
Հանրահայտ Ինտել կորպորոցիան երկու օր առաջ հայտարարել է, որ իր կողմից վերջերս ստեղծված աշխարհում առաջին եւ իր մեջ լազեր պարունակող կրեմնիում (սիլիկոն)-օպտիկական միացությունը թույլ է տալիս էլեկտրոնային տվյալները փոխանցել 1 վայրկյանում 50 գիգաբայթ արագությամբ։
Նորագույն այս տեխնոլոգիան հանդիսանում է Ինտելի՝ լարերը օպտիկական միացություններով փոխարինելու պրպտումների արդյունքը։ Նոր մոտեցմամբ տվյալների փոխանցման գործընթացում էլեկտրոնների փոխարեն կօգտագործվեն ֆոտոններ, որի շնորհիվ, ի տարբերություն պղնձե լարերի (որոնք ներկայումս հանդիսանում են համակարգիչներն իրար կապող եւ ցանց ստեղծող հիմնական միջոցները), ազդանշանը հնարավոր կլինի փոխանցել ավելի երկար տարածությունների վրա, ինչպես նաեւ էապես կաճի տվյալների փոխանցման արագությունը։
Նորաստեղծ չիպի փոխարկիչը կազմված է 4 լազերներից՝ յուրաքանչյուրը 12.5 գիգաբայթ/վրկ. փոխանցող թողունակությամբ։ Տարանջատված ֆոտոնային 4 հոսքերը կուղղորդվեն դեպի ֆոտոընդունիչ, որտեղ էլ ֆոտոնային ազդակները կփոխարկվեն էլեկտրոազդակների։
Լաբորատոր փորձարկումներով պարզվել է, որ այսպիսի համակարգը բավականին կայուն է. շուրջ 27-ժամյա անընդմեջ աշխատանքով որեւէ թերություն չի հայտնաբերվել (այս ժամանակահատվածում հնարավոր կլիներ տեղափոխել մինչեւ պետաբիտ չափսի էլեկտրոնային տվյալներ)։
Հիշեցնենք, որ այս նոր տեխնոլոգիան տարբերվում է դարձյալ Ինտելի Light Peak-ից, որը մատչելի կդառնա մոտ ապագայում եւ կապահովի տվյալների փոխանակման 10 գիգաբայթ/վրկ արագություն։ Ակնկալվում է, որ Light Peak-ը կփոխարինի ներկայումս լայն կիրառություն ստացած USB-ներին։
Աղբյուրը. e-armenians.com
Հոդվածը շարադրելիս օգտագործվել է Ինտելի պաշտոնական մամլո հաղորդագրությունը։



Կարծիքներ եւ մեկնաբանություններ
Այս գրառմանը դեռ որեւէ մեկը չի մեկնաբանել: Դարձե՛ք առաջինը: