
Պարզվում է, որ Գուգլը կարող է պատժել ոչ միայն այլ կայքերին, այլ նաև… ինքն իրեն: Եվ այս օրերին ողջ աշխարհն ականատես եղավ Գուգլի կողմից ինքն իրեն պատժելու մի ուշագրավ դեպքի:
Սկսեմ վերջից:
Օրերս պատժվեց Գուգլ Քրոմը: Իսկ պատժողը Գուգլն էր: Արդյունքում առաջիկա երկու ամիսների ընթացքում Գուգլում “browser” հարցում կատարելիս արդյունքների առաջին էջում մենք չենք տեսնի Գուգլ Քրոմի էջը (որը մինչ այդ հանգրվանում էր առաջին կամ երկրորդ հորիզոնականներում): Չմոռանամ ասել, որ Գուգլը կրճատել է նաև Քրոմի էջի PageRank-ը:
Ու սա այն դեպքում, երբ Քրոմը կատաղի մրցակցության մեջ է մտել Ինտերնետ Էքսփլորերի, Մոզիլայի Ֆայրֆոքսի, Օպերայի ու մյուս ինտերնետային դիտարկիչների հետ: Առավել ևս, որ Քրոմի առաջընթացն ամսե-ամիս դառնում էր էլ ավելի ցայտուն:
Պատճա՞ռն եք ցանկանում իմանալ: Հիմա պատմեմ:
Վերջերս Գուգլը նախաձեռնել էր իր Քրոմ բրաուզերի քարոզչական մի մեծ կամպանիա, և այդ նպատակով վարձել էր մարքեթինգով զբաղվող մի ընկերություն: Վերջինս իր հերթին վարձում է մի շարք հայտնի բլոգգերներ, ովքեր պետք է իրենց բլոգներում գովեին Քրոմն ու տեղադրեին այս դիտարկչի գովազդային տեսահոլովակները:
Կարծես թե ամեն ինչ ընթանում էր այնպես, ինչպես նախատեսվել էր, մինչև մի շարք SEO ընկերություններ նկատեցին, որ այդ բլոգգերներն իրենց գրառումներում օգտագործել են Քրոմի էջն ուղղված dofollow հղումներ:
Ի՞նչ է ստացվում. բլոգգերները վարձավճարի դիմաց իրենց կայքերում տեղադրել են Քրոմի կայքէջին ուղղված հղումներ: Այլ կերպ ասած, խոսքը վճարված հղումների մասին է (անգլերեն՝ paid links):
Ինքս տարբեր հոդվածներում նշել եմ, որ Գուգլն այլևս չի հանդուրժելու ու պատժելու է վճարված dofollow հղումների երևույթը: Նման դեպքերում Գուգլը պահանջում է հղումը դարձնել nofollow (մանրամասները տե՛ս Google Webmaster Tools-ում):
Ստացվում է, որ Քրոմը խախտել է «հոր» սահմանած խաղի կանոնները:
Եթե անկեղծ, ապա բոլորի հետ միասին ես էլ էի ակնկալում, որ Գուգլը հանդես կգա իր ներողություններով ու կպատժի քարոզող բլոգգերներին: Բայց արի ու տես, որ այս հսկան պատժեց իր իսկ ապրանքը:
Երևի սա ավելի ճիշտ էր, քանի որ խոսք էր գնում հեղինակության մասին, որը նման բիզնեսում ամեն ինչից թանկ է: Ու, Քրոմին պատժվելով, Գուգլն ավելի ամրապնդեց իր, այդ թվում՝ նույն Քրոմի պատիվը:
Աղբյուրը՝ e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 583 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ







{ 2 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }
https://www.google.com/search?sourceid=chrome&ie=UTF-8&q=browser որոնմամբ իմ մոտ քրոմի էջը արդեն չի բերում
Չի բացառվում նաև, որ սա գուգլի կողմից սարքած բան է, ինչքան էլ աբստրակտ հնչի, բայց քրոմի գովազդ: