Գուգլի SEO ձեռնարկը սկսնակների համար

կայքի գուգլ-օպտիմալացում

Ի սկզբանե այս փաստաթուղթը մշակվել էր որպես ձեռնարկ գուգլի աշխատակիցների համար։ Սակայն մենք որոշեցինք, որ այն օգտակար կլինի նաև այն վեբ վարպետներին, ովքեր նոր են ծանոթանում որոնողական օպտիմալացման մեթոդներին և ցանկանում են բարելավել իրենց կայքերի փոխադարձ կապն ինչպես այցելուների, այնպես էլ որոնող համակարգերի հետ։

Մենք չենք փորձի այս ձեռնարկի միջոցով լույս սփռել ինչ-ինչ մոգական գաղտնքների վրա, որոնք կայքին թույլ կտային ավտոմատ կերպով հայտնվել գուգլի որոնման առաջին տողերում (այս առումով՝ կներեք), սակայն լավագույն փորձին հետևելը կհեշտացնի որոնման համակարգերի կողմից Ձեր կայքը սքենավորելու, ինդեքսավորելու և «հասկանալու»։

Որոնողական օպտիմալացումը հաճախ ոչ այլ ինչ է, քան վեբ կայքի տարբեր մասերում որոշակի փոփոխություններ կատարելը։ Առանձին-առանձին դիտարկելու պայմաններում, այդ փոփոխությունները նման են փոքրիկ բարելավումների, սակայն, կայքի բարեկարգման այլ մեթոդների հետ զուգակցելու դեպքում այցելուների գոհունակության աստիճանը բարձրացնելու և որոնման արդյունքներում բարձր դիրք գրավելու իմաստով արդյունքները կդառնան զգալի։ Հավանաբար դուք տեղյակ եք այստեղ քննարկվող թեմաների մեծ մասին, քանի որ դրանք բոլորն էլ ցանկացած կայքէջի առանցքային բաղադրիչներն են։ Սակայն, չի բացառվում նաև, որ դուք դրանց մեծ մասը դեռ լիարժեք կյանքի չեք կոչել։

Չնայած այս ուղեցույցի վերնագիրը պարունակում է «որոնող համակարգ» արտահայտությունը, ցանկանում ենք մեկ անգամ ևս Ձեր ուշադրությունը հրավիրել այն մտքի վրա, որ օպտիմալացման Ձեր որոշումների հիմքում պետք է ընկած լինի և առաջնահերթությունը պետք է տրվի Ձեր կայքի այցելուներին։ Այցելունե՛րն են Ձեր բովանդակության գլխավոր սպառողները և նրա՛նք են օգտվելու որոնող համակարգերից՝ գտնելու Ձեր կայքը։ Միայն որոնող համակարգերի արդյունքներում բարձր դիրք զբաղեցնելուն ուղղված հատուկ հնարքների վրա կենտրոնանալով հնարավոր չէ հասնել ցանկալի արդյունքների։ Որոնողական օպտիմալացումն այն մասին է, թե ինչպես բարձրացնել Ձեր կայքի «տեսանելիությունն» այդ համակարգերում, սակայն Ձեր վերջնական սպառողները Ձեր այցելուներն են և ոչ թե որոնող համակարգերը։

Ձեր վեբ կայքը գուցե ավելի փոքր կամ ավելի մեծ լինի, քան մեր ներկայացրած օրինակը և ունենա լրիվ ուրիշ բովանդակություն, սակայն ստորև քննարկվող օպտիմալացման մեթոդները կարող են կիրառվել ցանկացած չափսի և բնույթի կայքերի վրա։ Հուսով ենք, որ մեր ձեռնարկի շնորհիվ դուք կհամակվեք կայքի օպտիմալացման նոր մտքերով, և մենք ուրախ կլինենք Google Webmaster Help Forum-ում տեսնել Ձեր հարցերը, կարծիքները և հաջողված պատմությունները։

Բովանդակություն

գուգլբոտՈրոնողական օպտիմալացման հիմունքները

  • Էջերի համար ընտրեք յուրահատուկ և ճիշտ վերնագրեր
  • Օգտագործեք description մետա թեգեր

Վեբ կայքի կառուցվածքի օպտիմալացում

  • Բարելավեք Ձեր վեբ կայքի հղումների կառուցվածքը
  • Պարզեցրեք կայքում նավարկելը

Բովանդակության օպտիմալացում

  • Առաջարկեք որակյալ բովանդակություն և ծառայություններ
  • Ընտրեք ճիշտ տեքստային հղումներ
  • Բարելավեք նկարները և պատկերները
  • Ճիշտ օգտագործեք վերնագրերի թեգերը

Սփայդերների հետ աշխատանք

  • Արդյունավետ կերպով օգտագործեք robots.txt-ը
  • Հիշեք rel="nofollow" հղումների կիրառության մասին

Բարեփոխում բջջային հեռախոսների համար

  • Տեղեկացրեք գուգլին Ձեր բջջային կայքերի մասին
  • Ճիշտ ուղղորդեք բջջային կայքից օգտվող անձանց

Առաջխաղացում և վերլուծություն

  • Ընտրեք Ձեր վեբ կայքի առաջմղման ճիշտ տարբերակ
  • Օգտվեք վեբվարպետների անվճար գործիքներից

Մենք ստեղծել ենք ենթադրյալ մի վեբ կայք, որի օրինակը կօգտագործենք բացատրություններին զուգահեռ։ Յուրաքանչյուր թեմայի վերջում մենք այդ կայքի օրինակի վրա կամփոփենք ներկայացված մտքերը։ Ահա այդ կայքի վերաբերյալ որոշ նախնական տվյալներ՝

  • Վեբկայքը և բիզնես անվանումը՝ Brandon’s Baseball Cards
  • Դոմեն. brandonsbaseballcards.com
  • Ոլորտ. Online-only baseball card sales, price guides, articles, and news content
  • Չափս. փոքր, ~250 էջ

Որոնողական օպտիմալացումն ազդում է միայն որոնման հիմնական արդյունքների վրա։ Վճարված կամ Google AdWords արդյունքները ներկայացվող օպտիմալացմանը չեն ենթարկվում։

օրգանական և վճարովի որոնում

Թարգմանությունը՝ @e-armenians.com։ Աղբյուրը՝ Google SEO Starter Guide։