամերն ու օրերը էապես կկրճատվեն ճիշտ վերնագիր ընտրելու դեպքում։

Ինքներդ ինտերնետում երբեմն կարող եք գտնել «ոչինչ չասող» կամ չափից դուրս երկար կայքէջի վերնագրեր, որոնք միայն խանգարում են տվյալ էջի վարկանիշի բարձրացմանը եւ կրճատում այցելումների թիվը։

Նախորդ հոդվածներից մեկում պարզաբանվել է, որ վերնագիրը կանխորոշիչ դեր ունի այն հարցում, թե արդյոք որեւէ մեկը որոնման արդյունքներից «կտեղափոխվի» դեպի տվյալ էջը։

«Թույլ վերնագիրը» կարող է հանգեցնել մի տհաճ իրավիճակի, երբ մարդիկ պարզապես չեն այցելի համապատասխան էջը եւ չեն ծանոթանա այդ էջում ամփոփված հոդվածին (անկախ վերջինիս որակից)։ Այլ կերպ ասած՝ «անկապ» վերնագրի պատճառով կարող է տուժել ամբողջ հոդվածը. մի՞թե չարժե «ապահովագրել» Ձեր այն ժամանակը ու աշխատանքը, որը ներդրել էիք այդ էջի բովանդակությունը մշակելիս։

Եկեք խորհենք հակառակ ուղղությամբ եւ պատկերացնենք ցանկալի այն իրավիճակը, երբ Ձեր կայէջի վերնագիրը գրավում է մարդկանց ուշադրությունը, նրանց «ստիպում» այցելել այդ էջը եւ ընթերցել ամբողջական հոդվածը, ինչպես նաեւ գուգլին «հուշում» տվյալ հոդվածի բովանդակությունը՝ բանալի բառերի միջոցով։ Փորձեմ պարզաբանել կայքէջի վերնագրի դերն ու նշանակությունն ավելի մանրամասնորեն։

Վերնագիր՝ գրված մարդկանց համար

Կայքէջի վերնագիրն այդ էջի վարկանիշը կանխորոշող թիվ մեկ գործոնն է։

Վերնագրի դերը թերեւս ավելի մեծ է, քան էջի բուն URL-հղմանը։ Հղումը կարող է մնալ անփոփոխ, սակայն վերնագրի տեքստը վերանայելիս ու SEО-համապատասխանեցնելիս հնարավոր է ինչպես նպաստել որոնող համակարգերի արդյունքների էջում տվյալ էջի վարկանիշի բարձրացմանը, այնպես էլ այցելումների թիվը։

Եկեք սկսենք մարդկային գործոնից՝ կայքէջի այցելուներից։

Գուգլում ըստ որեւէ բանալի բառի որոնում կատարելիս եւ արդյունքների էջում տվյալ կայքէջը նկատելիս, անհատն առաջին հերթին ուշադրություն է դարձնում տվյալ էջի վերնագրին ու փորձում հասկանալ, թե ինչքանով է այն համապատասխանում իր կարիքներին (որի համար նա դիմել է գուգլ-որոնմանը)։

Վերնագիրը կարող է ինչպես «գամել» այդ անհատի ուշադրությունն իր վրա, այնպես էլ «արհամարհվել» վերջինիս կողմից։

Ավելին, նույնիսկ եթե Ձեր կայքէջի վերնագիրը չի համապատասխանում տվյալ այցելուի կարիքներին, այն կարող է լինել այնքան հետաքրքիր ու գրավիչ, որ այդ այցելուն մի պահ մոռանա, թե ինչու է կատարել իր որոնումը եւ սեղմի հենց Ձեր կայքէջի հղումը։ Սա այն դեպքում, եթե վերնագիրը խիստ «գայթակղիչ» է եւ պատահական այցելուի մոտ հարուցում է բուռն հետաքրքրություն՝ այդ էջի կամ դրանում ամփոփված հոդվածի նկատմամբ։

Այսպիսով, ճիշտ ընտրված վերնագիրը կարող է առաջ բերել լրացուցիչ տրաֆիկ՝ համապատասխան էջի այցելումների թվի աճ։

Թույլ տվեք նաեւ զգուշացնել, որ, բոլոր դեպքերում, չարժի հիասթափեցնել Ձեր այլցելուներին եւ «խաբս տալ» նրանց՝ արհեստականորեն ընտրված «գերգայթակղիչ» վերնագրերով։ Վերնագիրը պետք է առավելագույնս համապատասխանի այն էջին կամ հոդվածին, որին պատկանում է։

Ձեր այցելուն հիմար չէ, եւ մեկ այցելությամբ ու հիասթափությամբ կարող է ընդհանրապես հրաժարվել Ձեր կայքը երկրորդ անգամ բացելուց։ Վերջապես, կայքը ստեղծվում է ոչ թե մարդկանց «ճարպկորեն ֆռռացնելու», այլ հետաքրքիր եւ օգտակար տեղեկություններ տրամադրելու համար։

Ինքս բազմից ինձ խաբված եմ զգացել՝ երբ, օրինակ, գուգլում տեսել եմ «Free Download» արտահայտությունը պարունակող վերնագիր. բացել եմ ադ էջը եւ հայտնաբերել եմ, որ այս կամ այն ծրագիրը վարբեռնելու համար պետք է վճարել որոշակի գումար։ Բնականաբար, դա եղել է իմ առաջին ու վերջին այցելությունը տվյալ կայքէջ։

Եթե խոսքն ինչ-որ ոչ հանրաճանաչ ընկերության կայքի մասին է, ապա, որպես վերնագիր ընտրելով միայն այդ ընկերության անվանումը, տվյալ կայքը կարող է կորցնել բազմաթիվ այցելուներ. չէ՞ որ, քանի դեռ հանրաճանաչ բրենդային անվանման մասին չէ խոսքը, այդ անվանումն ինքնին ոչինչ է։

Նման դեպքերում կարելի է մեկ-երկու բառով ներկայացնել նման ընկերության կողմից տրամադրվող ապրանքը կամ ծառայությունը, որպեսզի այցելուն հասկանա, թե «ինչի մասին է խոսքը»։

Մեր բլոգի օրինակում, եթե գլխավոր էջի վերնագիրը լիներ «e-Armenians.com», ապա ոչ մեկի մտքով անգամ չէր անցնի, թե ինչ կայքի մասին է խոսքը. այդ իսկ պատճառով ընտրել եմ «վեբ բլոգ, հայկական կայքերի ուղեցույց, վեբ գործիքներ – e-ARMENIANS.com» վերնագիրը, որը, կարծում եմ, այցելուին պարզ կերպով ներկայացնում է կայքի թեմատիկ ուղղվածությունը եւ նաեւ տեղեկացնում է, որ այն բլոգ է։

Անգամ հանրահայտ կոկա-կոլան չի զլանում ներկայացնել իրեն («Coca-Cola Global: Soft Drinks & Beverage Products»), էլ ուր մնաց մենք խույս տանք ինքնաներկայացումից։

Գուգլի համար գրված վերնագիր

Այժմ եկեք տեսնենք, թե ինչ նշանակություն ունի ճիշտ ընտրված վերնագիրը որոնող համակարգերի տեսանկյունից, եւ ինչո՞ւ է գուգլը վեբ-վարպետներին խորհուրդ տալիս մեծ ուշադրություն դարձնել հենց առանձին էջերի վերնագրերին։

Նախ, որոնող համակարգերն իրենց սփայդերների կամ բոտերի (գուգլի դեպքում՝ գուգլբոտ) միջոցով առաջին հերթին հայտնաբերում, ֆիքսում, ինդեքսավորում եւ «հիշում» են այս կամ այն էջի վերնագրերը։ Ավելին, առանձին էջերի վերնագրերով են գուգլը, յահուն եւ բինգը տարբերակում այդ էջերը մեկը մյուսից։

Եթե պատկերավոր ասենք, ապա գուգլը «վերցնում» է կայքէջի վերնագիրը եւ սկսում «համեմատել» նույն այդ էջի տեքստային բովանդակության հետ, եւ գնահատում է ոչ թե այս երկուսի իմաստները, այլ՝ համապատասխանությունն ըստ բանալի բառերի։

Գուգլի համար վերնագիրը հանդիսանում է տվյալ էջի համար ամենակարեւոր բանալի բառերի շարքը, այն բառերի, որոնք պետք է հանդիպեն նաեւ տեքստում (ըստ գուգլ-տրամաբանության, չի կարող «A եւ B» վերնագրի ներքո շարադրված լինել «C, D եւ F» տեքստը)։ Այս իմաստով, լավագույն դեպքում, վերնագիրը պետք է կազմված լինի տվյալ էջի համար ամենակարեւոր բանալի բառերից։

Գուգլը, վերնագիրը «դիտարկելով» որպես տվյալ էջի ամենաբնութագրական բանալի բառեր եւ նույն այդ բառերը գտնելով տեքստային բովանդակության մեջ, «կհամոզվի», որ ամեն ինչ OK է։ Իսկ սա գուգլի կողմից տվյալ էջը «որակյալ համարելու» եւ բարձր վարկանիշ տալու թիվ մեկ նախապայմանն է։

Եկեք հաշվի առնենք նաեւ, որ գուգլը «չի սիրում» իրենցից «երկար-բարակ» նախադասություններ ներկայացնող վերնագրեր, նման դեպքերում դրանք այնպայմանորեն կկրճատվեն ու մատչելի չեն լինի մարդկանց՝ մինչեւ նրանք կայցելեն այդ էջը։

Ինքս, ամեն դեպքում, այնքան էլ չեմ ոգեշնչվի այցելելու մի էջ, որը գուգլի որոնման արդյունքների էջում արտաբերվում է որպես «Լուրեր Հայաստանից – ԲԻ ԼԱՅՆԻ …»։ Ե՞վ… ինչի՞ մասին էր այդ էջը. մնում է միայն կռահել։

Հիշենք նաեւ, որ հայերեն յունիկոդով վերնագրերը գուգլի կողմից դիվում են ավելի երկար, քան անգլերենով գրվածը (ամեն մի յունիկոդ տառը զբաղեցնում է ոչ թե մեկ, այլ 3-5 նշան (character))։ Այնպես որ, եթե անգլերենով գրված վերնագրի համար խորհուրդ է տրվում չգերազանցել 65 նշանը (ներառյալ «բացատները» (space), ապա հայերեն յունիկոդի համար, ցավոք, այս թիվը կիջնի մինչեւ 25-27-ը։

Չեմ զլանում մեկ անգամ էլ շեշտել, որ ամբողջ գաղտնիքը բանալի բառերի մեջ է։ Վերնագիրը պարունակո՞ւմ է տվյալ էջի ամենակարեւոր ու բնութագրական բանալի բառերը, էջի տեքստային բովանդակությունը պարունակո՞ւմ է նույն այդ բառերը, արդյոք այդ բառերը բավարար են, որպեսզի տվյալ էջը տարբերակվի կայքի մեկ այլ էջից (ու վերջինիս բանալի բառերից)… եթե այո, ապա կարող եք այս փուլը համարել ավարտված եւ անցնել ամբողջ կայքի ու վերջինիս առանձին էջերի առաջխաղացման տեխնիկական հնարքներին։

Որոշ վեբ-վարպետներ խորհուրդ են տալիս նաեւ վերնագրի բանալի բառերը (կամ դրանցից մեկ-երկուսը) օգտագործել նաեւ ենթավերնագրերում (Headings – H1, H2…)։ Իհարկե, նման դեպքերում պետք է խուսափել վերնագրի բառացի կրկնությունից։

Ինչպես ինքներդ համոզվեցիք, վերնագրի ու բանալի բառերի ընտրությունը պահանջում է ստեղծագործ մոտեցում։ Հոգ չէ, կարելի է սկզբում մի քիչ ժամանակ ծախսել ճիշտ վերնագիր ընտրելու վրա, դրանով իսկ մենք ամբողջ էջին կերաշխավորենք բարձր վարկանիշի հնարավորություն։

Աղբյուրը. e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում -ը գրել է 583 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

{ 0 մեկնաբանություն… ավելացրու նորը }

Չմոռանաք գրել ձեր կարծիքը

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.