
Տարբեր աղբյուրներ (ТechCrunch եւ այլն) հաստատում են, որ յահուն շուտով փակելու է մի շարք հանրահայտ ծառայություններ, որոնք են՝ Buzz, Traffic APIs, հավանաբար, նաեւ՝ Delicious եւ AltaVista։
Յահուի պաշտոնական նամակներում այս քայլը պատճառաբանվում է ընկերության ռազմավարական որոշմամբ՝ մոտակա ամիսներին դադարեցնել որոշ նախագծերի ֆինանսավորումը եւ ներդրումներն ուղղել հիմնական պորտֆոլիոների կատարելագործմանը եւ նոր ուղղությունների մշակմանը։
Նման տեղեկատվությունը ինտերնետով տարածվեց յահուի բաժնետերերի վերջին հանդիպումից անմիջապես հետո, երբ մասնակիցներին ներկայացվել էր հետեւյալ բովանդակությամբ մի սլայդ, որի ձախ սյունակում, մոտ ապագայում փակվող ծառայությունների շարքում տեսնում ենք Yahoo Buzz-ը, Traffic APIs-ը, MyBlogLog-ը, Delicious-ը, AltaVista-ն, AllTheWeb-ը եւ այլն։

Եկեք տեսնենք, թե ինչ ծառայություններից է ցանկանում հրաժարվել յահուն։
Նախ, խոսքը գնում է Yahoo Buzz-ի մասին, որը բացվել էր ոչ վաղ անցյալում՝ միայն 2008-ի փետրվարին՝ որպես սոցիալական էջանշման կայք, որը թույլ էր տալու ինտերնետ-հրապարակողներին այս սոցիալական ցանցի օգնությամբ տարածել իրենց հոդվածները համացանցում։
Այնուամենայնիվ, ֆեյսբուքի եւ հատկապես թվիտերի վերջին տարիների կտրուկ առաջընթացը յահու-բուզին մղեց եթե ոչ երրորդային, ապա հաստատ երկրորդային պլան։ Yahoo Buzz-ը տանուլ տվեց սոցիալական մեդիայի շուկայի թեժ պայքարում, եւ յահուին ոչինչ չէր մնում անել, քան հրաժարվել բուզ-գաղափարից։
Ինչ վերաբերում է AltaVista-ին եւ AllTheWeb-ին, ապա սրանք երկուսն էլ որոնող համակարգեր են, որոնք յահուն Overture-ից «ժառանգել էր» դեռեւս 2003-ին։ Ինքներս կարող ենք փաստել, որ «վեբ-որոնում»-ն այսօր ավելի շուտ ասոցիացվում է գուգլի եւ բինգի հետ։
Մի ժամանակ խիստ հանրահայտ ալտա-վիստան, փաստորեն, գուգլի հետ մրցակցությանը չդիմացավ եւ մղվեց դեպի անհայտություն։
«Սեւ ցուցակում» տեղ է գտել նաեւ յահուի մեկ այլ ծառայություն՝ MyBlogLog-ը, որը յահուն ձեռք էր բերել 2007-ին եւ պետք է ծառայեր որպես այցելուների սեփական բլոգերում ներդրվող սոցիալական դաշտ (widget)։
Ի սկզբանե դառնալով սփամի աղբյուր, մայբլոգլոգն այդպես էլ չդարձավ հանրաճանաչ, իսկ շուկայում գերիշխող դարձան ֆեյսբուքի եւ թվիտերի համանման ծառայությունները (Facebook Connect, Facebook Friends, Тwitter Line եւ այլն)։
Հավանաբար, թվարկված նախագծերից ամենահաջողակը համարվում է Delicious-ը, որը մինչ օրս պահպանում է իր տեղը սոցիալական մեդիայի շուկայում։
Ահա թե ինչու յահուն դեռ հապաղում է դելիշիոզի վերաբերյալ վերջնական որոշում կայացնել։ Յահուն դեռ պետք է որոշի՝ իմաստ ունի՞ արդյոք շարունակել Delicious-ին ուղղված ներդրումները ֆեյսբուքի եւ թվիտերի գերիշխանության ժամանակաշրջանում։
Հ.Գ. Բազմաթիվ վեբ-մարդիկ առավելագույնս անհանգստացած են այն մտքով, որ վերոնշյալ շարքում կարող է հայտնվել նաեւ յահուի Flickr-ը։
Աղբյուրը. e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 583 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 309 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ







{ 1 մեկնաբանություն… կարդա այն ներքևում կամ ավելացրու նորը }
Մի քանի օր առաջ այսպիսի նամակ եկավ yahoo-ից
Այսինքն, MyBlogLog-ը մայիսի 24-ին փակվում է: