
Վերջին ամսվա ընթացքում ինտերնետ էքսպլորերը (IE) մնացել է ամենահանրաճանաչ բրաուզերը։ Ավելին, մայիս ամսվա ընթացքում ԱՄՆ-ում աճել է IE-ից oգտվողների թիվը, եւ սրա հաշվին չնչին չափով (0 .66%) բարելավել համաշխարհային շուկայում իր առաջատար դիրքը, իսկ Internet Explorer 8-ը դարձել է թիվ 1 բրաուզերը եւ Google Chrome-ից առաջ անցել ավելի քան 3 անգամ։
Եթե դիտարկենք յուրաքանչյուր բրաուզերի համաշխարհային օգտագործման չափաբաժինները, ապա էքսպլորերների ընտանիքից միայն IE-8-ին բաժին է ընկնում ընդհանուր շուկայի 25.84 տոկոսը։ Հետաքրքիր է, որ IE-ի նոր տարբերակների կողքին մարդիկ շարունակում են օգտվել նախորդներից, եւ էքսպլորեր-6-ը 17.17 տոկոսով շարունակում է գրավել երկրորդ տեղը։ Երրորդ հորիզոնականում է Ֆայրֆոքս 3.6-ը՝ 11.79 տոկոսով, իսկ չորրորդ տեղում՝ դարձյալ էքսպլորերը, իր 7-րդ թողարկմամբ։
Եթե միաձուլենք ինտերնետ էքսպլորերի բոլոր 3 տարատեսակները, ապա միասնական չափաբաժինը կազմում է 60.32 տոկոս։ Գուգլ-ի Քրոմ-ը, թեեւ վերջին ամսվա ընթացքում ունեցել է 0.2 տոկոսանոց աճ, մնում է համեստ 8-րդ հորիզոնականում։ Ավելին, Internet Explorer 8-ը համարվում է նաեւ ամենաանվտանգ վեբ-բրաուզերը՝ տարատեսակ վնասակար ծրագրերի (malware) հարձակումներից պաշտպանվելու ունակությամբ։
Եզրակացությունը մեկն է՝ էքսպլորերը կայուն կերպով շարունակում է պահել իր մենաշնորհային դիրքը վեբ-բրաուզերների համաշխարհային շուկայում եւ բնավ չի պատրաստվում իր տեղը զիջել մյուսներին ու «դանդաղորեն մահանալ»։
Աղբյուրը. e-armenians.com
Հոդվածը պատրաստելիս օգտագործվել են PCWorld-ի նյութերը։



Իրոք զարմանալ կարելի է, ինչքան ընկեր-ծանոթ ունեմ, ես էլ հետները, FireFox ենք օգտագործում, ու ամենամեծ թերությունը որ մենք նկատել ենք Internet Explorer-ում, դա անկայուն ու դանդաղ աշխատելն է, փորձես մի քանի էջ tab-երով բացել, կկախի հաստատ: Internet Explorer 6-ը էլի ինչ որ մի տեղ կայուն էր, բայց tab-երի հնարավորություն չկար: Իսկ 7-ը, առավել եւս 8-ը կայուն չեն: Ճիշտն ասած, զարմանում եմ, որ աշխարհում 10-ից 6-ը դեռեւս կառչած են մնում Microsoft-ի բրաուզերից...