
Մի քանի օր առաջ HiMan-ը ներկայացրեց իր հեղինակային հոդվածը այցելուներին գրավելու 5 մեթոդների մասին: Եթե այս նույն հարցին նայենք ավելի «վերևից», ապա պարզ է դառնում, որ խոսքը կայքի հեղինակության ու մարդկանց վստահությունը գրավելու մասին է: Ու, եթե կարողացար ապացուցել, որ դու «արժանի ես», քո այցելուները կդառնան քո կայուն ընթերցողները:
Ահա այս տեսանկյունից էլ այսօր կանդրադառնամ կայքի հեղինակության ու մարդկանց վստահությունը շահելու հարցերին: Անկախ այն հանգամանքից, թե ձեր կայքն անձնակայն բլոգ է, թե օնլայն խանութ, համոզված եմ, որ հոդվածը կհետաքրքրի բոլորին:
Սակայն, մինչև վստահության ու հեղինակության հարցերին անցելը, եկեք նախ հասկանանք իրականությունը (թող անհամաստ չհնչի՝ շատերի համար «դառը» իրականությունը):
Ինչո՞ւ եմ կարևորում վստահությունը
Համացանցը լի է կայքերով՝ բլոգներ, «վիզիտկա»-կայքեր, ժամանցային և այլ պորտալներ, առցանց խանութներ և այլն: Ու երբ մեզանից ինչ-որ մեկը հայտնվում է իրեն անհայտ ինչ-որ մի վեբ կայքում, մի քանի վայրկյանի ընթացքում է որոշում՝ մնա՞լ այդ էջում, թե՞ փակել այն:
Միևնույն ժամանակ, իմ կամ ձեր կայքերը չունեն նաև մրցակիցների պակաս: Այսպիսի պայմաններում մեր «թիվ մեկ» հարցը պետք է լինի սա՝ իսկ ինչպե՞ս անել, որպեսզի մարդիկ «չփախչեն» մեր էջերից:
Կխնդրեի մի պահ մոռանալ կայքի բովանդակության մասին: Մի քանի վայրկյանում դժվար թե որևէ մեկը կարողանա պատկերացում կազմել, թե ինչ որակի բովանդակության կայք է մտել: Նրան պետք են ավելի շատ վայրկյաններ, որպեսզի զննի էջն ամբողջությամբ, հասցնի բացել ավելի խորն ընկած մի քանի էջեր, ընթերցի մեկ-երկու գրառումներ, տեսնի մեկ-երկու նկարներ, որից հետո միայն կկարողանա իր (նախնական) կարծիքը կազմել բովանդակության որակի մասին:
Ահա սա է իմ հարցը՝ ինչպե՞ս անել, որպեսզի մեր կայքը բացող մարդկանց համար մի քանի վայրկյանները ձգվեն ու դառնան րոպեներ:
Հենց այստեղ է, որ «խաղի մեջ է մտնում» վստահությունը:
Վստահության գործոն #1. Լոգո
Գուցե չհավատաք, սակայն կայքի լոգոն մարդկանց «համոզելու» առաջին գործոնն է, որովեհետև նրանք էջը բացվելիս առաջինը դա են տեսնում, դա են գնահատում ու ըստ լոգոյի են փորձում հասկանալ, թե «ուր են ընկել»:
Խելամիտ ընտրված ու մարդկանց ուղեղներում ճիշտ ասոցիացիաներ ստեղծող լոգոները կարող են առաջին իսկ ակնթարթում նրանց մեջ սերմացնել բարձր վստահություն: «Սիրողական» լոգոն միանգամից հուշում է այն մասին, որ բացված կայքն էլ սիրողական պետք է լինի, որին կարելի է լավագույն դեպքում վերաբերվել որպես «ոչ այնքան լուրջ» կայք: Վերջապես, «տխուր» (չցանկացա «անճաշակ» բառն օգտագործել) լոգոն կայքն ամբողջովին դարձնում է ոչ վստահելի:
Եթե կուզեք, ապա այսօրվա հանրահռչակ բրենդներին բրենդ դարձնողը եղել է նաև նրանց լոգոները: Նաև սա է պատճառը, որ տարբեր կազմակերպություններ իրենց թույլ են տալիս հազարներ ($) ծախսել, որպեսզի ունենան իրենց ընկերության հզոր ու խոսուն լոգոն:
Այսօր շատերը (հատկապես՝ բլոգերները) լոգոյի փոխարեն օգտվում են նկարներից ու կայքի կարգախոսից (tagline), և սա ինչ-որ մի տեղ հասկանալի է (ի՞նչ լոգո, եթե խոսքն անձնական էջի մասին է): Նման դեպքերում արժի հրաժարվել «լռելյայն» (default) պատկերներից ու ընտրել «ձերը»: Իսկ եթե մտադրություններն ավելի լուրջ են, ապա արժի նաև ունենալ ձեր յուրահատուկ լոգոն:
Վստահության գործոն #2. Դիզայն
Վեբ դիզայնը կայքի վստահության ու հեղինակության հետ կապված է ուղղակիորեն և անմիջականորեն, ու սա տրամաբանական է, քանի որ մի քանի վայրկյանի ընթացքում մենք միայն հասցնում ենք գնահատել կայքի արտաքին տեսքը:
Մարդկանց վստահությունը շահելու գործում կայքէջի ձևավորման մասին այնքան եմ խոսել, որ հիմա արդեն իսկ դժվարանում եմ որևէ բան ավելացնել: Մի քիչ քրքրելով իմ նախորդ գրառումները, գտա մի դիտարժան նյութ, որն էլ կցանկանամ ներկայացնել ձեզ: Պարզապես վերհիշեք, թե ինչպես անել, որ առաջին տպավորությունը չդառնա վերջինը: Այս հոդվածում ներկայացրել եմ վեբ դիզայներական 5 լուծումներ, որոնք ձեր կայքը կդարձնեն ավելի վստահելի:
Չեմ կարող չավելացնել, որ կայքի արտաքինը փչացնող ցանկացած տարր փչացնում է նաև այդ կայքի հեղինակությունը: Ես չեմ կարող վստահել մի կայքի, որը լի է գովազդային ու հղումների փոխանակման դաշտերով: Գուցե ես շատ բծախնդիր եմ, բայց, ամեն դեպքում, չեմ կարծում, որ նման դաշտերի առատությունը խոսում է կայքի՝ վստահելի լինելու մասին:
Վստահության գործոն #3. Հեղինակությունը բարձրացնող «մեսիջներ»
Այս ենթավերնագրի ներքո ես կթվարկեմ մարդկանց վստահությունը բարձրացնող մի շարք տարրերի մասին, որոնք գուցե ձեր ուշադրությունից վրիպել են:
- RSS հոսքերին բաժանորդագրվածների բարձր թիվ
- Ֆեյսբուքյան ֆաների ու թվիթերյան ֆոլոուերների բարձր թիվ
- Մեկնաբանությունների ակտիվություն ու բարձր թիվ
Երեք դեպքում էլ ես հատուկ նշել եմ «բարձր»-ը, քանի որ ցածր թվերը կարող են հակառակ ազդեցությունն ունենալ:
Բերեմ իմ օրինակը: Որևէ պատահական մարդ, մտնելով իմ բլոգը, անմիջապես տեսնում է, որ բլոգին բաժանորդագրվել են 235 ընթերցող, և այս թիվը նրա վրա թողնում է իր դրական ազդեցությունը: Սա ես համարում եմ մեծ ձեռքբերում, ինչը դեռ չեմ կարող ասել ֆեյսբուքի ու թվիթերի համար: Մեկնաբանությունների թիվը մեկ այլ կարևոր ցուցանիշ է, որը կարող է ունենալ ձնե գնդակի «գլորվելով՝ մեծանալու» ազդեցություն. («եթե շատ մարդիկ են իրենց կարծիքները հայտնում, ուրեմն արժի վստահել այս բլոգին»):
Չմոռանամ ավելացնել, որ որոշ տեսակի կայքերի համար մեծ նշանակություն կարող է ստանալ նաև հեղինակավոր մարդկանց կարծիքները (անգլերեն՝ testimonals):
Եվ, վերջում
Երկուշաբթի օրվա համար բավականին մեծ նյութ ստացվեց: Ոչինչ, դուք ունեք երկու օր ժամանակ՝ մինչև չորեքշաբթի կխոսենք սոցիալական ցանցերի վերաբերյալ ամենավտանգավոր ու ամենատարածված միֆի մասին:
Չմոռանաք մինչ այդ այս հոդվածի մասին տեղեկացնել ձեր թվիթեր-ընկերներին:
Աղբյուրը՝ e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին եւ ընթերցեք իմ էլ. գիրքը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 544 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 235 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ







{ 7 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }
Առաջինը պարզ էր, երկրորդը լոգիկայի մեջ էր, բայց երրորդի մասին չէի մտածել:
Իրոք, երբ մտնում ես որևէ բլոգ ու չես տեսնում գոնե մեկ քոմենթ, մի տեսակ գրելդ էլ չի գալիս: ՌՍՍ-ի մասին ասեմ, որ ոչ ոք չի ցուցադրում գրանցվածների թիվը, քանի որ ցուցադրելու բան չկա ու անտեսում են այս ֆունկցիան: Այն, որ դուք արդեն մոտենում եք 200-ին, դա իրոք որ շատ խոսուն փաստ է, որն անկասկած վստահություն է հաղորդում ձեր բլոգին: Շնորհավորում եմ ու շատ շնորհակալ եմ այս բովանդակալից նյութի համար:
Մերսինիո
Դիզայնի վերաբերյալ շատ օգտակար, բայց և տրամաբանական խորհուրդ եմ լսել` կայքի կամ բլոգի ամենակարևոր, աչք ծագող բովանդակությունը (սրա մեջ կարելի է ներառել լոգոն, անվանումը, առաջաբանը …) պետք է տեղադրել ձախ, վերին անկյունում, քանի որ առաջինն այդ հատվածն է հաճախորդի ուշադրությունը գրավում, էլ չեմ ասում այն դեպքի մասին, երբ կայքի և մոնիտորի լայնությունների անհամապատասխանության արդյունքում հաճախորդի էկրանից դուրս է մնում կայքի էջի որոշ մասը (աջակողմյան և ներքևի պարունակությունը հասանելի է scroll-ով)
Դա, իրոք այդպես է, բայց ամեն ինչ չես կարող վերին-ձախ անկյուն տանել, ուստի եւ կարելի է բավարարվել “վերինով”` վերին-ձախ. վերին-կենտրոն ու վերին-աջ: Ու ամենակարեւորը, որ մինչեւ scroll անելը երեւան:
Կարելի է, բայց արժե մտքում պահել, որ կայքի վերին հատվածի ձախ մասն առավել արժեքավոր է, իսկ դեպի աջ շարժվելիս այդ արժեքն ընկնում է:
Scroll-ի վերաբերյալ մեկ այլ խորհուրդ հիշեցի վեբ-դիզայնից` կայքի էջերը առավելագույնս հաճելի և հարմար դարձնելու համար ուղղահայաց scroll-ի չափը չպետք է գերազանցի 1.5 էջը, իսկ հորիզոնական scroll-ից նախընտրելի է, ընդհանրապես ազատվել:
Խոսք չունեմ, ընտիր մտքեր են, մենակ թե կուզեի ճշտել, թե լոգոն այսպես բարձր գնահատող կայքատերն ինչու իր սեփական լոգոն չունի:
Իսկ դու ինչո՞ւ քո սեփական ավատարը չունես: Սա՝ կատակի ոլորտից:
Եթե անկեղծ, ապա ըստ իս “e-armenians.com” պատկերն ինչ-որ մի տեղ լոգո է: Ինչպես նշեցի, բլոգին լոգոն մի քիչ չի սազում: Ինքս գրաֆիկական մտահաղացումներից հեռու մարդ եմ ու ինքս դժվար թե կարողանայի ճաշակով լոգո ստեղծել, ուստի եւ բավարարվել եմ “e-armenians.com”-ով, որն ինչ-որ տեղ բրենդավորում է իմ դոմենը ու տպավորվում այցելուների հիշողության մեջ: