Գուգլ հետազոտման 6 կարեւոր հմտություններ

Հեղինակ՝ Artur  ·  08-03-2011 (Թարմացվել է՝ 05-05-11)

Բաժին՝ Գուգլ

գուգլ որոնում

Ավելի քան 3 տարի առաջ, երբ նոր-նոր էր ստեղծվել այս բլոգ-ցանցակայքը, ես մի հոդված էի տեղադրել այն մասին, թե ինչպես է կարելի գուգլում որոշակի հարցումներով որեւէ  կայքի համար ստանալ SEO-նշանակություն ունեցող կարեւոր տեղեկություններ։

Վերոնշյալ հրապարակումը մնացել է բլոգի «խորքերում», ուստի այս հոդվածով կթարմացնեմ գուգլ հարցման կարեւոր հմտությունները եւ կանգ կառնեմ դրանցից առավել կարեւոր 6-ի վրա (իրականում դրանք ավելի շատ են)։ Նման «հատուկ հարցումներով» գուգլը կտրամադրի Ձեր կամ Ձեր մրցակից ցանցակայքերի վերաբերյալ հետաքրքիր եւ օգտակար տեղեկատվություն, որն, իր հերթին, կարելի է օգտագործել՝ նախագծելու կայքի վարկանիշի բարձրացմանն ուղղված քայլերը կամ որոշակի փոփոխություններ կատարելու ընթացիկ աշխատանքներում։

Գուգլ հետազոտում Site:

Գուգլի որոնման դաշտում մուտքագրեք site:example.org*

Այս մեթոդով գուգլ որոնման արդյունքները սահմանափակվում են նշած կայքի սահմաններում եւ ներկայացվում են  միայն տվյալ կայքի բոլոր ինդեքսավորված էջերը։

Մեթոդը թույլ է տալիս հետեւել գուգլի կողմից Ձեր կայքի էջերի ինդեքսավորման ընթացքին. Ձեր կայքի ընդհանուր էջերից քանի՞սն են ինդեքսավորված, արդյոք կա՞ն կրկնվող բովանդակությամբ էջեր եւ այլն։ Այս եւ նման հարցերի պատասխաններին տեղեկանալը կարեւոր է՝ պատկերացում կազմելու գուգլում Ձեր կայքի «ներկայացվածության աստիճանի» վեաբերյալ, հայտնաբերելու հնարավոր թերությունները եւ կատարելու համապատասխան շտկումներ։

Ավելին, հարցման  մեջ կարելի է ավելացնել որեւէ բանալի բառ (կամ արտահայտություն) եւ դիտել որոնման արդյունքները՝ միայն նշված կայքի սահմաններում ըստ տրված բառերի։

Գործնական օրինակ

Գուգլ հետազոտում Cache:

Գուգլի որոնման դաշտում մուտքագրեք cache:example.org

Այս մեթոդով ներկայացվում են մուտքագրված դոմեյնի կամ կայքի քեշավորված էջերը եւ ամսաթվերը։

Մեթոդը թույլ է տալիս պարզելու, թե ժամանակային ի՞նչ հաճախականությամբ է գուգլբոտը «այցելում» Ձեր դոմեյնի տարածքը։ Իհարկե, ցանկալի է, որպեսզի գուգլը շաբաթական գոնե 1-2 անգամ Ձեր կայքի վերաբերյալ իր տվյալները թարմացնի (էլ չեմ ասում՝ ամենօրյա թարմացման մասին)։

Եթե նման հարցմամբ պարզվում է, որ կայքի վերջին քեշավորման ժամկետը շատ է «հեռացած» այսօրվա ամսաթվից, ապա սա կարելի է որակել որպես ահազանգ եւ պարզել, թե ինչո՞ւ է գուգլը «քիչ ուշադրության արժանացրել» Ձեր կայքը։ Պատճառները կարող են լինել տարբեր, օրինակ՝ կայքի բովանդակության ոչ հաճախակի թարմացումները, սակավաթիվ այցելուներ (տրաֆիկ) ունենալը կամ էլ գուգլի «սեւ ցուցակում» հայտնվելը։

Գործնական օրինակ

Գուգլ հետազոտում Related:

Գուգլի որոնման դաշտում մուտքագրեք related:example.org

Նման հարցմամբ ստացվում են մոտավոր արդյունքներ այն մասին, թե թեմատիկ ի՞նչ կայքերի հետ է կապված կամ փոխկապված Ձեր կայքը։  Այն օգտակար է՝ գտնելու Ձեր կայքի համար կարեւոր ցանցեր, հեղինակավոր եւ տրամաբանորեն կամ հղումների միջոցով փոխկապակցված ինտերնետային հանգույցներ։

Գործնական օրինակ

Գուգլ հետազոտում Allintitle:

Գուգլի որոնման դաշտում մուտքագրեք allintitle:keyword**

Նման հարցմամբ գուգլը ցուցադրում է այն էջերը, որոնց TITLE թեգը (վերնագիր) պարունակում է տվյալ բանալի բառը կամ բառակապակցությունը։

Հարցումը ոչ միայն հետաքրքիր է, այլեւ խիստ օգտակար՝ համացանցում հայտնաբերելու, առանձնացնելու եւ հետազոտելու ընտրված բանալի բառերի առկայությունը այլ կաքէջերի վերնագրերում (հատկապես մի քանի բառերից կազմված արտահայտութունների դեպքում)։ Այն թույլ է տալիս հասկանալու եւ ընտրելու առանձին հոդվածների, հետեւաբար՝ կայքի առանձին էջերի համար ամենահարմար վերնագրերը։

Գործնական օրինակ

Գուգլ հետազոտում Allinanchor:

Գուգլի որոնման դաշտում մուտքագրեք allinanchor:keyword

Հարցման էությունը նույնն է, ինչ նախորդը, սակայն, ի տարբերություն վերնագրի, այս դեպքում գուգլը ցուցադրում է այն կայքէջերը, որոնց տեքստային հղումների տեքստում հայտնաբերվել է մուտքագրված բառը։  Սա կարեւոր է համացանցում հայտնաբերելու եւ դիտարկելու բոլոր այն կայքէջերը, որոնք իրենց տեքստային հղումներում օգտագործում են Ձեր տեքստային հղումներում առկա բառերը կամ արտահայտություները։ Բլոգի առանձին հոդվածում ներկայացվել է տեսքստային հղումների (anchor text) նշանակությունը՝ որպես էջում ներկայացված բանալի բառերի համապատասխանացման կարեւոր բաղադրիչ։

Գործնական օրինակ

Գուգլ հետազոտում Allinurl:

Գուգլի որոնման դաշտում մուտքագրեք allinurl:keyword

Վերջապես, այս հարցմամբ գուգլը ցուցադրում է այն էջերը, որոնց հղումը (URL) պարունակում է տվյալ բանալի բառը կամ բառակապակցությունը։ Նման հետազոտությունը օգտակար կլինի նրանց, ովքեր իրականացնում են  հղումների համապատախանեցում։

Գործնական օրինակ

—-

* Այս եւ մյուս տեղերում example.org -ը փոխարինեք Ձեր կայքի դոմեյն հասցեով։ Թույլ տվեք հիշեցնել, որ www-ով եւ առանց www-ի կարող են ստացվել տարբեր արդյունքներ։
** Այս եւ մյուս տեղերում keyword-ը փոխարինեք Ձեր որոնելի բանալի բառով։

Աղբյուրը. e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում -ը գրել է 583 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

{ 0 մեկնաբանություն… ավելացրու նորը }

Չմոռանաք գրել ձեր կարծիքը

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.