
Մի քանի օր է արդեն, որ մեր բլոգը ստացել է նոր ձեւավորում: Ով երբեւէ զբաղվել է վեբ կայքի ռեդիզայնի խնդիրներով, ինձ լավ կհասկանա. սա ժամանակատար ու նյարդային գործ է: Առավել եւս, երբ ինչ-որ բան չի ստացվում կամ էլ չի ստացվում այնպես, ինչպես կցանկանայիր:
Իմ պարագայում, խնդիրը սոսկ կայքի արտաքին տեսքը փոխելը չէր, այլ անցումը նոր վեբ ծրագրի (սկրիպտ), որն էլ ավելի էր բարդացնում գործը:
Ընդհանուր առմամբ, բլոգի վերաձեւման այս ամբողջ ընթացքը տեւեց մեկ շաբաթ: Հիմնական գործը կարծես թե ետեւում է, թեեւ ինքս էլ տեղյակ եմ, որ կան որոշ թերություններ եւ տեխնիկական չլուծված հարցեր: Մասնավորապես, IE-ով եւ քրոմով, ի հակադրություն FireFox-ի, բլոգի արտաքին տեսքը քիչ աղավաղվում է: Որոշ հարցեր էլ դեռ մնացել են՝ կապված կայքի արագագործությունը բարձրացնելու հետ:
Այնուամենայնիվ, իմ փորձով Ձեզ հետ կիսվելը օգտակար կլինի ինչպես հենց ինձ համար, քանի որ հնարավորություն կստանամ լսել Ձեր կարծիքները, այնպես էլ Ձեզ համար. գրեթե համոզված եմ, որ օրերից մի օր նույն խնդրի առջեւ կկանգնեք նաեւ դուք:
Մինչեւ ռեդիզայնի գործը սկսելը, մեկ անգամ եւս ընթերցեցի կայքի վերաձեւավորման վերաբերյալ իմ նախորդ հոդվածներից մեկը: Հիշեցի նաեւ իմ նախկին անգամվա սխալները:
Եվ, այսպես, ինչպե՞ս իրականացրեցի բլոգի վերաձեւումը: Խնայելով իմ ու Ձեր ժամանակը, ես կանգ կառնեմ միայն առանցքային կարեւորության փուլերի վրա:
Լիարժեք back-up
Նախ, սկսեցի նրանից, որ պահպանեցի (այն մինչեւ այժմ էլ պահում եմ) «նախկին» վեբ-կայքը՝ եւ ֆայլերը, եւ տվյալների բազան (db):
Իմ պարագայում, սա այնքան էլ օգտակար չէր, քանի որ ես անցա նոր՝ վորդպրես բլոգ համակարգին: Սակայն, եթե դուք միայն փոփոխելու եք կայքի ձեւավորումը, իսկ սկրիպտը մնալու է նույնը, ապա ցանկացած մեծ փոփոխությունից առաջ db-ի՝ Ձեր համակարգչում պահպանելը երբեք ավելորդություն չէ:
Առաջ անցնելով տեղեկացնեմ, որ կայքի տվյալների բազան կարելի է պարբերաբար back-up անել եւ ներբեռնել Ձեր համակարգիչ: Նույն կերպ, ցանկացած նոր մոդուլ, պլագին ավելացնելուց կամ Ձեր սկրիպտը թարմացնելուց (upgrade) առաջ պետք է կատարել տվյլաների բազայի back-up:
Որպես տվյալների բազայի back-up եւ նաեւ վերականգնող (restore) ծրագիր, ինքս օգտվում եմ Sypex Dumper թեթեւ, սակայն հզոր համակարգչային ծրագրից: Այն շատ լավ «հասկանում է» հայերեն յունիկոդը, այդ իսկ պատճառով ինչպես տվյալների բազան պահպանելիս, այնպես էլ վերականգնելիս որեւէ խնդիր հայերեն բովանդակության հետ չի առաջացնում:
Աշխատեք «օֆլայն», եւ «օնլայն դարձրեք» նոր կայքի միայն վերջնական տարբերակը
Նախ, դուք կայքի վերաձեւման ողջ ընթացքից հեռու կպահեք Ձեր կայքի այցելուներին: Կարիք չկա, որ նրանք փուլ առ փուլ տեսնեն, թե ինչպես է Ձեր կայքը ստանում նոր ձեւավորում: Նրանց պետք է տեսնել «աշխատող», եւ ոչ թե «փորձարկման մեջ գտնվող» կայքէջ:
Այնուհետեւ, պատրաստի կամ համարյա վերջնական տեսքի բերված նոր կայքը տեղադրեք Ձեր հին կայքի որեւէ սուբդիրեկտորիաներից մեկում եւ գնահատեք Ձեր նոր աշխատանքի «օնլայն» տարբերակը:
Ինքս նոր բլոգը տեղավորեցի նախ /wp/ ֆոլդերում, համոզվեցի, որ ամեն ինչ նորմալ է, եւ նոր միայն «հինը» փոխարինեցի «նորով», որը տեւեց ընդամենը րոպեներ:
Կայքի ներքին հղումների (URL) ստուգում
Դարձյալ, եթե խոսքը միայն դիզայնի փոփոխության մասին է, ապա գործը խիստ հեշտանում է:
Իմ պարագայում, «նոր բլոգը» ստացավ լրիվ նոր կառուցվածք. խոսքն առաջին հերթին URL-ների մասին է: Օրինակ, նախկին «Որոնող համակարգեր» բաժնի փոխարեն այժմ տեսնում եք երկու նոր բաժին՝ Գուգլ եւ Բինգ: Նախկինում բոլոր առանձին հոդվածների URL-ները ունեին հետեւյալ կառուցվածքը՝ e-armenians.com/blog/«հոդված»/, իսկ այժմ՝ e-armenians.com/«բաժին»/«հոդված»/:
Իմ մշտական ընթերցողները լավ գիտեն, որ մեր բլոգի բազմաթիվ հոդվածներում տեղարված են տեքստային ներքին հղումներ՝ դեպի այլ հոդվածներ: Սա նշանակում է, որ ես ստիպված էի հատիկ-հատիկ ստուգել եւ փոփոխել ներքին հղումները (կամ «հղիչները», ինչպես ներկայացվում է հայերեն գուգլում):
Վորդպրեսում սխալ հղումներ-հղիչներ գտնելու գործում ինձ շատ օգնեց Broken Link Checker պլագինը (այն մինչեւ հիմա էլ գտնում եւ տեղեկացնում է «կոտրված URL-ներ» հայտնաբերելիս): Որոշ չափով գործս հեշտացրեց նաեւ Xenu համակարգչային ծրագիրը:
Հիշենք, որ գուգլը այս կամ այն ինտերնետային հանգույցում սխալ կամ չգործող URL-ներ հայտնաբերելիս սկսում է նման կայքերին լուրջ չվերաբերվել:
301 վերաուղղում դեպի նոր URL-ներ
Կայքի վերաձեւման, հատկապես URL-կառուցվածքի փոփոխությունների դեպքում 301 վերաուղղումն իրոք «հացի ու ջրի պես» մի անհրաժեշտություն է:
.htaccess ֆայլի միջոցով Redirect 301-ի վերաբերյալ մեր բլոգում կգտնեք առանձին հոդված:
301 վերաուղղումը, առանց չափազանցության, որոշ դեպքերում անփոխարինելի գործիք է, քանի որ շաբաթներ եւ ամսիներ են պետք, մինչեւ գուգլում եւ մյուս փնտրող համակարգերում «հին URL»-ները կփոխարինվեն «նոր URL»-ներով, որի ընթացքում գուգլի արդյունքներում ցուցադրվող «հին URL»-ներով մեր էջերը պետք է վերաուղղել դեպի նոր URL-հասցե: Հակառակ դեպքում, գուգլում հարցում կատարող եւ մեր կայքէջին «քլիք» կատարող անձինք լավագույն դեպքում կհայտնվեն 404 էջում:
Այս գրառման մեջ ավելացնեմ միայն մի քանի օրինակներ, որոնցից օգտվեցի՝ «հին URL-ից» դեպի «նոր URL» 301 վերաուղղումներ գծելիս:
Առանձին կայքէջի (հոդվածի) URL-ի 301 վերաուղղում
Redirect 301 /blog/facebook-send/ http://www.e-armenians.com/news/facebook-send/
Այս վերաուղղմամբ գուգլի արդյունքներում (եւ բոլոր այլ վայրերում) հանդիպած http://www.e-armenians.com/blog/facebook-send/ հին հղումին հետեւած անձինք կհայտնվեն http://www.e-armenians.com/news/facebook-send/ նոր էջում:
Իմ պարագայում, ես ստիպված էի իմ .htaccess ֆայլում առանձին տողերով գրել բոլոր հոդվածների «հնից՝ նոր» վերաուղղումների հրամանները: Իհարկե, ժամանակատար է, սակայն ես հին հղումին հետեւած այցելուների աչքերում բնավ ամոթով չեմ մնա:
Առանձին բաժինների վերաուղղում
Տրամաբանությունը նույնն է:
Redirect 301 /website-promotion/ http://www.e-armenians.com/web-promotion/
Նախկինում «Վեբ առաջմղում» բաժնի slug-ը կամ URL-title-ն էր «website-promotion», որը մի փոքր կրճատել եմ եւ դարձրել եմ «web-promotion»: Այս վերաուղղման շնորհիվ բոլոր նրանք, ովքեր կհետեւեն http://www.e-armenians.com/website-promotion/ հղմանը, կվերաուղղվեն դեպի http://www.e-armenians.com/web-promotion/ :
Բաժինը մնացել է նույնը, սակայն փոխվել է վերջինիս հղումը, եւ արժի մարդկանց 404 էջի փոխարեն ուղղորդել նոր URL-ով նույն այս բաժնի էջը:
Ամբողջական մի բաժնի բոլոր URL-ների 301 վերաուղղում դեպի նոր էջ
redirectMatch 301 ^/tags/tag/(.+)$ http://www.e-armenians.com/tags/
«Նախկին բլոգի» բոլոր պիտակների URL-ները (որոնք առկա էին նաեւ ըստ այդ բառերի հարցման գուգլ արդյունքներում) այսուհետեւ կվերաուղղվեն «Պիտակներ էջը»:
Իհարկե, կարելի էր նաեւ առանձին առանձին յուրաքանչյուր tag-ի հին URL-ն ուղղել դեպի նոր URL, սակայն ինքս այդքան ժամանակ եւ հավես չունեմ:
Կայքի քարտեզի նոր ֆայլի ստեղծում եւ գրանցում գուգլում
Google Webmaster Tools-ում Ձեր հին կայքի քարտեզի ֆայլը նորով փոխարինելով, դուք պարզապես գուգլին տեղեկացնում եք Ձեր կայքի նոր URL-կառուցվածքի եւ նոր ներքին հղումների մասին:
Սա զգալիորեն կկրճատի գուգլում հին URL-ները նորով փոխարինելու ժամանակահատվածը:
Վերջապես, մի՛ շտապեք
Այ, սա այն կետն է, որն այդպես էլ իմ մոտ չստացվեց: ![]()
Որքան շտապեք, այդքան սխալներն ու թերությունները կավելանան:
Առաջ շարժվեք դանդաղ, սակայն կայուն:
Աղբյուրը. e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 583 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 309 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ







{ 2 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }
Ձեր բլոգի նոր դիզայնը շատ հաճելի է, շնորհավորում եմ
Շնորհակալություն, Սեդա ջան, սակայն այս հոդվածն ամենեւին դիզայնի մասին չէր