
Որակյալ կայքի պատրաստումը պահանջում է ժամանակ եւ հետեւողական եռանդուն աշխատանք։ Փորձը ցույց է տալիս, որ «մի շնչով» եւ հանպատրաստից ստեղծված կայքերը սովորաբար տապալվում են՝ չարժանանալով ինտրենետային հանրության ուշադրությունը։
Նման գործելակերպը բնորոշ է հատկապես կայքէջի պատրաստման ոլորտի սկսնակներին, երբ նրանք, հաճախ մոռացության մատնելով ամենակարեւորը՝ էջի բովանդակությունը, իրենց ողջ ուշադրությունը սեւեռում են այնպիսի մանրամասնությունների վրա, ինչպիսիք են՝ գունային երանգների ընտրությունը, տառաձեւը, տառաչափսը եւ այլն։
Կայքի ստեղծումը լուրջ աշխատանք է, որը մեկտեղում է հեղինակի ստեղծագործական ունակությունները, տարբեր վեբ-լեզուների եւ ծրագրավորման գիտելիքները, կայքէջի ձեւավորման հմտությունները, համապատասխան քարոզչական միջոցառումները եւ այլն։ Իսկ սա նշանակում է, որ յուրաքանչյուր առանձին վերցրած դեպքի համար տրամաբանական կլինի, եթե կայքի ստեղծման բուն գործնական քայլերին նախորդի այդ կայքի նախագծումը՝ նպատակների եւ խնդիրների սահմանում, ըստ դրանց՝ ակնկալվող աշխատանքի ծավալի վերլուծություն, ներդրվող միջոցների (ժամանակ, անձնակազմ, դրամական միջոցներ եւ այլն) արդյունավետության գնահատում, միջոցառումների նույնականացում՝ ըստ ժամանակացույցի, ակնկալվող արդյունքների գնահատման չափորոշիչների ընտրություն եւ այլն։
Սույն հոդվածում կանրադառնամ կայքի նախագծման առանցքային դրույթներին։
Նախ եւ առաջ, յուրաքանչյուր աշխատանք, այդ թվում՝ կայքի պատրաստումը, պետք է հետապնդի որեւէ նպատակ (goal, long-term goal), որին հասնելու համար պետք է նույնականացնել առաջնահերթ խնդիրները։ Եթե նպատակը կարող է եւ լինել անորոշ՝ ինչպես արդյունքների, այնպես էլ դրանց հասնելու ժամանակի իմաստով, ապա խնդիրները պետք է լինեն հստակ, իրատեսական եւ «չափելի » (կամ գնահատելի)։
Անկախ այն հանգամանքից, թե ինչ բնույթի կայք եք պատրաստվում ստեղծել՝ անձնական կայքէջ, ժամանցային կամ առցանց վաճառքի հանգույց, դուք պետք է սկզբից եւեթ պարզաբանեք (ինչպես Ձեր, այնպես էլ Ձեր թիմակիցների եւ գործընկերների համար), թե ի՞նչ նպատակ է հետապնդում այդ նախագիծը։ Կայքի ստեղծման նպատակի սահմանմամբ մենք կարող ենք ստանալ բազմաթիվ «ինչո՞ւ»-ների եւ «ինչպե՞ս»-ների պատասխանների բանալին։ Ովքե՞ր են լինելու մեր կայքից օգտվող մարդիկ։ Ի՞նչ կարիքներ եւ նախասիրություններ ունեն նրանք։ Ինչպիսի՞ ծառայություններ ենք տրամադրելու նրանց։ Ինչպե՞ս։
Անհրաժեշտություն կառաջանա նաեւ իրականացնել փոքր շուկայագիտական վերլուծություն, որն էլ կտա «ի՞նչ» եւ «ինչպե՞ս» հարցերի պատասխանները։ Աշխարհում «հենց այնպես» ոչ մի բան չի լինում. նույնիսկ անձնական կայքէջն ունի իր նպատակը, օրինակ՝ ներկայացնել մեր անձը, մեր հետաքրքրությունները, մեր մտահոգությունները եւ կարծիքները ներկայացնել ուրիշներին եւ այլն։
Խնդիրները (objectives), ինչպես արդեն նշեցինք վերեւում, ի տարբերություն նպատակի, այն իրատեսական ճանապարհներն են, որոնց իրականացմամբ մենք լավագույն դեպքում` կհասնենք կամ առնվազն` կմոտենանք մեր ձեւակերպած նպատակին։ Հարկ ենք համարում առանձնահատուկ կերպով նշել, որ նպատակի եւ խնդիրների ձեւակերպումը պետք է հիմնված լինի առկա իրավիճակի, մրցակիցների եւ նախատեսվող ծրագրի հնարավոր խոչընդոտների, ռիսկերի, թույլ կողմերի եւ դրանց հաղթահարման հնարավոր ուղիների ընդլայնված վերլուծության վրա։
Օրինակ՝ եթե ցանկանում եք նախաձեռնել ֆորումային հանգույց, ապա անհրաժեշտ կլինի ճշտել, թե ովքե՞ր են լինելու Ձեր հավանական այցելուները, ի՞նչ նմանատիպ ֆորումներ կան ինտերնետային «շուկայում», ի՞նչ հաջողությունների են հասել այդ ֆորումները եւ ի՞նչ բացթողումներ ունեն (բնական է, որ ավելի լավ է սովորել այլոց սխալներից, քան՝ սեփական)։
Խնդիրներից յուրաքանչյուրն իր հերթին կազմված է մեկ կամ մի քանի հիմնական միջոցառումներից (Activities), որոնք իրենցից ներկայացնում են այդ խնդիրների լուծման գործնական քայլերը։
Միջոցաումներն իրականացնելիս կարեւոր է հաշվի առնել հետեւյալ կետերը`
- գործընթացներն իրականացնողներ՝ անձնակազմ, թիմ, ժամանակավոր աշխատողներ ու այլն (staff).
- առկա եւ հնարավոր գործընկերներ (partners).
- մեթոդներ (methods).
- նախատեսված աշխատանքների ժամանակացույց (timetable).
- անհրաժեշտ ներդրումներ եւ դրամական միջոցներ (budget)։
Այստեղ կարելի է կանգ առնել եւ առանձնահատուկ նշել, որ թեեւ վերոնշյալ թվարկման բոլոր կետերն էլ պետք է սահմանել մինչեւ կայքի պատրաստումը, դա չի նշանակում, որ նախապես սահմանված դրույթները չեն կարող ենթարկվել իրավիճակային փոփոխությունների՝ ըստ առկա արդյուքների, հնարավոր խոչընդոտների եւ դրանց հաղթահարման եղանակների գնահատման արդյունքների։
Ընթերցելով այս հոդվածը, Ձեզնից ոմանց մոտ կարող է հարց ծագել, թե՝ արդյոք շատ չե՞նք բարդացնում կայքի ստեղծման գործընթացը։ Արդյո՞ք միշտ է պետք լինելու նախագծել որեւէ կայքի ստեղծման այն նրբությունները, որոնք ներկայացվեցին վերեւում։ Հավատացնում ենք Ձեզ, որ Դուք, ուզեք թե չուզեք, առանձին-առանձին (կամ, վատթարագույն դեպքում՝ բոլորը միաժամանակ) առնչվելու եք վերոնշյալ բոլոր կետերի հետ։ Իմաստությունը հենց նրանում է, որ բոլոր խնդիրների լուծումը տաք ժամանակին եւ լավագույն ձեւով։
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 212 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ









{ 1 մեկնաբանություն… կարդա դա ներքեւում կամ ավելացրու քոնը }
Կարծում եմ, հետաքրքիր եւ օգտակար էր:
Մատչելի լեզվով, ու կան կետեր, որոնք հասկանում ես, որ ճիշտ են, բայց դու մինչեւ կարդալը չէիր մտածել դրա մասին: