
Բլոգերները նման չեն մյուս մարդկանց: Իհարկե, ինչպես բոլորը, բլոգերները նույնպես ունեն առօրյա անձնական, ընտանեկան, աշխատանքային եւ հանրային գործեր ու հոգսեր: Բայց, որպես ակտիվ մարդիկ, բլոգերները նաեւ ստանձնել են լրացուցիչ պարտականություններ՝ կապված բլոգինգի եւ շփումներ հաստատելու հետ:
Եվ այնպես է պատահում, որ բլոգինգը բլոգերի համար դառնում է ոչ թե լրացուցիչ, այլ՝ հիմնական գործ: Եվ առաջ են գալիս տարբեր շեղումներ (չգիտեմ էլ՝ չակերտով գրե՞լ այս վերջին բառը, թե՞ առանց չակերտ):
Բլոգերը սկսում է ավելի ու ավելի շատ ժամանակ հատկացնել իր վեբ-կյանքին եւ օր-օրի ինտերնետ մտնելն ավելի ու ավելի է պայմանավորված լինում իր բլոգով: Նա այժմ ինտերնետ է մտնում հիմնականում իր բլոգի համար՝ նոր մտքեր, նյութեր ու համակիրներ ձեռք բերելու, նաեւ իր ստեղծած նյութերը համացանցում տարածելու:
Իրենց բլոգն առաջ մղելու եւ քարոզելու այս ընթացքում, բլոգերների մի մասը սկսում է միակողմանի շեղվել եւ կարեւորել կոնկրետ մի ոլորտ:
- «Դիզայնամոլները» սկսում են ավելի ու ավելի մեծ ուշադրություն հատկացնել իրենց բլոգի դիզայնին, եւ կայքի գերազանց ձեւավորվումը դառնում է նրանց թիվ մեկ խնդիրը (ես կասեի նաեւ՝ գլխացավանքը): Նրանք հաճախ մոռացության են մատնում այն իրողությունը, որ մարդիկ իրենց կայք մտնում են ոչ թե դիզայնի, այլ՝ բովանդակության համար:
- «Պլագինամոլները» փորձում են իրենց բլոգի հաջողությունը եւ որակը կապել «զարմանահրաշ» պլագինների հետ: Սակայն նրանք մոռանում են, որ պլագինների առատությունը ծանրացնում եւ խոցելի է դարձնում իրենց կայքը: Միեւնույն ժամանակ, նրանք անտեսում են այն պարզ սկզբունքը, որ ընթերցողին որքան ավելի շատ բան տրամադրես, այդքան ավելի քիչ տեղեկատվություն նա կյուրացնի:
- «SEO-ամոլները» իրենց բլոգի բովանդակությունից շեղվում են եւ ձեռք բերում այդ բովանդակությունը գուգլում բարձր տողեր հասցնելու մոլուցք: Նրանք մոռանում են, որ SEO-ն նախ եւ առաջ գուգլից օգտվող մարդիկ են:
- «Ֆեյսբուքամոլները» եւ մյուս ցանցերին «տրված» բլոգերներն իրենց հաջողությունը «որոնում են» սոցիալական ցանցերում: Նրանք ավելի շատ ժամանակ են հատկացնում ցանցերին, քան իրենց բուն բլոգին:
- «Գովազդամոլները» իրենց բլոգը դարձնում են գովազդային մեծ հարթակ, որտեղ կայքի հետ որեւէ կապ չունեցող գովազդային տեքստերն ու բաններները սկսում են դառնալ գերիշխող, իսկ կայքի բուն բովանդակությունը դառնում է պարզապես «գովազդը լրացնող»:
- Վերջապես, «ստատիստիկամոլները» իրենց բան ու գործը թողած, ընկնում են թվերի ետեւից: Նրանց ավելի շատ սկսում է հետաքրքրել Google RageRank-ը, Яндекс тИЦ-ը եւ տրաֆիկը, քան՝ բլոգի օգտակարությունը եւ որակը: Բարձր թվերի ետեւից ընկնողների մի մասը սկսում է «բացը» լրացնել կեղծ տրաֆիկով եւ «սեւ» հնարքներով (չգիտեմ էլ, թե ում եւ ինչ են ցանկանում ապացուցել այս մարդիկ):
Ամփոփման փոխարեն

Համացանց (Image: Pixomar / FreeDigitalPhotos.net)
Պետք է լինել եւ մնալ հավասարակշռված, չշեղվել եւ որպես թիվ մեկ խնդիր չընտրել միայն մեկ ուղղությունը:
Պետք է նաեւ հիշել, որ ամենակարեւոր հարցը բլոգի օգտակարությունն է եւ օգտագործելիությունը:
Այլ կերպ ասած, առաջնայինը բլոգի բովանդակությունն ու որակն է, եւ ոչ թե հարակից գործերը:
Աղբյուրը՝ e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 583 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ







{ 0 մեկնաբանություն… ավելացրու նորը }