
Կրկնվող բովանդակությամբ (duplicate content) կայքէջերը կարող են բացասաբար ազդել գուգլի եւ մյուս հիմնական որոնման համակարգերի կողմից տվյալ կայքի վարկանիշավորման վրա. սա մեր ընթերցողի համար նորություն չէ, քանի որ այդ մասին խոսվել է գուգլ-չափորոշիչների վերաբերյալ հոդվածում։ Սակայն, ելնելով այն փաստից, որ ինտերնետն ընդհանուր առմամբ, այդ թվում՝ հայալեզու կայքերի մի ստվար մասը պարունակում են միօրինակ էջեր (հաճախ՝ տառացիորեն նույն տեքստով), կարծում եմ, տեղին է այս խնդրին անդրադառնալ առանձին հոդվածով։ Այն, որ բազմաթիվ կայքեր «ապրում են այլ կայքերի հաշվին» ու զբաղված են ծույլ աշակերտներին բնորոշ արտագրությամբ, ոչ մեկիս համար գաղտնիք չէ։ Երբեմն էլ, ավելի առաջ անցնելով, պարզ copy-paste «պարտականությունները» դրվում են ավտոմատ ծրագրերի վրա (ինքներդ կարող եք ինտերնետում հանդիպել որեւէ կայքի RSS-ները բլոգ-գրառումների վերածող վեբ-ծրագրեր)։ Սա կրկնվող բովանդակության ամենահաճախ հանդիպող տարբերակն է։ Բովանդակության կրկնման երկրորդ, ոչ պակաս վտանգավոր տարբերակն այն է, երբ նույն էջերը կրկնվում են նույն՝ մեկ կայքի սահմաններում։ Սա ավելի հաճախ կայքի ներքին հղումների սխալ կառուցվածքի արդյունք է (օրինակ՝ գուգլը մեկ կայքում «տեսնում է» ինչպես գրառման, այնպես էլ այդ գրառման պրինտ (printer-friendly) տարբերակները, կամ, իրականում տվյալ էջը մեկն է, սակայն կայքի տարբեր տեղամասերից նույն այդ էջին կարելի է հասցնել տարբեր URL հասցեներով)։ Նման իրավիճակները գուգլը գնահատում է որպես իր սահմանած չափորոշիչները խախտելու, իսկ վատագույն դեպքում, իրեն «կեղծելու» միջոց, ուստի եւ սկսում է տվյալ կայքին «ծուռ աչքով» նայել։
Ինչո՞ւ է կրկնվող բովանդակությունը դառնում խնդիր
Իրոք, ինչո՞ւ է գուգլը այսչափ լուրջ տեղ հատկացնում կրկնվող էջերի երեւույթին։ Սա ըմբռնելու համար, եկեք չմոռանանք, որ բոլոր որոնող համակարգերի առաջնային նպատակը իրենց այցելուներին որոնման հնարավորինս համարժեք արդյունքներով ապահովելն է։ Այլ կերպ ասած՝ իրենց այցելուների կարիքները բավարարելը. այլապես նրանք կհրաժարվեն տվյալ որոնման համակարգից եւ կօգտվեն մյուսից։ Հիմա, պատկերացրեք, որ գուգլում որոնում եք մի արտահայտություն եւ գտնում տառացիորեն նույն տեքստային բովանդակությունը պարունակող տասնյակ էջեր։ Մի կողմից ծանարաբեռնվում է գուգլի աշխատանքը (վերջինս ամեն անգամ փորձելու է որոնմամբ ստացված արդյունքները ֆիլտրել ու դասակարգել ըստ դրանց՝ որոնվող բառի համարժեքության, հայտնաբերված կայքէջերի վարկանիշի ու մեզ հայտնի ու անհայտ այլ գործոնների), մյուս կողմից էլ՝ տվյալ արտահայտությունը որոնող այցելուն է ընկնում դժվար կացության մեջ (առկա միօրինակ արդյունքներից ո՞ր մեկը բացել)։
Եկեք թողնենք գուգլի խնդիրներն իրեն ու խորհենք մեր կայքի վարկանիշի մասին։ Ինչքանո՞վ եք համոզված, որ նույնօրինակ բազմաթիվ էջերի ցանկից այցելուն կընտրի հենց Ձերը։ Գուգլը, բնականաբար, ամենաբարձր տողում ցուցադրելու է տվյալ բովանդակության բնօրինակ-կայքը (կարող ենք չկասկածել, որ տեխնիկական այդ հնարավորություննեով գուգլն օժտված է), եւ դրանից հետո միայն՝ «պատճենահանող» կայքերը։ Կա տեսակետ, թե գուգլը դժվար թե պատժի «արտագրող» կայքերը, սակայն արդյոք մեր խնդիրը պատժից խուսափելն է։ Թե՞ որոնող համակարգերում ու դրանց արդյունքների էջերում բարձր դիրք գրավելը։
Այս հանգամանքին պետք է ուշադրության դարձնեն նաեւ այն անձինք, ովքեր ունեն մի շարք կայքեր, եւ նույն տեքստային բովանդակությունը (ասենք՝ նորությունները) միաժամանակ տեղադրում են իրենց տնօրինած բոլոր կայքերում։



Օգտակար էր շատ, ապրես
Մի նկատառում էլ ես ունեմ, ու դա մտքումս ծագեց Ձեր հոդվածն ընթերցելիս: Երեւի թե պետք է ուշադիր լինել նաեւ կայքի բջջային/pda տարբերակների պահով: Հիմա տարբեր վեբկայքեր, որպես մոբայլ-վերսիա բացում են մի սուբդոմեյն (ասենք՝ site.am -ի համար՝ m.site.am կամ էլ mobile.site.am) կամ էլ այդ թեթեւ վերսիան տեղադրում կայքի առանձին մի ֆոլդերում (site.am/m/ կամ site.am/mobile), ու ստացվում է, որ նույն էջն ունենում է երկու տարբերակ՝ մի հատ նորմալ, բնական չափսով եւ երկրորդը՝ մոբայլ տարբերակը: Ու եթե մտահոգ են կրկնվող բովանդակության վերաբերյալ, ուրեմն պետք է մոբայլ տարբերակը թաքցնեն գուգլ-ից:
Ըստ իս լավագույն տարբերակն այստեղ rel=“nofollow”-ն է, երեւի կարելի է նաեւ գուգլի մուտքը դեպի մոբայլ տարբերակ փակել robot.txt-ի միջոցով: Հա, լավ հիշեցի, իսկ գուգլն ինչո՞ւ է դեմ robot-ներին, միգուցե պարզաբանեք: