Ի՞նչ անել ամանորյա տոներից հետո…

Հեղինակ՝ Artur  ·  09-01-2012 (Թարմացվել է՝ 09-01-12)

Բաժին՝ Տարբեր

պլանավորված գործեր

Այսօր 2012-ի իններորդ օրն է: Տարվա 2.5 տոկոսն արդեն դարձավ պատմություն: Անցյալի մեջ անհետացան ամանորյա շնորհավորանքները, և, հուսամ, որ բարի մաղթանքները կմնան ու կօգնեն մեզ 2012-ի ողջ ընթացքում:

Մեզ սպասվում է փոփոխություններով ու նորություններով լի սև, ջրային վիշապի տարի: Ասում են, որ 2012-ը համարձակ, ուժեղ ու նպատակասլաց մարդկանց տարի է, որտեղ ալարկոտությամբ, թուլությամբ ու կամազրկությամբ դժվար թե հնարավոր լինի ինչ-որ հաջողության հասնել (թեև, իմ կարծիքով, միշտ էլ այդպես է եղել):

Ասում են նաև, որ 2012-ը բացահայտումների լի տարի է:

Ի՞նչ եմ առաջարկում: Եթե բացահայտումներով լի տարի է, եկեք սկսենք ինքներս մեզնից ու բացահայտենք ինքներս մեզ:

Բացեք ձեր կայքը և սուր ու անողոք քննադատի աչքերով մանրակրկիտ զննեք ու բացահայտեք ձեր կայքում առկա թերությունները:

Դժվարանո՞ւմ եք. ահա հարցաշար, որը կօգնի ձեզ՝ հասկանալու ներկան և նախապատրաստվելու ապագային:

Եթե այս հարցերը ժամանակ են պահանջում, ապա մի զլացեք ու մի քանի նոր գրառում կատարելու փոխարեն լրջորեն զբաղվեք կայքը կատարելագործելով:

Մոտակա (անհետաձգելի) գործերի ցանկ

Սկսում ենք գաղափարից կամ իդեայից:

  • Հասկացեք, թե ինչու եք բացել ձեր կայքը: Նպատա՞կը: Ի՞նչ խնդիրներ եք ցանկանում լուծել:
  • Ես գիտեմ, որ շատերդ այս հարցի վրայից պարզապես «կթռնեք»: Ուստի կրկնեմ մեկ անգամ ևս. ինչո՞ւ եք բացել ձեր կայքը: Վերցրեք թուղթ ու գրիչ, ու գրեք «որպեսզի… 1) …2)… »:
  • Հուսամ, որ գրել եք, այլ ոչ թե ձեր մտքում եք ինչ-որ անավարտ մտքեր «խզմզել»: Հիմա ձեր դիմացը պահեք ձեր իսկ գրած մտքերը ու բացեք ձեր կայքը: Բացեք ու սկսեք զննել «ոտից-գլուխ»: Ոչ թե հպանցիկ (հասկանալի է, որ դուք անգիր գիտեք ձեր էջի ամեն մանրուքը), այլ՝ գնահատող աչքերով զննեք: Զննեք ձևավորումը, նկարները, գույները, մենյուն, sidebar-ները, պլագինները, բաններներն ու էլ չգիտեմ ինչ-երը, կարդացեք ձեր գրառումների վերնագրերը, բացեք ու վերընթերցեք ձեր գրառումներից մի քանիսը… Ու տեսեք, թե այն, ինչի համար ստեղծել եք ձեր կայքը, համապատասխանո՞ւմ է արդյոք նրան, ինչ ունեք այս պահին:
  • Գտա՞ք թերություններ՝ շատ լավ: Գրի առեք նաև ձեր նկատած բոլոր թերությունները: Հիշողություններիդ վրա հույս մի դրեք, գրի՛ առեք: Չե՞ք գտել և ոչ մի թերություն (ա՜յ քեզ սուտ…), ուրեմն դիմեք ձեր մտերիմներին ու ընթերցողներին:
  • Չմոռանամ ասել. նախորդ կետով ուշադրություն դարձրեք ամեն-ամեն մանրուքին: Եվ ամեն մանրուքի վրա կանգ առեք ու հարցրեք ինքներդ ձեզ. ինչքանո՞վ է այն նպաստում կայքի հետ կապված ձեր նպատակների ու խնդիրների իրագործմանը:

Անցնում ենք բովանդակային մասին:

  • Եկեք անկեղծանանք. դուք գո՞հ եք ձեր ստեղծած նյութերից: Մի շտապեք «այո» ասել: Հիշեք, որ դուք անողոք քննադատ եք և ոչ թե ինքնագովեստի կարոտ մի մարդ:
  • Հաջորդ հարցս սա է՝ գո՞հ եք ձեր նյութերի մատուցման տարբերակից՝ մտքերի շարադրանք, գրառման որակ և այլն:
  • Երրորդ հարցս թերևս ամենադժվարն է՝ համոզվա՞ծ եք, որ ձեր նյութերը հետաքրքիր ու օգտակար են: Չմոռանաք քննադատաբար պատասխանել այս հարցին:
  • Վերջապես, նախագծեք այն քայլերը, որոնք կանեիք ֆեյսբուքն ու մյուս ցանցերը չլինելու պարագայում: Գտեք այլընտրանք. կյանքը ֆեյսբուքով չի սկսվել ու ոչ էլ դրանով է ավարտվում:

Ամփոփիչ կետեր:

  • Մի՛ տարվեք հաշվիչներով ու թվերով, այլ կենտրոնացեք ձեր նպատակների վրա:
  • Ընկերացեք ձեր կայքի այցելուների հետ:
  • Ընկերացեք գուգլի հետ:
  • Ամեն օր մի նոր բան սովորեք:
  • Հիշեք, որ առողջությունից թանկ բան աշխարհում չկա:

Խնդրում ու հորդորում եմ: Հարցերին պատասխանեք ոչ թե բանավոր, այլ՝ կատարեք նշումներ: Եվ, ամեն նոր գրառում ստեղծելուց առաջ նախ ստուգեք, թե ի՞նչ եք արել և ի՞նչն է մնացել անավարտ: Ու, հավատացեք ինձ, որ այս հարցերին օր առաջ պատասխանելն ավելի տեղին ու ճիշտ է, քան օրական 366 գրառում կատարելը:

Աղբյուրը՝ e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում -ը գրել է 583 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

{ 4 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }

Nataly Հունվար 9, 2012, 3:34 PM-ին

Հարգելի Արթուր շատ տեղին ու ժամանակին գրված հոդված է :)
Այս տարի շատ նպատակներ ունեմ. նոր գիտելիքներ ձեռք բերելու, առաջ գնալու, աճելու: Աշխատանքի մեջ հաջողության հասնելու մեծ ցանկություն ունեմ, այդ իսկ պատճառով արդեն կազմել եմ առաջիկա գործողություններիս ցուցակը:))

Պատասխանել

Արթուր Հունվար 9, 2012, 7:05 PM-ին

Նատալի, գոհ եմ հոդվածս անարձագանք չթողնելու համար: Ուրախ եմ, որ հստակ գծել ես քեզ համար, թե դեպի ուր գնալ եւ ինչպես գնալ: Ամեն ինչ սկսվում է իդեայից:

Պատասխանել

Zhirayr Avetisyan Հունվար 10, 2012, 7:14 AM-ին

Շնորհակալություն հոդվածի համար:

Ձեր թվարկած կետերից 1-ինն ու երկրորդը իրոք շատ դժվար են:

Հարց. կայքերում hաշվիչների կամ տրաֆիկ բերող բաններների տեղադրումը իմաստ ունի՞ (կներեք, որ մի քիչ (շատ) անորոշ արտահայտվեցի): :)

Պատասխանել

Արթուր Հունվար 10, 2012, 12:41 PM-ին

Ժիրայր, ե՛ս եմ շնորհակալ, որ մնում եք մեր էջերում:

Հարցիդ այսպես պատասխանեմ. ինքս օգտվում եմ Google Analytics-ից, իսկ Circle-ի հաշվիչը դրել եմ զուտ նրա համար, որ նույն հաշվիչից օգտվող բլոգգերները տեղեկանան իմ բլոգի մասին:

Ինչ վերաբերվում է տրաֆիկ բերող բաններներին, ապա տարբեր առիթներով ու տարբեր տեղեր բազմիցս արտահայտել եմ իմ ԽԻՍՏ ԲԱՑԱՍԱԿԱՆ վերաբերմունքի մասին:

Պատասխանել

Չմոռանաք գրել ձեր կարծիքը

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.