
Նոր՝ 2011 թվականի սկզբին մնաց պակաս, քան 1 շաբաթ։ Հարմար առիթ է՝ ամփոփելու (դեռեւս) այս տարվա ընթացքում իրականացրած գործերը։
Մինչ այդ ցանկանում եմ շնորհավորել բոլորիս Նոր տարին՝ 2011 թվականը եւ մաղթել առողջություն, ընտանեկան բարօրություն, անձնական եւ աշխատանքային հաջողություններ։
e-Armenians.com-ը 2010-ին
2010-ը կարելի է դիտարկել որպես մեր բլոգի վերածնման տարի։ Մեր եւ մեր բլոգի մասին պատմող էջում արդեն ներկայացրել եմ, որ տարբեր պրպտումներից հետո e-armenians.com-ում հանգրվանեց ներկա բլոգը եւ հարակից էջերը։
Մեր գրառումների պահոցը զննելիս յուրաքանչյուրիդ պարզ կդառնա, որ կայքը «վերականդանացել է» այս տարի, այն էլ՝ հունիսից սկսած։ Ահա, վերջին 7 ամսվա ընթացքում էլ բլոգը աշխուժացավ եւ հարստացավ նոր գրառումներով։
Հպարտությամբ եմ նշում, որ որոնող համակարգերի, կայքի օպտիմալացման եւ առաջմղման ոլորտում ինքս մեր բլոգը համարում եմ հայալեզու վեբկայքերից եթե ոչ առաջինը, ապա առաջատարներից մեկը։ Համոզված եմ, որ գրառումներն օգտակար են եղել բազմաթիվ մարդկանց։
Ստացել եմ նաեւ տարբեր նամակներ, որոնց հեղինակները անկեղծորեն իրենց գոհունակությունն են հայտնել ներկայացվող թեմաների օգտակարության վերաբերյալ։ Չեմ հանդիպել բիրտ եւ հատկապես կեղտոտ մրցակցության, որը ողջունելի է։
Եթե անկեղծանամ, ապա պետք է նշեմ, որ այս բլոգը զուտ անձնական նախաձեռնություն էր՝ ստեղծելու օգտակար եւ հետաքրքիր կայք այն մարդկանց համար, ովքեր իրենց կյանքը լիովին կամ մասնակիորեն (ինձ նման) կապել են վեբ-ոլորտի հետ։ Կարծում եմ, չեմ տրորել ոչ մեկի ոտքը, առավել եւս, «ֆոլս-մաժոր» չեմ դարձել այլ մարդկանց գործարար ճանապարհին։
e-Armenians.com-ի տեսլականը 2011-ին
Կաշխատեմ հնարավորինս աշխուժացնել մեր բլոգը եկող տարում։ Հնարավորինս ասելով, նկատի ունեմ՝ որքան ժամանակս եւ ուղեղս կներեն։ Հայալեզու վեբ-շուկան ինքնին խիստ սահմանափակ է՝ ինչպես այցելուների թվի, այնպես էլ նրանց ակտիվության առումով։ Կբավարարվեմ քչով, սակայն կփորձեմ մեր այցելուներին ներկայացնել առավելագույնս թարմ, գործնականում կիրառելի եւ օգտակար տեղեկատվություն։
Եկող տարում կավելացվի հարցազրույցների բաժինը՝ վեբ-ոլորտի միջազգային փորձագետների եւ մասնագետների հետ (կներկայացվեն բնօրինակների հայերեն թարգմանությունները)։ Կարծում եմ, որ արժի ծանոթանալ ոլորտի հանրահայտ մարդկանց մտքերին եւ մտահոգություններին։ Ինչպես եղել է մինչ օրս, հնարավորինս կմաքրվի մեր ուղեցույցը, որտեղ նաեւ ինքս կշարունակեմ ավելացնել օգտակար կայքեր եւ հղումներ։
Այն, որ ֆորումը դեռեւս պասիվ է, եւ մեկնաբանություններն էլ սակավաթիվ են, լրիվ հասկանալի է։ Հայերը չեն փայլում իրենց մտքերն ուրիշների հետ կիսվելով, մյուս կողմից էլ, որքան քննարկվող թեման նեղ է, այդքան ակտիվ այցելուներն էլ սակավաթիվ են, առավել եւս, որ, նրանց մեծ մասն ունի իր սեփական կայքը եւ մտքերը ինտերնետ-հանրությանը ներկայացնելու իր պլատֆորմը։
Մինչ նոր՝ 2011 թվական։
Մնացեք առողջ՝ մարմնով եւ հոգով։
Աղբյուրը. e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին եւ ընթերցեք իմ էլ. գիրքը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 533 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 213 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ









{ 5 մեկնաբանություն… կարդա դրանք ներքեւում կամ ավելացրու քոնը }
Հաջողված բլոգ է, մաղթում եմ բեղմնավոր տարի…
Համոզված եմ, որ 2011-ին այս բլոգը կդառնա բոլոր վեբ-մարդկանց թիվ մեկ կայքը:
Սա էլ իմ կողմից՝ ամանորյա նվեր
Շնորհավորում եմ բոլորիդ ամանորը:
Բլոգը լավն է, ակնկալում եմ ավելին՝ նոր տարում:
Առողջության, կայուն զարգացման եւ հաջողությունների տարի բոլորիս:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: