Ինչպե՞ս գոհանալ Google Analytics-ի թվերից. Իմ անձնական փորձը

Հեղինակ՝ Ազատ  ·  17-01-2012 (Թարմացվել է՝ 17-01-12)

Բաժին՝ Գուգլ

գուգլ վերելք

Երբեմն ինձ թվում է, թե Google Analytics-ը ոչ թե անշունչ գործիք է, այլ՝ խելամիտ գործակալ: Մի օգնական-ընկեր, ով պատրաստ է ձեր կայքը հետազոտել, կատարել տարբեր հաշվարկներ, վերլուծել բոլոր տվյալները, անգամ՝ մտածել ու որոշումներ կայացնել և ներկայացնել բազմաթիվ օգտակար տվյալներ՝ թվեր, կորեր ու դիտարժան գրաֆիկներ:

Երբ մի բան սխալ ես անում՝ Google Analytics-ը «խոժոռված» քեզ է ներկայացնում «տխուր» տվյալներ: Սակայն, նույն այդ «գորշ» թվերը քեզ կարող են օգնել, որպեսզի կատարես շտկումներ ու արժանանաս գոհացնող ու «ժպտացող» ցուցանիշների, որը կվկայի, որ քեզ ընթերցում են ու քեզ հավանում են:

Ես ձեզ հետ կկիսվեմ իմ պատկերացումներով ու փորձով: Ինձ չեմ համարում SEO-գիտակ, սակայն հասել եմ ակներև արդյունքների: Խոսքս իմ վարորդական կայքի մասին իմ գործակալի՝ Google Analytics-ի ներկայացրած տվյալների ու դրանք մեկնաբանելու մասին է:

Հուսով եմ, որ այս բլոգում իմ երկրորդ գրառումը կհետաքրքրի ձեզանից շատերին:

Մի քիչ անվճար գործակալիս մասին. Google Analytics

google-analyticsԵս հարգում ու հաշվի եմ նստում իմ անվճար ու անշահախնդիր օգնականի՝ Google Analytics-ի ներկայացրած տվյալների հետ: Իսկ դրանք շատ են ու մեկը մյուսից օգտակար:

Մի կողմից Գուգլն ունի իր պահանջմունքները, մյուս կողմից՝ դրանք բավարարելուն օգնող Google Analytics, որի ներկայացրած տվյալները քեզ հուշում են, թե ինչպես են այցելուներն իրենց դրսևորում քո կայքում:

Ինքներդ ինձանից ոչ պակաս գիտեք, թե ինչ տվյալների մասին է խոսքը: Ես չեմ պատրաստվում դրանք բոլորը թվարկել, քանի որ Google-ը հաշվարկներ է կատարում մի քանի հազար (միգուցե մի քանի տասնյակ հազար) փոփոխականների հիման վրա, բայց կներկայացնեմ դրանցից մի քանիսը, որոնք, ըստ իս, մեծ կշիռ ունեն այդ հաշվարկներում:

  • Bounce Rate, որը ներկայացնում է կայքն այցելած ու առաջին իսկ էջից հետո այն լքած մարդկանց տոկոսը:
  • Նոր ու վերադարձող այցելուների հարաբերակցություն (New vs Returning), որն ինքս խիստ կարևորում եմ որպես կայքի վերելքի առանցքային ցուցանիշներից մեկը:
  • Այցելուների՝ կայքի սահմաններում մնալու միջին տևողություն (Average Time on Site), որն ուղղակիորեն ներկայացնում է, թե ինչ չափով է հաջողվում այցելուներին պահել կայքի սահմաններում: Ավելին, Google Analytics–ը թույլ է տալիս տեսնել առանձին էջերի սահմաններում մարդկանց մնալու միջին տևողությունը (Average Time on Page), որը հնարավորություն է տալիս հասկանալ ու տարբերակել մարդկանց պահելու իմաստով «հաջող» ու «անհաջող» էջերը:
  • Մեկ սեսիայի ընթացքում դիտված էջերի միջին քանակ (Pageviews)՝ նախորդին լրացնող ցուցանիշ:

Երևի այսքանով սահմանափակվեմ, առավել ևս, որ ամեն անգամ Google Analytics-ում մի նոր հնարավորություն է «ծլում»: Օրինակ, վերջերս հայտնաբերեցի այցելուների շարժի (Visitors Flow) գրաֆիկական ներկայացման մի խիստ հետաքրքիր դրույթ, որն ակնառու կերպով ցուցադրում է ըստ երկրների կայքում այցելուների պահվածքը կամ վարմունքը (որ մասը որ էջից որ էջն է տեղափոխվել և այլն):

Այսքանը վերհիշելուց հետո, թույլ տվեք ներկայացնել իմ տեսակետը:

Ինչպե՞ս ապահովել Google Analytics-ի ցանկալի տվյալներ

google-analyticsԳուգլը մշտապես գտնվում է որոնումների մեջ. ինչպե՞ս կարելի է բարելավել որոնման էջի ձևայնացման արդյունավետությունը: Այլ կերպ ասած, ինչպե՞ս ներկայացնել գուգլ-փնտրման արդյունքները, որպեսզի մեր հարցմանն առավել համապատասխան կայքերը հայտվեն վերին դիրքերում:

Իսկ ինչպե՞ս հայտնվել Գուգլ-որոնման բարձր հորիզոնականներում:

Այս հարցի պատասխանը շատ պարզ է, որի մասին բազմիցս գրել է Արթուրը (օրինակ՝ ցածր Bounce Rate-ի ուղիների մասին հոդվածում):

Գրեք մարդկանց համար և գրեք հետաքրքիր թեմաներով: Տվեք մարդկանց այն, ինչ նրանք փնտրում են, այլ ոչ թե այն, ինչ դուք համարում եք արդյունավետ կամ ցանկալի:

Ուզո՞ւմ եք, որ Ձեր փեթակում շատ մեղու լինի, ուրեմն փեթակը հարմարավետ դարձրեք, այլ ոչ թե ընկեք ամեն մեղվի հետևից ու «համոզեք» նրան, որ նա Ձեր փեթակը գա:

Ինքս կարծում եմ, որ, եթե սպառողի վարքագիծը փաստում է, որ Ձեր նյութը հետաքրքիր է, ապա Գուգլին ոչինչ չի մնում անելու, քան այն համարելու նպատակահարմար:

Ի միջի այլոց, Գուգլը բավական «մեծահոգի» է նոր կայքերի նկատմամբ: Նա օրվա տարբեր ժամերին, կարճ տևողությամբ կարող է համացանցում նոր հայտնված կայքը ներկայացնել առաջին կամ երկրորդ էջերում, որպեսզի այցելուներին հնարավորություն տա դիտելու այն, ու նրանց վարքագծի հիման վրա գնահատի Ձեր կայքի արդյունավետությունը:

Իմ անձնական փորձը. varord.am

վարորդՀարգելի ընթերցողներ, համաձայնվեք, որ այս թեման շատ ծավալուն է:

Ես փորձեցի ընդհանուր գծերով ներկայացնել իմ դիտարկումներն ու եզրահանգումները: Հնարավոր է դրանք ձեզ չբավարարեն, կամ դուք դրանք համարեք ոչ հավաստի: Դա ձեր իրավունքն է: Միգուցե ես սխալվում եմ…

ՍԱԿԱՅՆ:

Իմ կայքը որոշ հարցումներով զբաղեցնում է Գուգլի փնտրման արդյունքների առաջին դիրքերը:

Օրինակ՝ «վարորդական իրավունքի քննություններ» հարցմամբ varord.am-ը զբաղեցնում է առաջին էջի 2-րդ, 3-րդ ու 4-րդ դիրքերը, իսկ «վարորդական իրավունքի թեստեր»-ով՝ 1-ից 4-րդ դիրքերը:

Ձեզ չձանձրացնելու համար այս ցանկը չեմ շարունակի: Պարզապես ավելացնեմ, որ ինքս կայքը հաճախակի չեմ թարմացնում (առկա բաժիններով դրա կարիքը չկա):

Ահա և վերևում թվարկված ցուցանիշները varord.am կայքի համար:

  • Bounce Rate` 16-19%
  • New Visitors` 23-26%
  • Այցելուի կայքում մնալու միջին տևողությունը` 22-30 րոպե
  • Մեկ սեսիայի ընթացքում դիտված էջերի միջին քանակը` 16-20
  • Այցելուների միջին աճը մեկ ամսվա կտրվածքով` 25-30% (համադրեք այս ցուցանիշը New Visitors–ի հետ, քանի որ ցանկալի է, որ այս ցուցանիշը ավելի մեծ լինի)

Վերջնական դատողությունները թողնում եմ Ձեզ:

Վերջում կցանկանայի ավելացնել, որ SEO-ի մասով ես առանձնապես ոչինչ չեմ արել, եթե հաշվի չառնենք H1, H2 թեգերի ճիշտ կառուցումը, հղումների ճիշտ ձևայնացումը և Discription-ները: Պարզապես ես մարդկանց տվել եմ այն, ինչ նրանք ուզում են (ի դեպ մեկ անհաջող փորձից հետո, երբ փորձում էի ընթերցողին մատուցել այն, ինչ միգուցե շատ կարևոր էր, սակայն այդ պահին ոչ շատ պահանջված):

Այսքանը:

Խիստ ցանկալի կլիներ լսել ձեր կարծիքն ու փորձը, թե՝ ինչի՞ց սկսել, որպեսզի Գուգլը մեզ էլ այցելուներ ուղարկի ու ի՞նչ քայլեր ձեռնարկել, որպեսզի Գուգլը բարձր գնահատի մեր կայքի որակը:

Հեղինակի մասին
Ձեզ եմ ներկայացնում Վարորդ.am կայքը, որտեղ կգտնեք վարորդական իրավունքի որակավորման տեսական քննության հարցաշարերը` պատասխաններով և մեկնաբանություններով, տեսական քննության տիպային թեսթեր և վերջիններիս հետ կապված անհրաժեշտ իրավական բազան:
Մեր բլոգում -ը գրել է 3 հոդված:
ֆեյսբուք 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

{ 8 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }

Արթուր Հունվար 17, 2012, 1:25 AM-ին

Ազատ ջան, մինչեւ մեկնումեկն իր կարծիքը կհայտնի, շտապում եմ շնորհակալություն հայտնել այս հոդվածի համար, այն իրոք շատ օգտակար է:

Միայն մեկ դիտարկում.

SEO-ի մասով ես առանձնապես ոչինչ չեմ արել…

Իրականում, դու արել ես ամենակարեւոր կետերը, որոնք համադրվելով մարդկանց հետաքրքրող թեմաների հետ տվել են իրենց արդյունքը:

Պատասխանել

Մարինե Հունվար 17, 2012, 1:49 PM-ին

Իսկ կարո՞ղ եք մատնանշել, թե դուք ինչպես եք իմացել, թե ձեր կայքի այցելուներին ինչ թեմաներ են հուզում կամ հետաքրքրում: Շնորհակալություն բովանդակալից հոդվածի համար:

Պատասխանել

Ազատ Հունվար 17, 2012, 2:27 PM-ին

Կարծում եմ Ձեր հարցի ամբողջական պատասխանը կարող եք ստանալ, եթե այցելեք կայքը:
Իսկ եթե ավելի ընդհանրական, լավ գաղափարները սկսվում են պահանջարկից:
Անգամ Գուգլի միլիարդները սկսվել են պարզ գաղափարից: Երբ նրա ստեղծողները ինչ որ բան էին փնտրում ինտերնետում, հասկացան, որ փնտրման այդ պահին առկա ալգորիթմները չեն բավարարում իրենց պահանջներին: Իսկ հետո մտածեցին, որ աշխարհում շատ մարդիկ կան, որոնց ևս չի բավարարում այդ իրավիճակը ու սկսեցին մշակել խնդրի լուծման իրենց մեթոդը:

Պատասխանել

Էդգար Մարուքյան Հունվար 17, 2012, 5:41 PM-ին

Հարգելի Ազատ, շնորհակալություն հոդվածի համար:

Եթե դեռ կայքով զբաղվում եք, մի քանի խորհուրդ կտամ, որոնք կբարելավեն կայքի հարմարավետությունը:

1. վերևի հատվածի varord.am լոգոն պետք է հղում լինի, որ միանգամից տանի դեպի առաջին էջ:

2, մուկը մենյուի հղումների վրա պահելիս պետք է ձեռք դառնա որպես հղումի խորհրդանիշ:

3. առաջին էջում գրանցման պատուհան կա, բայց որևէ բացատրություն չկա, թե ինչու է անհրաժեշտ գրանցվել կայքում: Եթե մի փոքր տեքստ գրեք, միգուցե ավելի շատ մարդ գրանցվի:

4. ներքին էջերի մեջի «դեպի վեր» սլաքը տանում է դեպի առաջին էջ, ոչ թե դեպի էջի վերևի հատվածը:

Առաջին հայացքից այսքանը: Հուսով եմ օգտակար կլինի:

Պատասխանել

Ազատ Հունվար 17, 2012, 10:28 PM-ին

Շնորհակալություն դիտողությունների համար, միայն թե չգտա որտեղ է «դեպի վեր» սլաքը տանում է դեպի առաջին էջ: Եթե դժվար չի, նշեք էջերը, խնդրում եմ:

Պատասխանել

Էդգար Մարուքյան Հունվար 17, 2012, 10:57 PM-ին
Արթուր Հունվար 18, 2012, 12:07 AM-ին

Ազատ ջան, պարզապես դիր ամբողջական հղումը:

Ոչ թե a href=”#b”
այլ a href=”http://page_full_link/#b”

Պատասխանել

Ազատ Հունվար 18, 2012, 8:50 AM-ին

Շնորհակալություն:

Պատասխանել

Չմոռանաք գրել ձեր կարծիքը

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.