Կայքէջի «արդյունավետ» բովանդակությունը

Հեղինակ՝ Artur  ·  23-06-2010 (Թարմացվել է՝ 03-06-11)

Բաժին՝ Որոնողական օպտիմալացում

բովանդակություն

«Արդյունավետ բովանդակությունը» հայերենում տարօրինակ է հնչում։ Այնուամենայնիվ, հոդվածը վերնագրելով  «Կայքէջի արդյունավետ բովանդակությունը», նկատի եմ ունեցել՝ կայքէջի այնպիսի տեքստային բովանդակություն, որն ինչպես բարձր կգնահատվի այդ կայքի այցելուների կողմից, այնպես էլ որոնող համակարգերում կերաշխավորի բարձր վարկանիշ։
Այս երկու կողմերն էլ կարեւոր են ու փոխկապակցված։ Որոնող համակարգերը կօգնեն, որպեսզի այցելուն գտնի ու բացի Ձեր կայքէջը, իսկ հանրաճանաչություն վայելող ու «թեժ» կայքը բոլոր շանսերն ունի՝ բարձր դիրք գրավելու որոնող համակարգերում։ Սակայն կան որոշ  հմտություններ, որոնց շնորհիվ «ալցելուներ վաստակելը» ու կայքը հանրաճանաչ դարձնելը կարող է լինել ավելի արագ ու կայուն։

Բովանդակությունը vs. որոնող համակարգերի

Այսպիսի համեմատությունն ի սկզբանե սխալ է։

Եթե հոդված գրելիս միտքդ ամբողջովին պետք է ուղղվի այն նպատակին, թե ինչպես «տեքստում օգտագործել ճիշտ բանալի բառեր (keywords), այն էլ՝ ճիշտ տեղերում  եւ օպտիմալ հաճախականությամբ ու խտությամբ (dencity)», ապա դու «կհեռանաս» ընթերցողից ու չես բավարարի նրա ակնկալիքները։ Ընեթերցողի ինչի՞ն է պետք, թե քանի բանալի բառից ես օգտվել մտքերդ շարադրելիս…։ Նա իր ժամանակը ծախսում է հոդվածդ ընթերցելու, եւ ոչ թե բանալի բառեր հաշվելու վրա։

Մյուս կողմից, որպես այդ հոդվածի հեղինակ, դու երկրորդ խնդիրն ունես՝ իսկ եթե դու գրես, ու ոչ մեկը չկարդա՞։ ՉԻՄԱՆԱ այդ հոդվածի մասին։ Հոդվածդ ՉՀԱՍՆԻ նրան։ Չէ՞ որ հաճախ քո այցելուն տվյալ հոդվածը գտնում է որոնող համակարգերի` գուգլի կամ բինգի միջոցով։ Այնպես որ, գուգլին, յահուին, բինգին ու մյուս համակարգերին էլ արհամարհել պետք չէ։

Այսպիսով, պետք չէ ոչ արհամարհել, ոչ էլ գերագնահատել որոնող համակարգերի դերը։ Պետք չէ «անտերության մատնելով» կայքէջի բովանդակությունը, ամբողջ ժամանակը հատկացնել հետադարձ հղումներ ստեղծելուն։ Հիշենք նաեւ, որ գուգլ-ը եւ մյուս որոնող համակարգերը «գնահատում են» «բնական ճանապարհով» ստեղծված հետադարձ հղումները, եւ ոչ թե այնպիսի «բերող» հղումները, որոնք ստեղծվել են արհեստականորեն, այն էլ՝ Ձեր կայքի հետ բովանդակային որեւէ կապ չունեցող էջերում։ Ի տարբերություն սրան, բնական եղանակն այն է, երբ Ձեր կայքի այցելուն ընթերցի հոդվածը, հավանի այն եւ հոդվածի հղումն էլ խորհրդի կարգով ուղարկի մյուսներին։ Հակառակ պարագայում, եթե կայքը բովանդակազուրկ է, ապա որեւէ կարիք չկա զբաղվել հետադարձ հղումներ «հայթայթելով» ու չարժի տարբեր մարդկանց հուսախաբ անել։

Հետադարձ հղումներն, իհարկե, պետք են ու կարեւոր են, սակայն դրանք կարող են օգտագործվել միայն օժանդակելու բովանդակալից կայքի առաջխաղացմանը։

Որոնող համակարգերը որպես «կանոն թելադրողներ»

Գուցե տարօրինակ հնչի, սակայն փաստերը վկայում են, որ ինտերնետում մարդկանց ծախսած ժամանակի իմաստով 1-ին տեղում էլ. նամակագրությունն է, իսկ 2-րդ տեղում՝ որոնումը։ Մարդիկ սիրում են ինտերնետում որոնել։ Եթե նրանք տեղեկատվություն կամ ծառայություն էին փնտրում ու գուգլ-ով գտան Ձեզ, եւ դուք էլ կարողացաք բավարարել նրանց պահանջմունքները, կնշանակի, որ գործի մեծ մասն արված է եւ մնում է այդ մարդկանց «դարձնել» Ձեր կայքից կանոնավոր օգտվողներ։

Իսկ դուք գիտե՞ք, թե ինչպես են որոնող համակարգերը համաշխարհային ցանցում որոնում ու գտնում այս կամ այն կայքէջը։ Սա, պատկերավոր ասած, իրենից ներկայացնում է եռափուլ շղթա։

  1. Որոնում-գտնում (Crawling). որոնող համակարգերը ժամանակ առ ժամանակ հատուկ ծրագրերի (spider) միջոցով «հետազոտում են» համաշխարհային ոստայի կայքերը, փորձում «կարդալ ու հիշել» այս կամ այն էջը եւ «հեռանում»։ Օրեր անց, «վերադառնալով» նույն կայքը, այ spider-ները «ֆիքսում են» վերջին «ժամանումից» հետո եղած փոփոխությունները, «հիշում» դրանք ու դարձյալ «հեռանում»։ Սա նշանակում է, որ ամեն անգամ «վերադառնալիս» «հայտնաբերելով» կայքի փոփոխություն, spider-ներն իրենց «ուշադրությունը չեն թեքում» Ձեր կայքից։ Եվ հակառակը, մեկ-երկու անգամ «գալով եւ տեսնելով», որ որեւէ փոփոխություն չկա, որոնող համակարգերը սկսում են «ավելի քիչ ուշադրություն դարձնել» տվյալ կայքին։ ՀԻՇԵՔ, որ խոսքը բովանդակային փոփոխությունների եւ առաջին հերթին՝ ավելացող էջերի մասին է։
  2. Ինդեքսավորում (Indexing). նախորդ կետը շարադրելիս ես օգտագործեցի «կարդալ»  եւ «հիշել» բառերը, որոնք, տեխնիկական լեզվով նշանակում են՝ տվյալների գրանցում տեղեկատվական հատուկ շտեմարանում։ Որոնող համակարգերի տվյալների այդ գերհսկա «պահուստները» թարմացվում են՝ եթե «վերադառնալով» այս կամ այն կայքը, spider-ը հայտնաբերում է նոր կամ փոփոխված էջեր։
  3. Դասկարգում (Ranking). սա որեւէ հարցման դեպքում տեղեկատվական շտեմարանից պատասխանների ներկայացման կարգն է։ Որքան որոնող համակարգը բարձր է գնահատում տվյալ կայքը, այդքան այդ կայքն ավելի բարձր կարգ/տող կգրավի պատասխանի բազմաէջաոց ցանկում։ Նույն տրամաբանությամբ, որքան ավելի բարձր տողում է Ձեր կայքէջը, այդքան այն ավելի հասանելի կլինի վերոնշյալ որոնումը կատարողին (հիշեք, թե գուգլ-ում ինչ-որ բան որոնելիս քանի՞ անգամ եք թերթել պատասխանների էջը ու հասել, ասենք, 4-5-րդ էջերին. բոլորս էլ բավարարվում ենք առաջին մեկ-երկու էջով

Շուկայագիտական տերմիններով եթե ասենք, կարեւոր է ոչ միայն Ձեր «ապրանքի» որակը, այն նաեւ այդ «ապրանքի սպառումը»։

SEO-ի՝ կայքէջից անկախ գործոնները

SEO-ն կամ ըստ որոնող համակարգերի կայքի կատարելագործումը առանցքային նշանակություն ունի այն հարցի լուծման մեջ, թե որոնող համակարգն ինչ գնահատական ու վարկանիշ կտա Ձեր կայքին։ Եկեք դիտենք ստորեւ պատկերը եւ տեսնենք, թե ինչի՞ց է կախված Ձեր կայքէջի SEO-կարգավիճակը։

Կանգ չառնելով բոլոր կետերի վրա, առանձնացնեմ մի քանիսը.

  • SEO-ի փորձագետների պնդմամբ, որեւէ կայքի համընդհանուր SEO-վիճակի 24% մասնաբաժինը կախված է այդ կայքի հեղինակությունից ու վստահելի լինելու գործոնից։ Իսկ սա առաջին հերթին պայմանավորված է դեպի այդ կայքը հասցեագրված որակյալ հետադարձ հղումներով։ Որքան «վստահելի ու հեղինակություն վայելող» կայքերի՝ դեպի Ձեր կայքն ուղղված հղումների թիվը մեծ է, այդքան Ձեր կայքը վստահելի է։  Շատ կարեւոր է նաեւ ըմբռնել, որ գուգլը նաեւ մեծ նշանակություն է տալիս ժամանակի ընթացքում նման «որակյալ հետադարձ հղումների» թվի կայուն բարձրացմանը։
  • SEO-ի 22%-ը պայմանավորված է կայքի որեւէ կոնկրետ էջին հասցեագրված հղումների «որակով» ու քանակով։ Որքան որակյալ ու թարմացվող են որեւէ մի կայքի առանձին էջերը, այդքան ավելի շատ մարդ կցանկանա հղում կատարել դրանց։ Այսպիսով, ավելի օգտակար է ունենալ «բերող» հղումներ դեպի կայքի առանձին, «խորն ընկած էջեր», քան՝ միայն գլխավոր էջը։
  • Վերջապես, SEO-ի 20%-ը կազմում է այսպես կոչված տեքստային հղումը (anchor text), որը թույլ է տալիս գուգլ-ին «գնահատել» այդ էջի, եւ, վերջին հաշվով, ամբողջ կայքի կարեւորությունը։ Այլ կերպ ասած, գուգլ-ը բերող հղումներում պարունակվող տեքստի միջոցով «տարբերակում է», թե ինչ բառերից ու արտահայտություններից են «օգտվում» մյուս կայքերը՝ տվյալ կայքը նկարագրելու համար։

Այսպիսով, բովանդակությունը՝ բովանդակություն, բայց արժի հոգ տանել այն մասին, թե որոնող համակարգերն ինչ գործոններ «հաշվի առնեն»՝ Ձեր կայքը գնահատելիս։ Ուստի, կայքի բովանդակությունը հարստացնելիս ոչ թե պետք է «կախված մնալ» այն մտքից, թե՝ ինչպես «գայթակղել» որոնող համակարգերին, այլ այնպես անել, որ Ձեր կայքէջը «ըստ արժանավույն գնահատվի» ինչպես մարդկանց, այնպես էլ որոնող համակարգերի կողմից։

Մի քանի բառ «բանալի բառերի» մասին

«Բանալի բառերը» (keywords), փաստորեն, «գործիքներ» են, որոնց միջոցով դուք կարող եք որոնող համակարգերին «հուշել» կայքի կոնկրետ էջի բովանդակության մասին։ Մյուս կողմից, այդ էջն ընթեցողին նույն այդ առանցքային բառերը թույլ են տալիս «նկատել» ամբողջ հոդվածի «կարմի թելը»։ Դրանք այն բառերն են, որոնցից  ինչ-որ մեկը կօգտվեր՝ ընկերոջն ամփոփ ներկայացնելու իր ընթերցած հոդվածի բովանդակությունը։

Իսկ ինչո՞ւ հոգ չտանել այն մասին, որ որեւէ էջում կամ հոդվածում օգտագործվի նույն այդ էջին կամ հոդվածին ամենաբնորոշ բանալի բառերը։ Այս գործընթացում  կարելի է մի պահ «մոռանալ» որոնող համակարգերի մասին եւ ընտրել այնպիսի բառեր կամ արտահայտություններ, որոնք ամենացայտուն կերպով են տարբերակում տվյալ էջը կամ հոդվածը մնացածից։ Եկեք ընդունենք, որ Ձեր կայքը պատահական այցելած ոչ մեկն այնքան ժամանակ չի տրամադրի՝ հասկանալու, թե ի՞նչ կայքէջ է բացել, ինչի՞ մասին է, ի՞նչ պարունակությամբ։ Բանալի բառերը կարող են հուշել նրան եւ մյուսներին՝ ընդամենը մի քանի տող կարդալուց հետո հասկանալ ամբողջ կայքի ուղղվածությունը եւ հատկապես՝ հոդվածի էությունը։

Բանալի բառեր ընտրելիս անհրաժեշտություն կծագի անցնել այս 5 փուլերը։

  1. Ճիշտ բանալի բառերի ընտրություն՝ հաշվի առնելով ինչպես բուն էջի/հոդվածի տարբերակված բովանդակությունը, այնպես էլ գուգլ-իԱարոն Վոլլ-ի կամ մեկ այլ գործքով ստացված արդյունքները։ /li>
  2. Առանձնահատկության պահպանում, որով տվյալ էջը կտարբերակվի  ինչպես նույն կայքի մյուս էջերից, այնպես էլ այլ կայքերի համանման հոդվածներից։ Տարբերակվելը առաջին հերթին վերաբերում է բանալի բառերին, որոնց միջոցով էլ որոնող համակարգը կտարբերակի տվյալ էջը մյուսներից։
  3. Համեմատական վերլուծություն, որը թույլ է տալիս հասկանալու, թե ինչ հաճախականությամբ են մարդիկ որոնում կատարելիս օգտվում տվյալ էջի համար ընտրված բանալի բառերից։ Դարձյալ նշենք, որ չպետք է ընկնել «ամենաշատ որոնվող բառերի հետեւից». մի՛ մոռացեք, որ Ձեր յուրաքանչյուր կայքէջը պետք է «ունենա իր դեմքը»։
  4. Տվյալ էջի/հոդվածի համար որպես բանալի բառեր ամենաբնորոշ  արտահայտությունների ընտրում։
  5. Բանալի բառերի հիման վրա բովանդակության խելամիտ շարադրանք, որը, հիրավի, պահանջում է ստեղծագործական աշխատանք։

 

SEO-հարմարեցված էջի «անկյունաքարերը»

Էջի կամ հոդվածի բովանդակությունը պետք է «ցանկալի» դարձնել ինչպես այդ էջը/հոդվածն ընթերցողների, այդպես էլ որոնող համակարգերի համար։ Ստորեւ թվարկված են որոշ սկզբունքներ, որոնք պետք է հաշվի առնվել այս գործի համար։

  1. Բանալի բառեր (տե՛ս վերեւում)՝ ի՞նչ բառ կամ արտահայտություն պետք է որոնի ինչ-որ մեկը, որպեսզի գուգլ-ի բարձր տողերում գտնի Ձեր հոդվածը։
  2. Վերնագիր, որը պետք է պարունակի տվյալ էջի/հոդվածի ամենակարեւոր բանալի բառերից մեկ-երկուսը։ Հիշեք, որ վերնագիրն ամբողջ էջի կամ հոդվածի ամենակարեւոր տարբերակիչ տողն է, որը շատ հաճախ կարող է դառնալ «տեքստային բերող հղում»։
  3. Էջի/հոդվածի բովանդակային շարադրանք, որի մեջ «տարրալուծված են» Ձեր բանալի բառերը այնպես, որ բովանդակությունը չտուժի, սակայն դառնա նպատակաուղղված։ Էջը նաեւ պետք է լինի հնարավորինս պրոակտիվ՝ համեմված RSS-ով, սոցիալական էջանշման միջոցներով, հետադարձ կապով։ Էջը պետք է լինի ընթերցողի համար այնքան գրավիչ, որ նա շարունակի կարդալ մինչեւ վերջ ու, ինչու չէ, իր ընկերներին խորհուրդ տա հետեւել իր օրինակին։
  4. Հարակից բովանդակություն՝ ուղղված այն նպատակին, որ կայքէջի այցելուն չլքի այդ էջը կամ կայքը։ Էջի հիմնական հոդվածի հարեւանությամբ կարելի է ներկայացնել նույն թեմայի կամ բաժնի այլ հոդվածներից մի քանիսի վերնագրերը (հիշեք, թե քանի՞ անգամ եք Յություբ մտել կոնկրետ մի տեսահոլովակ դիտելու համար, եւ, «չգիտես ինչպես», հայտնվել Յություբի այլ էջերում եւ ավելի շատ ժամանակ հատկացրել «անկապ» հոլովակներ դիտելու վրա)։ Հարակից գրառումներից բացի, կարելի է մտածել այլ տարբերակներ (թեժ գրառումներ, ամենակարդացվող գրառումներ եւ այլն)։

 

Կայքէջի «հանրաճանաչացումը»

Պատկերացնենք, որ դուք ստեղծել եք «ճիշտ բանալի բառերով» համեմված եւ օգտակար  տեղեկատվություն պարունակող հոդված պարունակող նոր էջ։ Սա առաջին քայլն է. պետք է հոգ տանել, որ այդ հոդվածը «հասնի» ընթերցողին (ավելի ճիշտ՝ ընթերցողը հասնի այդ էջին)։ Սա նշանակում է, որ պետք է բարձրացնել Ձեր կայքի ու նրա առանձին էջերի հանրաճանաչությունը եւ գուգլ-ին դարձնել Ձեր թիվ 1 օգնականը։ Նշենք կայքէջի հանրաճանաչացման մի շարք արդյունավետ ուղիներ։

  1. Սոցիալական էջանշման կայքեր՝ Digg, Reddit, TechMem եւ այլն։ Հոգ տարեք, որ այս կայքերում ավելացված Ձեր խոսքը  համեմված լինի Ձեր իսկ էջի բանալի բառերով ու տեքստային հղումներով (anchor text)։
  2. Գրառումներ ու մեկաբանություններ տարբեր հեղինակավոր ու ճանաչված կայքերում, այդ թվում՝ բլոգեր, ֆորումներ եւ այլն, որոնք բովանդակորեն մոտ են Ձեր կայքին։ Դարձյալ՝ Ձեր մեկնաբանությունը շարադրելիս օգտվեք բանալի բառեր պարունակող տեքստային հղումներից։ Հիշեք, որ Ձեր մեկնաբանության «որակից» ու օգտակարությունից է կախված, թե այն ընթերցողը կցանկանա՞ այցելել Ձեր կայքը, թե՞ ոչ։
  3. Սոցիալական ցանցեր՝ Twitter, Facebook եւ այլն։  Այս եւ տասնյակ այլ ցանցեր կարող են Ձեր կայքը ներկայացնել մյուսներին, քանի դեռ դուք հանգստանում եք։
  4. Հղումների փոխանակում գործընկեր-կայքերի հետ՝ հիշելով, որ նման կայքերը պետք է լինեն վստահելի։
  5. Գրանցում հոդվածների ուղեցույցներում, ինչպիսին հանդիսանում է Ezine Articles-ը։ Դարձյալ, սա պահանջում է ստեղծագործ աշխատանք

Վերոնշյալ քայլերը հաջողությամբ կատարելուց հետո Ձեզ համար իրականություն կդառնա հետեւյալ «բանաձեւը»

Բովանդակություն + առաջխաղացում = Բերող հղումներ

Աղբյուրը. e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում -ը գրել է 583 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 309 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

{ 0 մեկնաբանություն… ավելացրու նորը }

Չմոռանաք գրել ձեր կարծիքը

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.