
Դեպի իրենց կայքերը բերող հղումները շատացնող վեբ-վարպետները եւ բլոգերները կարող են հայտնվել մի տհաճ իրավիճակում, երբ օտար կայքում տեղադրված իրենց հղումը դառնում է «փորձանքի» պատճառ. գուգլը պատժում է այդ կայքը եւ մյուս բոլոր այն կայքերը, որոնց հղումներով «լցված էր» տվյալ կայքը։
Ինչպես նշված է հոդվածի վերնագրում, խոսքն իրենցից «հղումների ֆերմա» (link farm) ներկայացնող կայքերի մասին է, որոնց դեմ մշտապես պայքարում են մեզ հայտնի բոլոր որոնող համակարգերը եւ հայտնաբերելիս՝ հեռացնում իրենց տվյալների բազայից այդպիսի կայքերը՝ իրենց բոլոր ինդեքսավորված էջերով։
Սա դեռ ոչինչ. գուգլի «հարվածի տակ» կարող են հայտնվել ոչ միայն նման «ֆերմաները», այլ նաեւ այդ կայքում իրենց հղումները «թողած» կայքերը՝ սկսած PageRank-ի կորստից եւ վերջացրած «սեւ ցուցակում» հայտնվելուց։ Սա նշանակում է, որ պետք է ճանաչել եւ հեռու մնալ «հղումների ֆերմա»-կայքերից եւ չհրապուրվել դրանց առաջարկած հղումների անվճար փոխանակման հնարավորությունից։
Նախ, երրորդ կայքի հետ հղումների փոխանակման ցանկացած հնարավորության դեպքում, պետք է կանգ առնել եւ խորհել. ի՞նչ կտա այն Ձեզ եւ Ձեր կայքին։ Ընդամենը հետադարձ հղո՞ւմ, թե՞ լրացուցիչ այցելուներ (տրաֆիկ) կամ էլ՝ Ձեր կայքի հեղինակության եւ վարկանիշի բարելավում։
Ինչքան էլ հետադարձ հղումը կարեւոր է, ավելի կարեւոր է, թե ի՞նչ որակի եւ Ձեր կայքի հետ տրամաբանական կամ բովանդակային ինչպիսի՞ կապվածություն ունեցող կայքում է տեղադրված այն։ Եվ պակաս կարեւոր չէ այն, թե արդյոք նման հղումը չի վնասի Ձեր կայքի հանրաճանաչությանը կամ հեղինակությանը։ Վերջապես՝ պետք է դեռ ճշտել. արդյոք նման կայքն իրենից «հղումների ֆերմա» չի ներկայացնում (ես կասեի՝ «հղումների աղբանոց»)։
Ինչպես ճանաչել «հղումների ֆերմաները»
Պետք չէ կարծել, թե «հղումների ֆերմա»-կայքերը անմիջապես աչքի են ընկնում եւ հեշտությամբ կարելի է տարբերակել նորմալ կայքերից։ Հաճախ նման «ֆերմաները» ունենում են պրոֆեսիոնալ ձեւավորում եւ «գայթակղիչ արտաքին»։
Սակայն կան մի քանի տարբերակիչ նշաններ, որոնք մեծապես կօգնեն Ձեզ՝ տարբերակելու նորմալ կայքը «հղումների ֆերմա»-կայքից։
- «Հղումների ֆերմաները» պարունակում են հարյուրավոր եւ հազարավոր «տանող» հղումներ, եւ որեւէ երրորդ կայքում հղումների առատություն տեսնելիս արդեն իսկ արժի կասկածի տակ դնել այդպիսի կայքի նորմալ լինելը։
- «Հղումների ֆերմաները» հաճախ ուենենում են զրոյական կամ խիստ ցածր վարկանիշ, եւ սա այն պատճառով, որ դրանք արդեն իսկ «պատժվել են» գուգլի կողմից։ Իհարկե, սա չի նշանակում, որ ցածր PageRank ունեցող բոլոր կայքերին պետք է վերաբերել «կասկածանքով», սակայն արժի հասկանալ, թե ինչո՞ւ է տվյալ կայքի վարկանիշն այդ աստիճան ցածր (հատկապես, եթե այն չի ստեղծվել վերջերս, այլ ունի տարիների պատմություն)։
- «Հղումների ֆերմաները» հաճախ ուենենում են աղքատիկ բովանդակություն եւ ամիսներով չեն թարմացվում, քանի որ նման կայքերի առաջնահերթությունը ոչ թե բովանդակալից էջեր ստեղծելն է, այլ պարզապես հղումներ «հավաքելը»։
Այնուամենայնիվ, պետք է վերջում ավելացնեմ, որ մինչեւ գուգլի կողմից հայտնաբերվելը, նման «ֆերմաները» կարող են ձեռք բերել բարձր PageRank եւ վաստակեն բավարար հեղինակություն։ Այնպես որ, պետք չէ «օգտվել» նման կայքերի տվյալ պահի միջակյալ գոհացուցիչ վիճակից, այլ հիշել, որ ցանկացած պահին դրանք կարող են կորցնել «ամեն ինչ»՝ վնասել հասցնելով նաեւ Ձեր կայքին։
Աղբյուրը. e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 583 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 309 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ







{ 0 մեկնաբանություն… ավելացրու նորը }