
Անկեղծ ասած, ինքս ավելի հակված էի այս հոդվածը վերնագրել որպես «խարսխված տեքստ»՝ որպես anchor text-ի բառացի թարգմանություն, որը նաեւ իր մեջ ներառում էր տեքստը «խարսխելու»՝ ամրացնելու իմաստը։ Հետո ինչ-որ զգացում ինձ հուշեց, որ «տեքստի խարսխումը» շատ արհեստական է։
Փորձեցի համաշխարհային ոստայնում, հատկապես հայկական կայքերի շառավղում գտնել anchor text-ի թարգմանությունը կամ համարժեքը։ Դարձյալ անօգուտ։ Միայն մեկ-երկու էջ, որտեղ օգտագործվել էր «հիպերտեքստ» կամ «գերտեքստ» բառերը։ Ի վերջո, որոշեցի անցնել «տեքստային հղում» արտահայտությանը։
Թողնենք այս բառախաղը լեզվաբաններին եւ անցնենք բուն հոդվածին, որի նպատակն է ընթերցողին ներկայացնել տեքստային հղումների դերն ու նշանակությունը՝ կայքէջի ճիշտ օպտիմալացման տեսանկյունից։
Նախորդ հոդվածներից մեկում արդեն ներկայացրել եմ, որ SEO-փորձագետները համոզված են, որ որեւէ կայքի համընդհանուր SEO-վիճակի 20%-ն ուղղակիորեն պայմանավորված է ճիշտ տեքստային հղումներից։ Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում տեքստային հղումը եւ ինչո՞ւ են մասնագետները կարեւորում դրա դերը։
Տեքստային հղումը (anchor text) որեւէ կայքէջի վրա տեսանելի եւ իր վրա հղում (hyperlink) կրող բառ կամ արտահայտություն է։
Եկեք դիտարկենք 2 տեքստային հղում պարունակող ստորեւ նախադասությունը:
Կայքի առաջխաղացումը արդյունավետ դարձնելու համար պետք է բավարարել ինչպես այդ կայքից օգտվող այցելուների, այնպես էլ գուգլ որոնող համակարգի պահանջները։
Այս նախադասության մեջ «կայքի առաջխաղացում» եւ «գուգլ» արտահայտությունները տեքստային հղումներ են, որովհետեւ դրանք՝
- իրենցից ներկայացնում են տեքստեր (այլ ոչ թե պատկերներ, գրաֆիկաներ)
- իրենց վրա կրում են հղումներ (այլ կերպ ասած՝ հիպերտեքստեր (hypertext) կամ գերհղումներ (hyperlink) են), ըստ որում, առաջին տեքստային հղումը ուղղված է դեպի http://www.e-armenians.com/web-promotion/, իսկ երկրորդը՝ http://www.google.am էջը:
- տեսանելի են (ինչպես մեզ, այնպես էլ որոնող համակարգերի համար)։
Այս օրինակում առաջին տեքստային հղումը («կայքի առաջխաղացում») ուղղված է դեպի նույն կայքի մեկ այլ էջը, ուստի այն հանդիսանում է «ներքին» հղում, իսկ երկրորդը («գուգլ») ՝ դեպի մեկ այլ կայք, եւ այն «արտաքին» տեքստային հղում է։
Այժմ պատասխանենք այն հարցեին, թե ի՞նչ նշանակություն ունեն տեքստային հղումները։ Նույն գուգլ-ը չի խուսափում խոստովանել, որ տեքստային հղումներին ինքը մեծ նշանակություն է տալիս։
Ճիշտ ընտրված տեքստային հղումները տվյալ էջը դարձնում են թիրախ ինչպես գուգլի, այնպես էլ մյուս որոնող համակարգերի համար։ Որոնող համակարգերը տեքստային հղումները դիտարկում են որպես տվյալ էջը մյուսներից առանձնացնող բանալի բառեր։ Իսկ սա նշանակում է, որ որեւէ կայքէջում ներդրված տեքստային հղումները պետք է հնարավորինս կազմված լինեն լինեն այդ էջը լավագույնս բնորոշող բանալի բառերից։
Նկատի ունեցեք այս հանգամանքը, եւ Ձեր էջը գուգլի կողմից «կֆիքսվի» այնպես, ինչպես դուք եք այդ որոնող համակարգին «ներկայացրել» Ձեր իսկ ընտրած տեքստային հղումների միջոցով։
Օպտիմալացում ըստ տեքստային հղումների
Երեւի նկատեցիք, որ առաջին էջում մի քանի անգամ շեշտեցի, որ պետք է օգտվել ճիշտ ընտրված տեքստային հղումներից։ Հակառակ դեպքում դրանք կարող են ոչ թե օգնել, այլ նույնիսկ խանգարել որոնող համակարգերին՝ ճիշտ «հասկանալու» տվյալ էջի «առանձնահատուկ բովանդակությունը»։ Առավել եւս, որ օպտիմալացումն ըստ տեքստային հղումների իրենից մեծ բան չի ներկայացնում։
Մի շարք հմտություններ արդեն իսկ շարադրված են մեր հոդվածներից մեկում։ Անպայման ծանոթացեք դրանց հետ։
1-ին կարեւոր գործոնն այն է, որ հղում կրող տեքստը պետք է լինի «արժեքավոր բառ» կամ «արժեքավոր արտահայտություն», լավագույն դեպքում՝ տվյալ էջը առավելագույնս բնորոշող «բանալի բառ» (keyword)։
Оրինակ՝ կարելի է «սեղմեք այստեղ՝ կարդալու բանալի բառերի հարմարեցման մասին»-ի փոխարեն շարադրել «ընթերցել բանալի բառերի օպտիմալացման վերաբերյալ հոդվածը»:
Առաջին դեպքում մենք որպես տեքստային հղում օգտագործեցինք «սեղմեք այստեղ» արտահայտությունը, իսկ երկրորդ դեպքում՝ «բանալի բառերի օպտիմալացում»։ Պարզից էլ պարզ է, որ երկրորդ տարբերակն ավելի նկարագրողական է ու տեղին, քան թե ոչինչ չասող «սեղմեք այստեղ»-ը։
2-րդ հմտությունն այն է, որ կարելի է չզլանալ եւ հիպերտեքստի HTML կոդերում ավելացնել TITLE ատրիբուտը։ Դարձյալ նույն օրինակում, երկրորդ տարբերակի դեպքում մենք ունենք այսպիսի HTML պատկեր.
Ընթերցել <a title="բանալի բառեր" href="http://www.e-armenians.com/seo/keywords-optimization/"> բանալի բառերի հարմարեցումը </a> ներկայացնող հոդվածը։
<a-ից հետո ներդնելով title="բանալի բառեր" ատրիբուտը, մենք որոնող համակարգին կրկնակի անգամ «հուշեցինք», թե հաջորդող տեքստային հղումն ինչի մասին է։
Կրկնեմ, որ ամենացանկալի տարբերակն այն է, երբ որպես հղման TITLE օգտագործվում է տվյալ էջը եւ հատկապես տեքստային հղումը բնորոշող բանալի բառերից մեկնումեկը։
Վերջում եկեք հիշենք, որ Ձեր տեքստային հղումներն առավել կարեւորություն ու նշանակություն են ստանում եւ իրենց «կախարդական ուժը» գործի են դնում հատկապես այն դեպքում, երբ դրանք տեղադրվում են այլ` որակյալ եւ Ձեր կայքի հետ տրամաբանական կապ ունեցող կայքերի էջերին եւ ուղղված են Ձեր կայքի համապատասխան էջը։
Այսպիսով, աշխատեք, որ Ձեր կայքի հետադարձ հղումներն իրենցից ներկայացնեն ճիշտ ընտրված ու TITLE ատրիբուտ պարունակող տեքստային հղումներ:
Աղբյուրը. e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին եւ ընթերցեք իմ էլ. գիրքը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 533 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 212 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ









{ 3 մեկնաբանություն… կարդա դրանք ներքեւում կամ ավելացրու քոնը }
Շատ հետաքրքիր էր ու օգտակար, կարեւոր թեմաների եք միշտ անդրադառնում, որի համար շնորհակալ ենք…
Ինչպե՞ս կարելի է ավելացնել էջեր, ինֆորմացիա google.am կայքում:
Գուգլը փնտրման համակարգ է, եւ ուղղակիորեն այնտեղ էջ կամ որեւէ տեղեկատվություն ավելացնել հնարավոր չէ:
Գուգլը ներկայացնում է էջեր եւ տեղեկատվություն, որը առավելագույնս է համապատասխանում մարդկանց կողմից այս կամ այն բառի կամ արտահայտության փնտրման արդյունքներին: Այսինքն, գուգլի որոնման արդյունքների էջերում հայտնվում են ցանցակայքերի էջերը՝ գրառումներ, դրանց մեկնաբանություններ, նկարներ եւ այլն: