
Ինտերնետի միջոցով գումար վաստակելու տարբեր մեթոդներ կան։ Օրեկան հարյուրավոր «անկապ» հղումներ սեղմելով մի քանի ցենտ շահելը բնավ առցանց գործարարություն չէ, այլ՝ ժամանակի անիմաստ վատնում (ինքս տեղյակ եմ, որ կան մարդիկ, ովքեր փորձում են «օդից փող բերել» «բուքս»-ային եւ նմանատիպ այլ կայքերի միջոցով)։ Ինտերնետ գործարարությունն իրականում պահանջում է շուկայագիտության հիմնական սկզբունքների պահպանում։ Այն ե՛ւ աշխատանք է, ե՛ւ արվեստ: Անկախ այն հանգամանքից, թե կայքը գովազդ է ցուցադրում կամ որպես միջնորդ-գործընկեր (affiliate) երրորդ կողմի կամ իր իսկ սեփական ապրանքներն ու ծառայություններն է վաճառում, միեւնույն է, հաջող գործարարությունը պահանջում է խելամիտ հաշվարկներ, շուկայի ուսումնասիրություն եւ վերլուծություն, գործընթացների ճկուն կառավարում եւ, ըստ անհրաժեշտության, համարժեք շտկումներ։
Այնուամենայնիվ, եկեք համաձայնվենք, որ հաջողությունը (ցավոք, նաեւ՝ տապալումը) սկսվում է ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԻՑ։ Առանձին հոդվածում մեր е-Բլոգերներից մեկն արդեն անդրադարձել է կայքի, եւ, ընդհանուր առմամբ, որեւէ նոր գործի նախագծման կարեւորությանը։ Ավելացնենք միայն, որ, ինտերնետային նոր բիզնես նախաձեռնելուց եւ այն գովազդելուց առաջ, առավել եւս, եթե վերջնական նպատակը կայքը կայուն եկամտի աղբյուր դարձնելն է, առաջին քայլը «թիրախ-շուկայի» ճիշտ սահմանումն է։ Ըստ որում, խոսքը ոչ միայն առցանց գործարարության ոլորտի մասին է (մրցակիցներ եւ այլն), այլեւ մարդկանց՝ հնարավոր եւ ապագա հաճախորդների։ Մինչեւ մարդկանց կայքի միջոցով որեւէ մի ապրանք կամ ծառայություն առաջարկելը պետք է հասկանալ նրանց կարիքները, բացահայտել շուկայում առկա «բացերը» եւ սահմանել այդ «բացերը» լրացնելու առաջնահերթությունները։ Հավատացեք, որ սա ոչ միայն առցանց, այլ՝ ընդհանրապես, ցանկացած ոլորտի եւ բնույթի հաջող գործարարության գրավականն է (այլապես, կստացվի, որ մենք առաջարկում ենք հաճախորդին բնավ չհետաքրքրող ինչ-որ մի բան)։
«Թիրախ-շուկայի» ճիշտ ընտրության եւ հաջող գործարարություն ծավալելու համար առաջարկում եմ խորհել ստորեւ բերված կետերի շուրջ։ Բնական է, որ ինքս չեմ փորձի (եւ չեմ էլ կարողանա) պատասխանել մեր հարգարժան ընթերցողի բոլոր հարցերին։ Ավելին, այս հոդվածի նպատակն ավելի շուտ հարցեր բարձրացնելն է, քան պատրաստի լուծումներ առաջարկելը։ Այս հարցերին պատասխաններ տվողը դուք եք, սակայն Ձեր պատասխանները պետք է լինեն ոչ հապշտապ, այլ՝ հիմնված իրավիճակի իրատեսական վերլուծության եւ դրանից բխող ճիշտ եզրահանգումների վրա։



Կարծիքներ եւ մեկնաբանություններ
Այս գրառմանը դեռ որեւէ մեկը չի մեկնաբանել: Դարձե՛ք առաջինը: