
Որեւէ կայքէջի բանալի բառերի համապատասխանեցումը (keyword optimization) իրենից ներկայացնում է հանրահայտ որոնող համակարգերի կողմից (Google, Yahoo եւ այլն) այդ էջի առաջատար տեղ ձեռք բերելու (SERP) ամենակարեւոր գործոններից մեկը։
Միեւնույն ժամանակ, ճիշտ բանալի բառերի ընտրությունը հաճախ արհամարհվում է բազմաթիվ վեբ-վարպետների կողմից. նրանցից շատերը սխալմամբ թերագնահատում են առանցքային բառերի իրական նշանակությունը։
Նրանք սովորաբար կոնկրետ էջի բանալի բառերի ընտրության գործընթացին տրամադրում են վայրկյաններ կամ լավագույն դեպքում 1-2 րոպե, այսպիսով իսկ ի սկզբանե նախանշելով տվյալ էջի ոչ բարենպաստ մեկնարկային վիճակը՝ նմանատիպ էջերի հետ մրցակցությունում։
Մեկ այլ դեպքում նրանք պարզապես որպես բանալի բառերի թեգեր (meta keywords) պատճենում են այդ էջի վերնագիրը (Title), կամ էլ՝ վերնագրի առանջին բառերի միջեւ ավելացնում ստորակետներ։
Այնինչ, որեւէ կայքէջի բանալի բառերն իրականում որոշիչ նշանակություն ունեն՝ նմանատիպ կայքէջերի հետ մրցակցությունում այդ էջերից առանձնանալու եւ որոնող համակարգերին լավագույնս «տեղեկացնելու» էջի ընդհանուր բովանդակության մասին։ Իսկ սա նշանակում է, որ մենք պետք է բավարար ժամանակ տրամադրենք ամենահարմար բանալի բառերը կամ արտահայտություններն ընտրելու գործում։
Ավելին, ի սկզբանե ամենահարմար բանալի բառերն ընտրելով, մենք հնարավորություն ենք ստանում նաեւ հոգ տանել էջի բավանդակության մեջ (տեքստային մասում) նույն այդ բանալի բառերի բարձր ներկայացուցչությունն ապահովելու մասին։
Այս վերջին արտահայտությունը մասնագետների կողմից ստացել է ցայտուն անվանում՝ «բանալի բառերի խտություն» (keyword density)։
Մինչեւ կոնկրետ հմտությունների ներկայացնելը, կարծում ենք, որ տրամաբանական կլինի պատասխանել հետեւյալ բնական հարցին. ինչո՞ւ, ինչո՞ւ ենք մենք (եւ ոչ միայն մենք) այսպիսի մեծ տեղ հատկացնում բանալի բառերին։
Ավելի պատկերավոր լինելու համար, թույլ տվեք այս հարցի պատասխանը ներկայացնել կոնկրետ օրինակի վրա։
Պատկերացրեք, որ դուք ստեղծել եք որեւէ կայքէջ, որի համար ընտրել եք բանալի բառեր («Ա», «Բ» բառերը եւ «ԳԴ» բառակապակցությունը) որոնք դուք ներկայացրել եք Ձեր Meta Keywords-ում եւ տեքստում։ Հենց այս բառերով եք դուք որոնող համակարգերին «հուշում», թե, ընդհանուր առմամբ, ինչի՞ մասին է խոսք գնալու Ձեր էջի տեքստային բովանդակությունում։
Այլ կերպ ասած՝ դուք կարեւորում ենք «Ա»-ն,«Բ»-ն եւ «ԳԴ»-ն։
Դուք «հուշում եք» որոնող համակարգին, որ մեկ այլ անձի կողմից «Ա»,«Բ» կամ «ԳԴ» արտահայտությունները որոնելիս ներկայացվի նաեւ Ձեր կայքը (հիշե՛ք. հազարավոր կամ տասնյակ հազարավոր այլ կայքեր, որոնք նույնպես պարունակում են «Ա»,«Բ» կամ «ԳԴ» բառերը, դարձյալ երեւալու են որոնման արդյունքներում)։
Ձեր բանալի բառերի՝ որոնող համակարգի կողմից հայտնաբերվելու «ուժը», անշուշտ, կբազմապատկվի, եթե որոնող համակարգը նույն այդ բառերը հայտնաբերի նաեւ էջի վերնագրում, ենթավերնագրերում, տեքստային հղումներում եւ բուն բովանդակությունում (չմոռանանք, որ նույն այդ որոնող համակարգը հպանցիկ «անցնում է նաեւ Ձեր ամբողջ էջի վրայով»։
Այստեղ կարեւորում է շեշտել այն հանգամանքը, որ գուգլն իրականացնում է Ձեր էջի միայն «մակերեսային հետազոտում»: Ի տարբերություն մարդու, այս վեբ փնտրման ծրագիրը կանգ չի առնում Ձեր գրառումների ամեն մի ելեւէջների վրա, այլ ավտոմատ կերպով հայտնաբերում եւ «մի շարքով իրար կողքի է դնում նախադասության առանձին բառերը»։
Կարծում ենք, այժմ լրիվ հասկանալի է, թե ինչպիսի օգտակարություն է ստանում ամբողջ էջով մեկ բանալի բառերի խելամիտ օգտագործումը, որով այդ բառի խտությունը ընդհանուր տեքստում բարձրանում է՝ բարձրացնելով իսկ նրա «կշիռը»։
«Խելամիտ կրկնություն» արտահայտությունը շեշտված է հատուկ՝ մեզ մեկ անգամ եւս զգուշացնելու, որ կայքէջն ի վերջո այցելուների համար է, ովքեր երեբեւ չպետք է նկատեն բանալի բառերի անսովոր կամ անիմաստ «առատությունը»։
Կարծում եմ, արդեն կարելի է անցնել բանալի բառերի համապատասխանեցման գործնական մեթոդներին։
Քայլ 1.
Բացեք Ձեր կայքէջը ինտերնետային բրաուզերով։ Ուշադրությամբ մեկ անգամ եւս, ավելի ուշադրությամբ եւ նպատակասլացությամբ, ընթերցեք այդ էջի տեքստային մասը։ Ավարտելով ընթերցումը, կանգ առեք մի պահ եւ մի փոքր մտածեք հետեւյալ երեք հարցերի շուրջ`
- ընդհանուր առմամբ, ինչի՞ մասին էր տվյալ էջը.
- տեքստում հանդիպած ո՞ր բառը, բառերը կամ արտահայտություններն են, որոնք ամենահաջող կերպով բնութագրում են այդ էջի բովանդակությունը.
- ո՞ր բառը, բառերը կամ արտահայտություններն են, որոնք այս կամ այն անհատը հավանաբար կօգտագործի՝ համաշխարհային ոստայնից Ձեր այդ էջին նման էջեր հայտնաբերելու համար։
Քայլ 2.
Բացեք Ձեր նախընտրելի տեքստային խմբագրող ծրագիրը եւ գրառեք Ձեր հայտնաբերած բառերը, որոնք այս փուլում դեռեւս հավակնում են վերածվելու Ձեր ամբողջ էջի բանալի բառերը։
Մի փորձեք շտապել կամ մի փորձեք գրառել հնարավորինս քիչ բառեր. դուք ցանկացած պահի կարող եք կրճատել ստացված ցուցակը՝ պահելով միայն էջին ամենահամապատասխան եւ ամենաբնութագրական բառերը եւ բառակապակցությունները։
Երրորդ, չորրորդ եւ հետագա անգամները նույն այս ցուցակն ուսումնասիրելով եւ ավելի «թույլ» բանալի բառերը բացառելով, ի վերջո դուք կստանաք Ձեր էջին լավագույնս համապատսխանող մի քանի (սովորաբար, ոչ ավելի քան 3-4) բառեր, որոնք էլ հանդիսանալու են Ձեր այդ էջի բանալի բառերը։
Հիշենք, որ նույն այս եւ հետագա կետերի ուշադրությանը պետք է արժանանա Ձեր կայքի յուրաքանչյուր առանձին էջը։*
Քայլ 3.
Հոգ տարեք այն մասին, որ Ձեր կայքի տարբեր էջերի բանալի բառերը լինեն հենց տվյալ էջին, եւ ոչ թե կայքին խիստ համապատասխան։
Ավելի լավ է 10 տարբեր էջերի համար ունենալ բանալի բառերի 10 տարբեր ցուցակներ: Իհարկե, կան բառեր, որոնք կարող են կրկնվել տարբեր ցուցակներում, սակայն աշխատեք հնարավորինս ձեռբազատվել միմյանց կրկնող նման ցուցակներից։
Պատկերավոր ասած, որեւէ էջի բանալի բառերի թվարկումն արդեն իսկ դիմացինին պետք է հուշի, թե ինչի մասին է լինելու այդ էջի բովանդակությունը։
Քայլ 4.
Այսպիսով, դուք ունեք Ձեր տվյալ էջին բանալի բառերի ցուցակը՝ կազմված մինչեւ 4 բառերից կամ արտահայտություններից։
Ժամանակն է տեղեկանալու, թե ինչպիսի՞ իրավիճակ է տիրում համաշխարհային ոստայնում՝ Ձեր ընտրած բանալի բառերի իմաստով։
Ի՞նչ հաճախականությամբ է, ընդհանուր առմամբ, Ձեր ընտրած բառերից յուրաքանչյուրը որոնվում համաշխարհային ինտերնետային հանրության կողմից։ Այս հարցի պատասխանը կարող ենք ստանալ՝ դիմելով հանրահայտ առցանց ծառայություններից մի քանիսին`
- Google Keyword Suggestion, որը ներկայացնում է, թե քանի՞ անգամ է տվյալ բառը կամ բառակապակցությունը որոնվել Google համակարգում.
- Overture՛s Keyword Suggestion Tool, որը ներկայացնում է, թե քանի՞ անգամ է տվյալ բառը կամ բառակապակցությունը որոնվել Overture համակարգում.
- WordTracker, որը ներկայացնում է, թե քանի՞ անգամ է տվյալ բառը կամ բառակապակցությունը որոնվել WordTracker համակարգում։
Հիշեք, որ վերոնշյալ համակարգերից օգտվելիս, դուք պարզապես ընդհանուր պատկերացում եք ստանում Ձեր ընտրած բանալի բառերից յուրաքանչյուրի՝ որպես որոնվող բառ համաշխարհային ինտերնետային հանրության կողմից օգտագործվելու տարածվածության մասին։
Մյուս կողմից, այս համակարգերը նաեւ նույնականացնում եւ Ձեզ են ներկայացնում Ձեր ընտրած բառին իմաստով մոտ այլ բառերի եւ արտահայտությունների՝ որոնման ենթարկվելու բացարձակ թվերը եւ (կամ) «կշիռները»։
Ձեզ մնում է միայն առաջարկվող ցուցակից ընտրել այն բանալի բառը, որը եւ համապատասխանում է Ձեր էջին, եւ ունի որոնման բարձր տարածվածություն։
Վերջինս ոչ պակաս կարեւոր ցուցանիշ է. որքան հանրաճանաչ է Ձեր էջի բանալի բառը՝ որպես որոնման բանալի բառ, այնքան ավելի հավանական է, որ Ձեր կայքը կհայտնվի այդ բառի որոնման արդյուքներում։
Քայլ 5.
Նախորդ քայլում մենք ձգտեցինք հնարավորինս… մոտենալ աշխարհի ամենահանրաճանաչ կայքէջերին՝ բանալի բառերի իմաստով։ ՍԱԿԱՅՆ, չէ՞ որ մեր էջը միեւնույն ժամանակ պետք է լինի նաեւ առանձնահատուկ:
Դիտարկենք պարզագույն մի օրինակ. մի դեպքում F5 բլոգի շքամուտքի (գլխավոր էջի) համար որպես բանալի բառ ընտրվում է «blog» բառը, իսկ երկրորդ դեպքում՝ «Armenian blog»։
Երկրորդ արտահայտությունը ավելի բնութագրական է F5 բլոգի համար, սակայն կհայտնաբերվի նաեւ այն դեպքում, եթե որոնումն իրականացվում է ըստ «blog» բառի։ Ելնելով F5 բլոգի հայալեզու լինելու հանգամանքից, չե՞ք կարծում, որ անհրաժեշտություն է առաջանում նաեւ բանալի բառերի շարանում ընդգրկել նաեւ «բլոգ» բառը։
Այսպիսով, ամենահամապատասխան բանալի բառի ընտրության գործընթացում, 4-րդ փուլում հնարավորինս «ընդլայնվելով», այնուամենայնիվ, մենք պետք է փոքր-ինչ «հեռանանաք» համաշխարհային ընդհանրությունից՝ որպեսզի պահպանենք մեր էջի «դեմքը»։
…
Որքան էլ ժամանակատար է վերոնշյալ ուղեցույցին հետեւելը, հավատացեք, որ մեկ անգամ լրջորեն զբաղվելով ամենահամապատասխան բանալի բառի ընտրությամբ, դուք Ձեր տվյալ էջին ի սկզբանե շնորհում եք հիանալի մեկնարկային կարգավիճակ։
Ծանոթություն.
* – այստեղ խոսքը վերաբերվում է ստատիկ եւ բարձրորակ դինամիկ էջերի մասին, որոնց CMS-ի միջոցով ստեղծման ժամանակ հնարավոր է բանալի բառեր ընտրել յուրաքանչյուր առանձին էջի համար։
Հետաքրքրասերներին. Այս հոդվածում «բանալի բառ» արտահայտությունը կրկնվել է 34 անգամ։
Աղբյուրը. e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին եւ ընթերցեք իմ էլ. գիրքը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 536 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 218 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ








