Գուգլի խորհուրդները

Հեղինակ՝ Artur  ·  25-06-2010 (Թարմացվել է՝ 29-11-11)

Բաժին՝ Գուգլ

գուգլ ապրանքներ

Կայքատերերին եւ վեբ-վարպետներին հուզող թիվ մեկ հարցն այս է՝ ինչպե՞ս «ընկերություն անել» գուգլ-ի հետ եւ ստանալ բարձր դիրք որոնման արդյունքներում։ Իհարկե, նրանք ուրախ կլինեն նաեւ, եթե գուգլ-ը իրենց կայքին շնորհի բարձր PageRank։

Սրանք կարեւոր նախապայմաններ են, որոնք կերաշխավորեն կայքից օգտվողների մեծ թիվ (traffic), որն էլ կապահովի նրանց կողմից կայքի միջոցով առաջարկվող ապրանքների կամ ծառայությունների բավարար պահանջարկ։

Գուգլը «գաղտնապահությամբ» չի փայլում (սա է նաեւ այս գերհզոր ընկերության հաջողության բանալիներից մեկը), եւ ի ցույց աշխարհին ներկայացրել է իր «խաղի պայմանները»։ Դուք միայն ստեղծեք որակյալ բովանդակությամբ կայք, հետեւեք գուգլ-ի հրահանգ-խորհուրդներին, եւ հաջողությունը կգա ինքն իրեն։

Գուգլը մշակել  է ուղեցույց-առաջարկություններ, որոնք պահպանելով վեբ-վարպետները մեծապես կօգնեն գուգլ-ին, որպեսզի վերջինս ավելի հեշտ ու արագ գտնի, ինդեքսավորի ու դասակարգի տվյալ կայքը։

Գուգլը հատկապես մեծ տեղ է տալիս այսպես կոչված «որակի չափանիշներին», որոնց չհետեւելը կարող է դառնալ «կարմի քարտ» ստանալու պատճառ (իսկ սա նշանակում է, որ կարելի է հանգիստ խղճով փակել այդ կայքը. ո՞ւմ է պետք պահել մի կայք, որին գուգլ-ը «պատժել» է ու հեռացրել իր տվյալների շտեմարանից)։ Հենց գուգլ-ի խորհուրդների մասին է այս հոդվածը։

Երբ կայքն արդեն պատրաստված է

Կայքը վերջնական տեսքի բերելուց հետո ապա գուգլը խորհուրդ է տալիս կատարել հետեւյալ 3 քայլերը։

  • Գրանցել կայքը գուգլ-ում։ Սա, իհարկե, տարակարծությունների առաջ բերող կետ է, քանի որ մասնագետների մի մասը գտնում է, որ գրանցես-չգրանցես, օրերից մի օր գուգլը, միեւնույն է, ինդեքսավորելու է այդ կայքը, առավել եւս, եթե մեկ-երկու բարձր PageRank ունեցող կայքերում կան դեպի Ձեր կայքն ուղղված «բերող հղումներ»։ Կան նույնիսկ անհատներ, որոնք գտնում են, թե գրանցելով, ավելի է դանդաղում գուգլ-ի կողմից նոր կայքը «նկատելը»։ Ինքս հակված եմ գրանցելուն, թեեւ շատ մեծ նշանակություն չեմ տալիս դրան։
  • Ստեղծել «կայքի քարտեզը» (sitemap) եւ գրանցել այն գուգլ-ի վեբ-վարպետների գործիքներում։ «Քարտեզը» ավտոմատ կերպով թարմացվող ֆայլ է, որը պարունակում է կայքի սահմաններում առկա հղումները։ Ինքս էլ եմ գտնում, որ սա կարեւոր քայլ է. գուգլ-ը կօգտվի Ձեր «կայքի քարտեզից»՝ «տեսնելու» եւ ավելի արագ դրանք ինդեքսավորելու կայքի առանձին էջերի URL-հասցեները։ Պարզապես պետք է հոգ տանել, որ Ձեր sitemap-ը լինի ճիշտ կառուցված (հակառակ դեպքում, ինչպես ինձ հետ է պատահել, գուգլ-ը ուղղակի չի կարողանա օգտվել այդ ֆայլից)։
  • Համոզվել, որ բոլոր այն կայքերը, որոնք պետք է «իմանան» Ձեր կայքի գոյության մասին, «տեղեկացված են», որ այն արդեն գործում է։ Խոսքը որակյալ հետադարձ հղումների մասին է։ Ինքս համոզվել եմ, որ հատկապես մշտապես թարմացվող ու բարձր PageRank-ով կայքէջերում ունենալով հետադարձ հղում, կարելի է 1-2 օրվա ընթացքում հայտնվել գուգլ-ում։

Ձեւավորման եւ բովանդակության չափորոշիչներ

  • Ձեր կայքին տվեք խելամիտ հերիարխիկ կառուցվածք եւ «նավարկելու» (navigation) հստակ հղումներ, որոնք հարմարավետ են ինչպես այցելուների, այնպես էլ որոնող համակարգերի համար։ Հիշեք, որ յուրաքանչյուր էջը պետք է հասանելի լինի առնվազն մեկ այլ էջում տեղակայված հղումից:
  • Կայքից օգտվողների համար ունեցեք դեպի տվյալ կայքի կարեւոր բաժիններն ուղղորդող հղումների «քարտեզ»-էջ: Օրինակ, e-Armenians-ի պահոցների էջը որպես քարտեզ պատկերացում է տալիս կայքի ընդհանուր կառուցվածքի ու հիմնական բաժինների մասին:
  • Մեկ էջի սահմաններում ունեցեք հղումների պատճառաբանված ողջամիտ քանակ: Գուգլ-ը նկատի ունի, որ չարժե էջը դարձնել հղումներով հագեցած: Իհարկե, այս հոդվածի էջը տվյալ պահանջին բավարարելու իմաստով չի փայլում, սակայն եւ չի պարունակում անիմաստ ու «անկապ» հղումներ։
  • Ստեղծեք օգտակար, հարուստ տեղեկատվություն եւ համապատասխան բովանդակություն պարունակող էջեր։ Գուգլը այս հրահանգով առաջարկում է զերծ մնալ «միայն գուգլ-ի համար» կայքեր ստեղծելու գաղափարից. կայքն առաջին հերթին պետք է դրանից օգտվող այցելուին, եւ ոչ թե որոնող համակարգին։
  • Խորհեք, թե երրորդ անձը ինչ բառերից կօգտվեր գուգլ-ում Ձեր էջը գտնելու համար, եւ տվյալ էջի տեքստային բովանդակությունը խելամիտ կերպով համեմեք նման բառ-արտահայտությունով։ Դե իհարկե, խոսքը «բանալի-բառերի» (keywords) մասին է, որոնք պետք է ե՛ւ ընթերցողին, ե՛ւ որոնող համակարգերին «հուշեն» տվյալ էջի ընդհանուր ուղղվածության մասին: Սակայն այստեղ խոսքը միայն եւ միայն «բանալի բառերի» ողջամիտ օգտագործելու մասին է, որից էջի բովանդակային մասը չի տուժի, իսկ ընթերցողն էլ չի «հոգնի» նույն արտահայություններին շուտ-շուտ հանդիպելիս։
  • Էջի համար կարեւոր անվանումները, բովանդակությունը կամ հղումները ցույց տալիս ավելի շուտ օգտագործեք տեքստեր, քան թե նկարներ։ Գուգլ-ի spider-ներն ավելի հեշտությամբ «կկարդան» տեքստը, քան պատկերների կոդերում առկա բառերը (TITLE, ALT)։ Ծայրահեղ դեպքում, եթե դուք տեքստը փոխարինելու եք պատկերով, ապա օգտվեք մեկ-երկու նկարագրողական բառեր պարունակող ALT-ից։
  • Համոզվեք, որ կայքէջի TITLE եւ ALT տարրերի համար ընտրել եք ճիշտ ու բնորոշ արտահայություններ։ Այս երկուսից առաջինը հիմնականում օգտագործում հղումների (A TITLE=”…”) ու պատկերների (IMG TITLE=”…”) մեջ, երբեմն նաեւ՝ այլ տեղերում (օրեինակ՝ DIV TITLE=”…”)։ «Ճիշտ ու բնորոշ»-ը նշանակում է՝ կայքի տվյալ էջը մյուս էջերից (եւ այլ կայքերի համանման էջերից) առավելագույնս տարբերակող եւ այդ էջը լավագույնս բնութագրող։
  • Ստուգեք կայքէջի HTML կառուցվածի եւ առկա հղումների ճիշտ լինելը։ Էջի HTML կառուցվածքը ստուգելու լավագույն տարբերակն առաջարկում է W3C ընկերությունը։ Ձեր որեւէ կայքէջի URL հասցեն մուտքագրեք «ստուգող» էջում եւ տեսեք, թե ինչ սխալներ է գտնում W3C validator-ը։ Ինչ վերաբերում է կայքի ներքին ու արտաքին հղումների ճշտությանը, ապա մեր կայքն ունի Կայքի ներքին հղումների ստուգման առցանց գործիք, որից կարող եք ազատորեն օգտվել։
  • Եթե դուք օգտվում եք «դինամիկ էջերից» (որոնք իրենց մեջ պարունակում են, օրինակ, ? կամ & նշաններով URL հասցեներ), ապա նկատի ունեցեք, որ ոչ բոլոր spider-ներն են կարողանում այդ էջերը տարբերակել միմյանցից։ Պետք հնարավորինս նման URL-ները դարձնել SEO-հարմարեցված։ Նման «հարմարեցված» էջի օրինակ կարող է հանդիսանալ այս հոդվածի էջի URL-ը. կայքն ինքնին կառուցված է դինամիկ էջերից, եւ այս հոդվածի իրական URL-ը պետք է լիներ այսպես՝ http://www.e-armenians.com/index.php?blog=1&entry=451, սակայն ,htaccess-ի միջոցով այն ձեւափոխվել ու դարձել է http://www.e-armenians.com/google/google-webmaster-guidelines/ ։
  • Հետեւեք գուգլ-ի՝ կայքէջում նկարներ ու պատկերներ տեղադրելու ուղեցույցին։

Տեխնիկական չափորոշիչներ

  • Օգտագործեք տեքստային բրաուզեր (օրինակ՝ Lynx)` հետազոտելու եւ դիտելու Ձեր կայքն այնպես, ինչպես կտեսներ որոնող համակարգի spider-ը։ Համոզվեք, որ կայքէջն ունի բավարար տեքստային բովանդակություն։
  • Որոնող համակարգերի spider-ներին հնարավորություն տվեք, որ Ձեր կայքը թափանցեն առանց նույնականացման սեսիաների (session IDs) կամ այլ տեխնիկական խոչընդոտների։  Նման տեխնիկական միջոցները օգտակար են՝ գրանցելու այցելուների տարբեր գործողությունները, սակայն կարող են խոչընդոտել կայքի բոլոր էջերի լիարժեք ինդեքսավորմանը։ Մեկ այլ հնարավոր հետեւանքն էլ այն է, որ տարբեր session ID-ներով URL-ները, որոնք տանում են դեպի նույն էջը, որոնող համակարգի կողմից կարող են «ընկալվել» որպես տարբեր URL-ներ, եւ առաջ կգա կրկնվող բովանդակության (double content) խնդիրը։
  • Համոզվեք, որ Ձեր սերվերը ապահովում է If-Modified-Since HTTP header-ը։ Սա սերվերին թույլ է տալիս «տեղեկացնել» գուգլ-ին, թե երբ է տեղի ունեցել կայքի բովանդակության թարմացում։
  • Համոզվեք, որ Ձեր robots.txt ֆայլը չի արգելափակում spider-ների մուտքը կայքի բովանդակային էջեր։ Հակառակ դեպքում կունենանք մի իրավիճակ, երբ որոշ էջեր ամիսներ շարունակ չեն արժանանում գուգլ-ի ուշադրությանը։
  • Օգտվեք robots.txt ֆայլից՝ որոնող համակարգերին «հեռու պահելու» կայքի այն ֆոլդերներից/ֆայլերից, որոնք պետք չէ, որ ինդեքսավորվեն եւ հայտվեն գուգլ-ում։ Նման «տեղամասեր», իհարկե կան գրեթե բոլոր կայքերում. ինչո՞ւ «շեղել» գուգլ-ին դեպի նման տեղամասեր։
  • Կայքի արտաքին տեսքը եւ ֆունկցիոնալ վիճակը ստուգեք տարբեր վեբ-բրաուզերներով: Երբեմն մոզիլայի FireFox-ը «իր վրա է վերցում» հատկապես կայքէջի դիզայնի հետ կապված տարբեր թերությունները եւ երեւակում «նորմալ» էջ, իսկ նույն էջը Internet Explorer-ով բացելիս ի հայտ են գալիս  տարբեր աղավաղումներ ու շեղումներ։ Սա նշանակում է, որ ինչ-որ բան սխալ է։  Նույն կերպ, ջավա-սկրիպտը կարող է նորմալ «աշխատել» մի բրաուզերով, եւ ընդհանրապես «լռել» մյուսով։ Ինքս սովորաբար ժամանակ առ ժամանակ կայքս ստուգում եմ 3 բրաուզերով՝ FireFox, Internet Explorer եւ Google Chrome։
  • Կայք պատրաստելիս կամ պատվիրելիս անպայման համոզվեք, որ օգտագործվող ծրագիրը/սկրիպտը թույլ է տալիս ունենալ SEO-հարմարեցված հղումներ։ Ծայրահեղ դեպքում փորձեք եւ համոզվեք, որ հաճելի URL-ներ կարելի է ստանալ .htaccess-ի միջոցով։
  • Հետեւեք Ձեր կայքի թողարկունակությանը եւ բեռնվելու ժամանակին (load time)։ Հնարավորինս բարելավեք այդ ցուցանիշները։ «Արագ բացվող» կայքերը միշտ էլ գնահատվում են այցելուների կողմից, եւ, ընդհակառակը, «դանդաղ բացվողները» արհամարհվում։ Գոյություն ունեն այս ցուցանիշները չափելու տարբեր առցանց գործիքներ (գուգլ-ը խորհուրդ է տալիս օգտվել Page Speed, YSlow, WebPagetest ծառայություններից)։

Որակի չափորոշիչներ

Կայքի որակի չափորոշիչները գուգլ-ի կողմից տարիների ընթացքում ավելի ու ավելի մեծ նշանակություն են ստանում։ Գուգլ-ը նույնիսկ խրախուսում է այն վեբ-վարպետներին, ովքեր տեղյակ են պահում այս կամ այն կայքում տեխնիկական թերություններ, առավել եւս՝ վնաս պատճառող սկրիպտներ ու ծրագրեր հայտնաբերելու մասին։

Որակի չափորոշիչներ. հիմնական դրույթներ

  • Համոզվեք, որ կայքէջերը ստեղծվել են ու բավարարում են այցելուների, այլ ոչ թե որոնող համակարգերի կարիքներն ու պահանջները։ Մի փորձեք կայքէջը բացող անձանց ցուցադրել մի էջ, իսկ որոնող համակարգին՝ մեկ այլ էջ, եւ հեռու մնացեք այսպես կոչված «դիմակավորման» (cloaking) տեխնիկական մեթոդներից։
  • Մի փորձեք օգտվել անթույլատրելի միջոցներից՝ ուղղված որոնող համակարգերում բարձր կարգավիճակ ապահովելուն։ Որեւէ մեթոդի դիմելուց առաջ փորձեք խորհել՝ «ինչքանո՞վ դա կօգնի ու կծառայի Ձեր կայքից օգտվող մարդկանց»։ Կամ՝ «կանեի նույն բանը, եթե որոնող համակարգերը գոյություն չունենային»։
  • Մի օգտվեք այսպես կոչված «հղումների սխեմաներ» առաջարկող կամ Ձեր կայքի՝ տարբեր ուղեցույցներում ավտոմատ գրանցում առաջարկող վճարով կամ անվճար ծառայություններից։ Հիշեք, որ նման ծառայությունների պատճառով Ձեր կայքի հղումը կարող է հայտնվել տարբեր համակարգերի «սփամ» ցուցակում։
  • Մի օգտագործեք չարտոնագրված համակարգչային ծրագրեր՝ գրանցելու Ձեր կայքը տարբեր որոնող համակարգերում, ստուգելու կայքի վարկանիշը եւ այլն։ Հիշեք, որ նման ծրագրերը կարող են խախտել այս կամ այն որոնող համակարգի օգտագործման պայմանները։ Օրինակ, գուգլ-ը խորհուրդ չի տալիս օգտվել WebPosition Gold™ ծրագրից, որն ավտոմատ ազդակներ է ուղարկում դեպի գուգլ։

Որակի չափորոշիչներ. հատուկ նկատառումներ

  • Հրաժարվեք կայքէջում թաքնված տեքստեր (hidden text) կամ թաքնված հղումներ (hidden links)  տեղադրելուց։
  • Մի օգտագործեք «դիմակավորման» (cloaking) կամ «կեղծ վերաուղղման» (sneaky redirects) տեխնոլոգիաները։
  • Գուգլ-ին մի ուղարկեք ավտոմատ հարցումներ։
  • Էջը մի լցրեք բովանդակության հետ կապ չունեցող բանալի բառերով։
  • Մի ստեղծեք նույն բովանդակությունն ու տեքստային շարադրանքն ունեցող կրկնվող էջեր (duplicate content)։
  • Հեռու մնացեք էջում կամ կայքում վնասաբեր ծրագրեր, սկիրպներ, վիրուսներ ու տրոյաններ տեղադնելու մտքից՝ իբր թե ուղղված կայքի հանրաճանաչության ու PageRank-ի բարձրացմանը։
  • Մերժեք այսպես կոչված «շքամուտքային էջեր» (doorway” pages) ստեղծելու գաղափարը, որի նպատակն է միայն «հիմարացնել» որոնող համակարգերին։
  • Եթե Ձեր կայքը մասնակցում է գործընկեր-միջնորդային ծրագրերին (affiliate program), ապա մեկ անգամ եւս խորհեք, թե արդյոք դրանով բարձրանում է Ձեր կայքի արժեքն ու հեղինակությունը։  Նախ փորձեք կայքի այցելուներին տրամադրել յուրահատուկ եւ օգտակար բովանդակություն եւ հետո, եթե կարիքը կա, մասնակցեք միայն օգտակար գործընկերային ծրագրերին։

Աղբյուրը. e-armenians.com

Հոդվածը գրելիս օգտագործվել են Google Webmaster Central-ի նյութերը

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում -ը գրել է 583 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

{ 3 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }

Վարդան Հունիս 26, 2010, 8:58 PM-ին

Հետաքրքիր է ստացվում… բոլորովս ուզում ենք, որ google-ը մեզ “սիրի”, ինքն էլ մեզ թողել ինտերնետից օգտվողների համար է մտածում…

Կատակը կատակ, բայց, իրականում, ինչպես բիզնեսի օրենքն է ասում – հաճախորդը միշտ ճիշտ է, ու աշխարհի փորձն էլ ցույց է տվել, որ եթե կամպանիան աշխատում է հաճախորդի, այլ ոչ թե իր եկամտի վրա, նա դառնում է հաջողված, իսկ եկամուտն էլ ստանում է ավելի շատ, քան մյուսները:

Պատասխանել

ֆիլմասեր Օգոստոս 5, 2011, 10:31 PM-ին

Կարծում եմ, կայքերի հեղինակների և ադմինիստրատորների համար շատ առավել հեշտ կլիներ հետևել իրենց աղբյուրներին, եթե որոնողական համակարգերի պահանջները սահմանափակվեին բովանդակության որակի չափանիշներով: Մյուս կողմից, նման համակարգերի կողմից ապահովված հաճախումները դժվար է թերագնահատել, ինչի տրամաբանական հետևանքն էլ տարբեր, “ոչ մաքուր” մեթոդներով որոնողական ռոբոտներին շփոթեցնել փորձող կայքատերերն են, որոնք ստիպում են, կամա թե ակամա, լրացուցիչ զբաղվել սեփական կայքի առաջխաղացմամբ` մրցունակության համապատասխան աստիճաններին հայտնվելու համար:
Շնորհակալություն հոդվածի համար: Անպայման կկառուցեմ sitemap մեր կայքի համար:

Պատասխանել

Արթուր Օգոստոս 6, 2011, 12:11 AM-ին

Քեզնից էլ շնորհակալ եմ ակտիվ մեկնաբանելու համար: Կառուցելուց հետո անպայման գրանցիր կայքի քարտեզը Google Webmaster Tools-ում:

Պատասխանել

Չմոռանաք գրել ձեր կարծիքը

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.