
Հարգելիներս,
Այսօր իմ հյուր է հայալեզու ArmBlog.net բլոգի հիմնադիր եւ կառավարիչ Արմեն Մկրտչյանը:
Արմենի հետ ես կզրուցեմ նրա բլոգի մասին:
Համոզված եմ, որ Արմենի փորձը հետաքրքիր եւ դիտարժան կլինի բազմաթիվ բլոգերների համար:
Տեղեկանք ArmBlog.net բլոգի մասին
ArmBlog.net բլոգը, համաձայն Ալեքսա գործակցի (Alexa.com), Հայաստանում այցելվող աշխարհի բոլոր կայքերի մեջ զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը, հայկական վեբ կայքերի Circle.am ռեյթինգում կայուն կերպով հիմնավորվել է «Մարդիկ, բլոգներ եւ անձնական» բաժնի 1-ին հորիզոնականում, իսկ նույն կայքում գրանցված բոլոր 1,977 հայկական կայքերի մեջ վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ 15-20-րդ հորիզոնականներում:
Վերջին շաբաթվա ընթացքում, ըստ Circle.am-ի, ArmBlog.net բլոգում գրանցվել է օրական մինչեւ 7000 եւ ավելի այցելություն եւ օրական 26-31 հազար էջի դիտում:
Արթուր – Հարգելի Արմեն, անկեղծորեն շնորհավորում եմ Ձեր բլոգի 1-ամյակը: Համոզված եմ, որ ապագայում մենք բոլորս կլինենք Ձեր 1 տարեկան, սակայն արդեն իսկ կայացած եւ բարձունքների հասած բլոգի նորանոր հաջողությունների վկան:
Արմեն – Շնորհակալություն շնորհավորանքների եւ ջերմ խոսքերի համար…
Արթուր – Վիճակագրական տվյալներով www.armblog.net-ը հայալեզու բլոգ-ոլորտում միանձնյա առաջատարն է, որն ապահովում է օրական ավելի քան 6000, որոշ օրեր՝ նաեւ 7000-ի սահմանագիծը հատող այցելություն: Եկեք սկսենք սկզբից: Ինչո՞ւ armblog (Արմե՞ն, թե՞ Armenia(n)) եւ ինչո՞ւ բլոգ:
Արմեն – Դե, եթե սկզբից, եկեք սկսենք ամենասկզբից:
Սկզբնական շրջանում ցանկանում էի պարզապես մի կայք բացել, որտեղ կտեղադրեի իմ ստեղծած ծրագրերը եւ խաղերը: Ինքս ունեմ տեղեկատվության պաշտպանության կազմակերպչի եւ տեխնոլոգի մասնագիտությունը, եւ նախկինում ստեղծել էի մի քանի փոքր նախագծեր:
Առաջին անգամ 2004 թվականին freenet.am անվճար ծառայության շնորհիվ բացեցի իմ առաջին կայքը եւ այնտեղ տեղադրեցի իմ կողմից պատրաստված առաջին հայալեզու խաղը: Խոսքը «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի մասին էր, որը պատրաստել էի Flash ծրագրի միջոցով:
Արթուր – Կներեք ընդհատելու համար: Ինքս դարձյալ տարիներ առաջ խաղացել էի Ձեր նշած խաղի ռուսերեն տարբերակով, եւ իրոք ուրախացել էի, որ շատ ժամանակ չանցած դրա կողքին հայտնվեց հայերենը:
Արմեն – Այո, հենց Ձեր նշած Միլիոնատեր խաղի մասին էի ասում, որն այն ժամանակ շատ մեծ տարածում էր գտել Հայաստանում եւ, թող անհամեստություն չլինի, տեղադրված էր գրեթե բոլոր համակարգիչների մեջ:
Հետո «տեղափոխվեցի» բլոգ-ոլորտ:
Շուրջ 1 տարի առաջ որոշեցի բացել անհատական բլոգ եւ դիմեցի իմ ստեղծած եւ մեծ տարածում ստացած ծրագրի օգնությանը: Առաջին գրառումս հենց այդ խաղի մասին էր: Իհարկե, շուտով իմ բլոգում ավելացրեցի նաեւ իմ կողմից պատրաստված մի քանի այլ խաղեր եւ հնարքներ:
Անցավ մի քանի շաբաթ, եւ ես հայտնաբերեցի, որ բլոգը հետաքրքրել է շատ այցելուների: Ես որոշեցի ավելի մեծ ուշադրություն դարձնել եւ ավելի շատ ժամանակ հատկացնել իմ բլոգային գործունեությանը:
Սկզբնական շրջանում բլոգի հասցեն mkrtchyan.blogspot.com էր: Սակայն Գուգլն անտեղի արգելափակեց իմ այդ բլոգը, եւ ես ստիպված վերականգնեցի այն armen-mkrtchyan.blogspot.com անվան ներքո:
Ավելի ուշ, համոզվելով, որ այցելուները դժվար են հիշում այդ անվանումը եւ գուգլում ստիպված են լինում որոնել «Արմեն Մկրտչյան», որպեսզի գտնեն իմ բլոգը, որոշեցի այն անվանափոխել ավելի կարճ ու հեշտ հիշվող հասցեով:
Անվանումը քննարկեցի այցելուների հետ եւ ավելի շատ ձայն հավաքեց «armblog.net» անվանումը՝ որպես հին հասցեի կրճատ անվանումը:
Այնպես որ «arm»-ով նկատի եմ ունեցել իմ անունը՝ «Արմեն», ոչ թե «Արմենիա»:
Արթուր (ժպտալով) – Դե, «Արմեն»-ն ու «Արմենիա»-ն շատ չեն տարբերվում միմյանցից, արմատը նույնն է: Թույլ տվեք, մինչեւ այս հետաքրքիր հարցազրույցը շարունակելը, մեր ընթերցողների համար ֆիքսենք Ձեր նշած 2 կարեւոր կետերը՝ այն, որ դոմեյն անվանումը պետք է կարճ ու հիշվող լինի: Ու, երրորդն էլ, թերեւս, այն զարմանալի իրողությունն է, որ նոր դոմեյն անվանումը «համաձայնեցրել եք» Ձեր բլոգի այցելուների հետ:
Արմեն (ծիծաղելով) – Դե, երրորդը պարզապես իմ անձնական նախաձեռնությունն էր:
Արթուր – Լավ, Արմեն, իսկ ինչո՞ւ բլոգ:
Արմեն – Որպես կայքիս այցելուների հետ մշտական կապի մեջ մնալու լավագույն տարբերակ:
Արթուր – Անխոս համաձայնվեցի: Հետո՞, ի՞նչ եղավ Ձեր բլոգի հետ:
Արմեն – Բլոգն աստիճանաբար զարգացավ, նորանոր այցելուներ ձեռք բերեց: Իսկ վերջին 4-5 ամիսների ընթացքում բլոգը կտրուկ առաջընթաց ապրեց: Միայն նշեմ, որ ներկա պահին ըստ Circle.am-ի հաշվիչի Արմբլոգը ամբողջ Արմնեթ ցանցում զբաղեցնում է 15-25-րդ հորիզոնականները, որը բլոգի համար, կարծում եմ, վատ ցուցանիշ չէ:
Արթուր – Օրական ավելի քան 5-6000 մարդ է մտնում Ձեր բլոգ. սա ոչ թե վատ ցուցանիշ չէ, այլ ապշեցուցիչ բարձր արդյունք է: Բացահայտեք, խնդրում եմ. ո՞րն է, ըստ Ձեզ, armblog.net-ի հաջողության գաղտնիքը:
Արմեն – Եթե անկեղծ, ապա այս հարցի պատասխանը հետաքրքրում է շատերին:
Իրականում, ոչ մի գաղտնիք էլ չկա: Պարզապես ես միշտ փորձում եմ դիմացինին տալ դրական լիցքեր եւ լինել անկեղծ յուրաքանչյուր այցելուի հետ:
Որքան կարողանում եմ, պատասխանում եմ ստացված նամակներին եւ հնարավորինս կատարում բոլորի խնդրանքները:
Բլոգի հաջողությանը օգնում է նաեւ այն փաստը, որ ես հավատում եմ Աստծուն եւ իմ հաջողությանը: Ես պարզապես գիտեմ, որ եթե Աստված ցանկանում է, որ բլոգը առաջ գնա, ապա ոչ ոք չի կարող նրա հետ մրցակցել:
Ես առաջնորդվում եմ նաեւ հետեւյալ սկզբունքով. եթե ցանկանում ես հասնել հաջողության, ապա պետք է յուրաքանչյուր առավոտ արթնանալ քո ոլորտում աշխարհը գրավելու ցանկությամբ:
Արթուր – Հրաշալի է: Դարձյալ ընթերցողներիս համար ֆիքսեմ Ձեր այս մտքերը՝ լինել անկեղծ բոլոր այցելուների հետ, բավարարել նրանց կարիքները եւ պահպանել հետադարձ կապը: Եվ, ձգտում, իհարկե, ձգում եւ ամենօրյա աշխատանք: Ի դեպ, ես Ձեր խոսքում մի քանի անգամ լսեցի «ես» բառը: Մի՞թե դուք թիմով չեք աշխատում
Արմեն – Արմբլոգը թիմային աշխատանք չէ, այն միայն իմ աշխատանքի արդյունքն է: Սակայն կան շատ նյութեր, որոնք ստեղծվում են այցելուների նամակների հիման վրա: Շնորհակալ եմ նրանցից:
Արթուր – Շատ լավ: Իսկ ի՞նչ մոտակա եւ հեռակա ծրագրեր ունեք, կապված armblog.net-ի ապագայի հետ:
Արմեն – Արմբլոգի հետ կապված ակնհայտ նպատակներ առայժմ չունեմ, պարզապես հիմա արդեն ավելի է պարտավորեցնում լսարանը եւ ստիպված եմ ավելի շատ ուշադրություն դարձնել բլոգի վրա:
Արթուր – Ինչ խոսք: Մեծ լսարան՝ մեծ պարտավորություններ: Երեւի վերջին հարցս. Ի՞նչ խորհուրդ կտայիք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են դառնալ այնպիսի հանրահայտ բլոգեր, ինչպիսին դուք եք:
Արմեն (մեղմ ժպտալով) – Գիտե՞ք ինչ, Արթուր, ես ինձ չեմ համարում հանրահայտ բլոգեր եւ չեմ էլ պատրաստվում համարել: Ես պարզապես անում եմ այն, ինչ դուր է գալիս եւ ինձ եւ լսարանին:
Սկսնակ բլոգերներին խորհուրդ կտամ, որպեսզի գրեն այն, ինչ իրենցն է, այլ ոչ թե գողացված: Փորձեք լինել անկեղծ եւ հավատացեք ձեր հաջողությանը:
Վերջում նշեմ, որ Հայաստանում կան շատ լավ բլոգներ: Չնայած Արմբլոգը տվյալ պահի դրությամբ այցելուների քանակով առաջին հորիզոնականում է, սակայն դա բնավ առիթ չէ մեծամտանալու կամ հպարտանալու նման ցուցանիշով: Ես հարգանքով եմ վերաբերվում բոլոր մնացած հին եւ սկսնակ բլոգերներին եւ կարծում եմ, որ կան առաջին հորիզոնականին արժանի մի շարք այլ բլոգերներ:
Արթուր – Հարգելի ընթերցողներ, ինչպես տեսնում եք, Արմենը հարգանքով է վերաբերվում բոլորին, եւ սա ուսանելի է: Նաեւ՝ խորհուրդ է տալիս ստեղծել Ձեր սեփական նյութերը: Հարգելի Արմեն, շնորհակալ եմ հրավերքն ընդունելու եւ այս հարցազրույցի հյուրը լինելու համար: Շնորհակալություն նաեւ Ձեր արած գործի եւ խորհուրդների համար:
Արմեն – Շնորհակալություն ուշադրության համար:
Աղբյուրը՝ e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 583 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ







{ 4 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }
Շատ-շատ-շատ հետաքրքիր էր իմանալ ոլորտի էքսպերտի խոսքը: Ապագայում էլ հուսանք որ ձեր կայքում կտեսնենք նման հարցազրույցներ:
Շնոհակալ եմ, Անահիտ: Տեսնելով, թե այս գրառումը որքան շատ լայքեր է ստացել, միանշանակ կարելի է ասել, որ հարցազրույցից գոհ են բազմաթիվ ընթերցողներ:
Ապագայում եւս կփորձեմ ամիսը մի քանի անգամ նման հետաքրքիր հարցազրույցներ կազմակերպել: Ի վերջո, մենք բոլորս էլ պետք է սովորենք միմյանցից: Ահա թե ինչու, հարցազրույցները կկազմակերպեմ տարբեր անձանց հետ եւ տարբեր թեմաներով:
Ուղղակի, ափսոսում եմ, որ օրն ունի ընդամենը 24 ժամ
Կսպասեմ անհամբերությամբ, ինչպես ձեր բոլոր հրապարակումներին:
Շատ հետաքրքիր հարցազրույց էր