
Շարունակում եմ աշխարհահռչակ բրենդների դոմենների մասին պատմությունները:
Նախորդ գրառումս Ֆեյսբուքի դոմենային հաղթարշավի մասին էր: Այս անգամ կզրուցենք Գուգլի ոչ այնքան հարթ դոմենային անցյալի մասին:
Հանրաճանաչ բրենդների համար դոմենային վեճերը ժամանակի հետ դառնում են ընկերության գործունեության մի մասը: Պատահական չէ, որ նույն Գուգլն իր բյուջեում հնարավոր դատական վեճերի համար նախատեսել է կլորիկ մի գումար:
Գուգլի հիմնական դոմենը` Google.com, գրանցվել է դեռեւս 1997-ի սեպտեմբերին: Այժմ ծիծաղելի է հնչում, որ ամենասկզբում Գուգլն ինտերնետում ներկայացվել է… սուբդոմեյնի կարգավիճակում (Google.stanford.edu, որը բացել էին Գուգլի հիմնադիրներ Լարի Փեյջը եւ Սերգեյ Բրինը, երբ դեռեւս Ստենֆորդի համալսարանի ուսանողներ էին):
Այս ժամանակներից անցել է շուրջ 14 տարի: Եվ Գուգլը վերածվել է անգին մի բրենդի: Այն սովորական վեբ փնտրման համակարգից վերաճել է ծառայությունների մի ամբողջ փաթեթ ներկայացնող գերհսկա ընկերության: Գուգլը վաղուց արդեն միայն բրենդ չէ, այլ՝ հասկացություն (օրինակ Merriam-Webster Collegiate Dictionary-ում ավելացվել է «to google»` «գուգլել» բայը):
Ներկայումս Գուգլը տնօրինում է գրանցված ապրանքանշանների մի ամբողջ միջազգային պորտֆոլիո: Նրանն են Google.org, Google.net, Google.info, Google.biz… եւ մնացած բոլոր դոմենային տիրույթների «google»-ները, այդ թվում՝ գրեթե բոլոր ազգային «գուգլային դոմենները» (այդ թվում՝ Google.am-ը): 2006 թվականին մի էնտուզիաստ հավաքեց Գուգլի տնօրինած բոլոր դոմենների ցուցակը: Այն ժամանակ դրանք 520-ն էին:
Թվում է, թե այս գերհսկան դոմենների հետ կապված խնդիր պետք է, որ չունենար: Սակայն արի ու տես, որ մարդկային մտքի թռիչքը կարող է նույնիսկ Գուգլի նման հաջողված ընկերությանը տհաճ անակնկալներ մատուցել եւ ստիպել դիմելու Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) օգնությանը:
Գուգլը դոմենային վեճերը
«Գուգլանման» դոմենների հայտնվելուն Գուգլը արագ է արձագանքում եւ փորձում ետ բերել այն ամենն, ինչ գոնե մի քիչ հիշեցնում է վեցտառյա google-ը: Ինչպես Ֆեյսբուքի դեպքում էր, «գուգլ» հիշեցնող դոմենների մեծ մասը հաջողվում է «ետ բերել»:
Օրինակ, Googletg.com-ը, որը գրանցվել էր 2011-ի սկզբին, արդեն մայիս ամսին տրվեց Գուգլին: Այդ դոմենի վրա տեղակայված էր մի կայք, որը ոչ այլ ինչ էր, քան տարբեր ապրանքների և ծառայությունների վրա հղումներ (affiliation): ՄՍՀԿ-ում համաձայնվեցին, որ անվանումը տարբերվում է Գուգլի հիմնական դոմենից, բայց նրանք գտան նաեւ, որ ավելացված 2 տառը քիչ է, որպեսզի օգտատերերը չշփոթեն նման դոմենը «օրիգինալ» գուգլից, եւ «tg»-ն կարելի է շփոթել Տոգոյի ազգային դոմենային տիրույթի` .TG-ի հետ:
Googleonlinestorage.com դոմենի հնդիկ տերը ՄՍՀԿ-ում արդարանում էր, թե իր կայքը ստեղծելիս տեղյակ չի եղել Գուգլի կողմից իր ապրանքանիշի պահպանմանը և պաշտպանմանն ուղղված քաղաքականության մասին: Գրեթե մանկամիտ այս պնդմանն էլ հավելում էր, թե իր կայքում գրանցված են 25 հազար մարդ, եւ որ կայքի լոգոտիպը, կառուցվածքը, դիզայնը եւ հատկապես բովանդակությունը ոչ մի կերպ չեն հիշեցնում որոնողական գիգանտին: Այնուամենայնիվ, Գուգլը հաղթեց, քանի որ «ինչ ուզում ես արա, բայց մի՛ օգտագործիր մեր անունը»:
Googlepride.com դոմենի ադմինիստրատորը, հասկանալով, որ օրերից մի օր Գուգլի հետ խնդիրներ է ունենալու, սեփական նախաձեռնությամբ իր կայքի գլխավոր էջում մի հայտարարություն ավելացրեց այն մասին, որ կայքը ոչ մի կապ չունի մեծն որոնողական համակարգի հետ: Դա էլ չանցավ:
Google.by-ի պատմությունը ավելի պարզ է: Դոմենը գրանցել էին և վրան ուղղակի տեղադրել Գուգլի պատճենված դիզայնը: Դատարանը վճռեց չեղյալ ճանաչել copy-paste դոմենի գրանցումը, որի արդյունքում 2009-ին Գուգլը կարողացավ գրանցել նաեւ այդ դոմենը:
Ինչո՞ւ մեկ-մեկ, եթե ոչ՝ միանգամից
Մի քանի դոմենատերեր միանգամից զրկվեցին իրենց մի շարք «կլոնային» դոմեններից՝ Googlegear.com, Googlegear.net, Googlegear.org եւ Googlebuy.com, որոնք բոլորն էլ մատուցում էին ծրագրային ապահովման, համակարգիչների եւ հարակից սարքերի վաճառքի ծառայություններ:
Իսկ մի ավստրալական ընկերություն «մի զարկով» կորցրեց շուրջ 30 դոմենային անվանումներից՝ Auctiongoogler.com, Adgoogler.com եւ այլն:
Վերջապես, ներկայումս ՄՍՀԿ-ում քննարկման մեջ ընդհանուր առմամբ 14 դոմենները, այդ թվում՝ Google-bih.com, Google-crnagora.com, Google-hrvatska.com, Google-montenegro.com, Googlesrbija.com, Googlelike.com եւ այլն:
***
Այս ամենից եզրակացություն եւ խորհուրդ. Գուգլի հետ կատակ անել չի կարելի: Եվ պետք չէ օգտագործել մեկ ուրիշի, առավել եւս՝ աչալուրջ Գուգլի անունը սեփական բիզնեսն առաջ տանելու համար:
Աղբյուրը. e-armenians.com
Կարդացեք նաև հեղինակային այլ հոդվածներ իմ անձնական բլոգում:
Մեր բլոգում Սամվել-ը գրել է 13 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ







{ 0 մեկնաբանություն… ավելացրու նորը }